«Դա մարդկանց կմղի ապօրինի ծառահատումների». Արծվիկ Մինասյան

«Այս տարվա սեպտեմբերի 17-ին Երևան-Իջևան միջպետական ճանապարհը Տավուշի մարզի բնակիչները շուրջ 3.5 ժամ փակել էին և պահանջ էին ներկայացրել։ Խնդիրը վերաբերում էր անտառահատումներին։ Ինքս ներկա եմ եղել, ծանոթացել եմ խնդրին։ Շուրջ 3.5 ժամ միջպետական ճանապարհը փակելուն զուգահեռ՝ որևէ պետական գերատեսչության ներկայացուցիչ չներկայացավ»,- այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ ընդգծելով, որ դա երկրորդ նման դեպքն էր։

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ հարցը վերաբերում է ապօրինի անտառահատումներին․ «Դժգոհությունը և բողոքը նկատի առնելով՝ վարչապետի մոտ մի քանի անգամ կազմակերպվել է քննարկում։ Այն, ինչ օրինական հատումների տեսքով է, և ինչը սահմանված է թե՛ օրենսդրական ակտերով, թե՛ կառավարության որոշմամբ, գտնվում է կարգավորման նորմալ ընթացքում։ 10 հազար 8 հարյուր դրամը, որ ինքնապատրաստման գինն է՝ անտառից փայտ հանելու ժամանակ, իր մեջ ներառում է նաև ԱԱՀ-ն։ Դրա արժեքը 9 հազար դրամ է։ 4 հազար 9 հարյուր դրամը, ԱԱՀ-ով հանդերձ, վերաբերում է բացառապես «Դիլիջան» ազգային պարկի այն հատվածներին, որոնք ընդամենը որպես անտառում մնացած փայտ կարող են դուրս բերվել։ «Դիլիջան» ազգային պարկն անտառահատման որևէ նորմ չունի, քվոտա չկա այստեղ դրված։ Ինչ վերաբերում է ապօրինի հատումների վերաբերյալ մի շարք բողոքներին, ապա շահագրգիռ անձինք պետք է կանգնեն մեր կողքին, որպեսզի դրանց դեմ նորմալ պայքար գնա։ Այն մարդիկ, որոնք փորձում են օգտագործել այս առիթը և կազմակերպված ձևով մարդկանց հանում են փողոց, մարդկանց փորձում են մղել հակաօրինական գործողությունը նորմ դարձնելուն, մենք պետք է այդ մարդկանց դեմ պայքարենք»։

Նախարարը նշեց, որ զուգահեռաբար իրականացվում են բացատրական աշխատանքներ, «Դիլիջան» ազգային պարկում ուժեղացվել է հսկողությունը․ «Մենք ներկայումս բանակցությունների մեջ ենք դրամաշնորհային մի շարք ծրագրերի հետ, որպեսզի անտառամերձ համայնքներում սոցիալ-տնտեսական ծրագրերի միջոցով մեղմենք ճնշումն անտառների վրա»։

Վահե Էնֆիաջյանն էլ նշեց, որ իր ասածը վերաբերում է սահմանված կարգով թույլատրված անտառահատումներին․ «Գումարի հետ կապված կոնկրետ խոստումներ են տրվել, որ պետք է փոփոխություններ իրականացվեն։ Երկրորդ՝ մենք շատ լավ գիտենք, որ Տավուշի մարզն իր առանձնահատկությունն ունի՝ 185 կմ սահմանը պահող մարզ ունենք, որին պետք է առանձնահատուկ ուշադրությամբ վերաբերվենք։ Եվ ամենակարևորը՝ սա մի ընդունեք անձնավորված ձեր հասցեին, բայց շատ լավ հիշում եմ՝ սեպտեմբերի 17-ը կիրակի օր էր, այլ պաշտոնյա չկա՞ր, որ գար, տեղում կանգներ, խնդրին ծանոթանար ու մարդկանց պատասխաներ»։

Մինասյանն էլ հակադարձեց, որ այդ օրը և դրանից հետո կազմակերպված հանդիպումների ժամանակ ներկայացուցիչներ են եղել թե՛ Բնապահպանության նախարարությունից, թե՛ Գյուղատնտեսության նախարարությունից և թե՛ մարզային կառույցներից․ «Ինչ վերաբերում է գնի իջեցմանը, դա նշանակում է, որ մեր քաղաքացիներին սխալ ազդակ ենք հաղորդում, թե փայտի արժեքը շատ ցածր է, ինչը մարդկանց կմղի ապօրինի ծառահատումների»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031