Ընկերոջն օգնել էր աղջիկ փախցնել. հետախուզման մեջ գտնվողը հայտնաբերվել է հիվանդանոցում՝ դանակահարված
Լոռու մարզում անչափահաս աղջկա առևանգման համար հետախուզման մեջ գտնվողը դանակահարվել է:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել երեկ. երիտասարդը Ալավերդու հիվանդանոց է տեղափոխվել վնասվածքներով և հենց այդ ժամանակ էլ հայտնի է դարձել, որ նա սեպտեմբերի 11-ից հետախուզման մեջ է գտնվում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 7-ին Լոռու մարզի Օձուն գյուղի 23-ամյա բնակիչն ամուսնության նպատակով առևանգել է նույն գյուղի՝ այդ ժամանակ դեռևս անչափահաս մի աղջկա:
Երիտասարդին այդ հարցում օգնել են իր 3 ընկերները. աղջկան իրենց իսկ տան մոտից բռնությամբ նստեցրել են ավտոմեքենան և առևանգել: Ապա երիտասարդը հյուրանոց է տարել աղջկան, որտեղ փորձել է նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն աղջիկը դիմադրել է ու փախուստի դիմել՝ վնասելով երիտասարդի դեմքը:
Աղջկա առևանգման փաստով հարուցվել էր քրեական գործ, երիտասարդին և մյուսներին մեղադրանք էր առաջադրվել և երեքի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Իսկ աղջկա առևանգման գործին օգնած 4-րդ երիտասարդի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, սակայն, ինչպես արդեն հայտնի դարձավ, վերջինս հայտնաբերվել է հիվանդանոցում և նրա նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: