«Չի կարելի հերքել, որ ռիսկայնություն կա այդ գործընթացում». Վարդան Ոսկանյան

Հարցազրույց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ

– Պարոն Ոսկանյան, օրերս Իրանի նախագահ Ռուհանին ողջունելով Թեհրանի և Անկարայի միջև պաշտպանական համագործակցության ակտիվացումը՝ հայտարարեց, որ Իրանը և Թուրքիան տարածաշրջանում կայունության սյուներն են: Ի՞նչ նկատի ուներ Իրանի նախագահը։

– Մենք գործ ունենք հետաքրքիր զարգացումների հետ մերձավորարևելյան տարածաշրջանում, հատկապես՝ կապված սիրիական հիմնախնդրի շուրջ ծավալվող իրադարձությունների և Իրաքի Քրդստանի տարածաշրջանի անկախության հանրաքվեի համատեքստի հետ։ Տարածաշրջանային երկու պետությունների դիրքորոշումները վերջին հիմնախնդրի կապակցությամբ գրեթե նույնական են, և այս համատեքստում Իրանը և Թուրքիան փաստացիորեն գրանցել են որոշակի մերձեցում։ Իրանցիների տեսանկյունից այդ մերձեցման մեջ չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ Իրանը փորձ է կատարում ունենալ ռազմական ոլորտում համագործակցություն։ Դա զգալիորեն Իրանի դիրքերն ամրապնդում է։

Բայց, իհարկե, կան մտավախություններ, և միանշանակ չէ թուրք-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարը։ Մտավախությունները հիմնականում կապված են այն հանգամանքի հետ, որ Թուրքիայի նախագահն անկանխատեսելի քաղաքականություն է վարում, և հեռանկարային լավատեսության հիմքեր առայժմ չկան, որովհետև ցանկացած պահի Թուրքիայի դիրքորոշումները կարող են փոխվել։ Այս իմաստով՝ իրանցիներն օգտագործում են իրենց ունեցած բոլոր հնարավորությունները։ Ինչ-որ առումով՝ Թուրքիան խնդիրներ ունի՝ կապված Արևմուտքի հետ հարաբերությունները փչացնելու հետ, նաև՝ Իրաքի Քրդստանի հետ լարված հարաբերությունների հետ։

Այս համատեքստում՝ թուրքական կողմն էլ Իրանի աջակցության կարիքն ունի։ Խոսքն առայժմ վերաբերում է միայն նշված հարցերի շուրջ գործակցությանը։ Լայն իմաստով՝ երկարաժամկետ գործակցության վերաբերյալ հենց իրանցիներն ունեն բազմաթիվ վերապահումներ, և դատելով իրանական արձագանքներից՝ չեմ հավատում, որ երկարաժամկետ կտրվածքով իրանաթուրքական գործակցություն կլինի՝ կապված Մերձավոր Արևելքում զանազան խնդիրների հետ։

Մի կարևոր հանգամանք էլ կա. շատ դեպքերում, հենց թեկուզ Իրաքի Քրդստանի հանրաքվեի պարագայում, կարծես թե իրանցիները Թուրքիային դրդում են զբաղեցնելու ավելի ծայրահեղ հայտարարությունների դաշտը, իսկ իրենք հանդես են գալիս ավելի չափավոր հայտարարություններով։

– Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին հայտարարեց, որ Քրդստանը երկրորդ Իսրայելն է լինելու տարածաշրջանում, եթե այդ անկախացման պայքարն իր տրամաբանական ավարտն ունենա, և, որ դա միանշանակորեն Ամերիկայի պրոյեկտն է։ Սա ի՞նչ էր նշանակում։

– Իրանական դիրքորոշումներն Իրաքի Քրդստանի հարցում հստակ են. իրանցիները համարում են, որ գործ ունեն մի պրոցեսի հետ, որտեղ որոշում կայացնողն իրականում քաղաքական վերնախավն է՝ ի դեմս Բարզանիների ընտանիքի, և այդ որոշումների հետևում կանգնած է Իսրայելի պետությունը, որը ձգտում է Իրանի սահմանների երկայնքով մեկ ստեղծել ևս մեկ հակաիրանական հենակետ։ Հետևաբար, իրանական կողմն իր ունեցած բոլոր հնարավորություններով պայքարելու է այդ գործընթացի դեմ։

Իրանցիներին ոչ այդքան անհանգստացնում է Իրանի ներսում բնակվող քրդերի վրա Իրաքի Քրդստանի տարածքում հնարավոր անկախ պետության ստեղծման ազդեցությունը, որքան իսրայելական ներկայությունն այդ տարածաշրջանում։

Մերձավոր Արևելքում Իրանն Իսրայելին համարում է իր առաջին կամ երկրորդ ախոյանը (Սաուդյան Արաբիայի և Իսրայելի դիրքերն այս իմաստով փոփոխվում են). և բնական է, որ իրանական դիրքորոշումը բավական խիստ է։

– Հայ-իրանական հարաբերությունների վրա Իրան-Թուրքիա մերձեցումն ի՞նչ ազդեցություն կունենա։

– Ինչ-որ առումով այդ մերձեցումը ռիսկեր պարունակում է մեզ համար, չի կարելի հերքել, որ ռիսկայնություն կա այդ գործընթացում, բայց քանի դեռ խոսքը չի վերաբերում լայնամասշտաբ համագործակցությանը, որը կընդգրկի երկու երկրների միջև եղած հարաբերությունների ավելի լայն սպեկտր, կարծում եմ, որ դեռևս նման եզրակացություն անելը վաղ է։ Կրկնեմ՝ Իրանը և Թուրքիան այս պահին գործակցում են հատկապես քրդական հիմնախնդիրը կառավարելու համատեքստում, և որոշ դեպքերում՝ Սիրիայի հետ կապված հարցերում։ Այլ խնդիրներ դեռևս երկու պետությունների ընդհանուր օրակարգում չկան կամ չեն քննարկվում, այսինքն՝ առկա բոլոր հակասությունները մնացել են։

– Մոսկվայում ԵՏՄ վերջին նիստի ժամանակ Դմիտրի Մեդվեդևը խոսելով ԵՏՄ-Իրան հարաբերությունների մասին՝ ասել է. «Իրանը մեզնից կստանա ամեն ինչ, սակայն չի տա ոչինչ»: Ըստ Ձեզ՝ այդ հայտարարությունն ի՞նչ նպատակով արվեց, Ռուսաստանն այս պահին շահագրգռվա՞ծ է, որ Իրանը մտնի ԵՏՄ, և արդյո՞ք Իրանին պետք է անդամակցությունը ԵՏՄ-ին։

– Անկեղծ ասած՝ չգիտեմ՝ ինչ է նկատի ունեցել Մեդվեդևը՝ նման հայտարարություն անելով։ Հավանաբար նման տիպի հայտարարությունների համար որոշակի բացասական ֆոն է ապահովում ռուս-իրանական գործակցությունը Սիրիայում, որովհետև իրականում Սիրիայում իրանցիները շարժվում են սեփական շահերի առաջնահերթություններով։ Չնայած՝ ռուսական կողմն ակտիվ մասնակցում է օդային հատվածում ռազմական գործողություններին, բայց ակնհայտ է, որ ցամաքում հաջողությունների առյուծի բաժինը հասնում է Իրանին։ Միգուցե նաև սրանով է պայմանավորված նման դիրքորոշումը։

Իրանը լրջորեն է տրամադրված ԵՏՄ-ի հետ համագործակցության ուղղությամբ, և ձգտում է այդ համագործակցությունն իրականացնել հատկապես Հայաստանի միջոցով՝ դիտարկելով Հայաստանը՝ որպես կարևոր երկիր, որը կկապի իրանական շուկան ԵՏՄ տարածքի շուկաների հետ։ Այս իմաստով՝ մեր և Իրանի հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն որևէ երրորդ երկրի հետ հարաբերություններով, և մեր սեփական տնտեսական ու քաղաքական օրակարգը պետք է առաջ տանենք։ Հայ-իրանական հարաբերությունների դրական ֆոնը չի փոփոխվել թե՛ թուրք-իրանական վերջին զարգացումների ֆոնին, թե՛ նաև նման հայտարարության ֆոնին։ Այսինքն՝ մենք պետք է շարունակենք, և կարծում եմ՝ շարունակում էլ ենք Իրանի հետ մեր օրակարգով առաջ շարժվել։

– Իսկ Իրան-ԵՄ կարգավորվող հարաբերությունների կոնտեքստում արդյո՞ք Իրանն այս պահին կնախընտրի ԵՏՄ-ի հետ համագործակցել։

– Իրանը վարում է բազմավեկտոր քաղաքականություն նաև տնտեսական հարթության մեջ, և երբեք «կամ-կամ»-ի սկզբունքով չի առաջնորդվում։ Այս իմաստով՝ իրանցիներն աշխատելու են թե՛ ԵՏՄ-ի, թե՛ ԵՄ-ի հետ, թե՛ չինական ուղղությունն է նրանց համար կարևոր, թե՛ Մերձավոր Արևելքում ունեցած հնարավորությունները, թե՛ Հարավային Կովկասում առկա կապերը։ Իսկ Հարավային Կովկասում ամենասերտ կապերը, բնական է, որ Հայաստանի հետ են։ Հարավային Կովկասում Իրանի միակ վստահելի գործընկերը քաղաքական հարթության մեջ, ակնհայտ է, որ ՀՀ-ն է։

Տեսանյութեր

Լրահոս