«Ղարաբաղյան բանակցությունների վտանգավոր անորոշությունը շարունակվում է»
Հարցազրույց Օքսֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, Ռուսաստանի և Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Նեյլ Մաքֆարլեյնի հետ
– Պարոն Մաքֆարլեյն, օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպեցին ԼՂ հակամարտության կողմերի ԱԳ նախարարների հետ, հանդիպման նպատակը, ի թիվս այլ հարցերի, նախագահական գագաթաժողովի կազմակերպումն էր: Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցված ելույթները, ԱԳ նախարարների մեկնաբանությունները, ինչպիսի՞ն է խոստանում լինել նախագահական նոր հանդիպումը:
– ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի երկարամյա անորոշությունը պահպանվում է, ես որևէ նոր գործընթաց և զարգացում չեմ տեսնում: ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնից ՀՀ նախագահը կարողացավ կառուցողականորեն ներկայացնել հայկական կողմի համար շահավետ ընկալվող հարցերը, դրանցում ևս որևէ նորություն չտեսա, իսկ Ադրբեջանի նախագահի ելույթում հուսահատ ելևէջներ նկատեցի. ադրբեջանական կողմն այլևս հույս չունի վերադարձնել որոշ տարածքներ և հույսեր է կապում խնդրի պատերազմական ելքի հետ, ինչն անցանկալի սցենար է ոչ միայն Հայաստանի, միջնորդների, այնպես էլ ինքնին Ադրբեջանի համար, ինչն ակնհայտ է, այդ պատճառով եմ նշում՝ հուսահատ:
Այս պայմաններում ես չեմ կարող որևէ դրական ելք կանխատեսել նախագահական հանդիպումից, այն կլինի հերթականը, այն կլինի այնպիսի արդյունքներով, ինչպիսիք նախորդներն էին: Այսինքն՝ ըստ էության, ապարդյուն: Հակամարտող երկրների նախագահների ելույթներից երևում է, որ կողմերը, ինչպես նախկինում, պատրաստ չեն փոխզիջումների, որի դեպքում միայն կարելի է ակնկալել հակամարտության փափուկ կարգավորում: Նախագահներից յուրաքանչյուրը խոսեց այն հարցերից, որոնք իրեն են պետք, բայց ոչ կարգավորման ընդհանուր փաթեթից: Բոլորի համար պարզ է, թե ինչ պետք է տեղի ունենա հակամարտության կարգավորման համար, սակայն դա ընդունելի չէ իրենց՝ կողմերի համար: Այս պարագայում որևէ դրական զարգացում կանխատեսելն անհնար է:
– Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսնակը հանդիպումից հետո նշել էր, թե Բաքուն հավանություն է տվել միջնորդների մի շարք առաջարկներին, չհստակեցնելով, թե որ առաջարկների մասին է խոսքը: Ըստ Ձեզ, խոսքը նոր առաջարկների մասի՞ն է:
– Չեմ կարծում, թե խոսքը նոր առաջարկներին է վերաբերում: Սեղանին գտնվող կարգավորման փաթեթը, ինչպես վերջին շրջանում ամերիկյան համանախագահներն են նաև բացահայտում, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային բոլոր փուլերում գրեթե նույնն է եղել. դրանց որոշ տարրեր հավանության են արժանացել Բաքվի, մի քանիսը՝ Երևանի կողմից: Հասկանում եք, չէ՝ խոսքը որ տարրերի մասին է՝ շրջանների հանձնում, Արցախի կարգավիճակ, կարգավիճա՞կ, թե՞ հանձնում: Բաքուն բանակցություն է համարում խոսակցությունը շրջանների վերադարձի շուրջ, ինչը հայկական կողմը չի բացառում, բայց որոշ առարկություններ ունի, որոնք վերաբերում են անվտանգության երաշխիքներին, Արցախի կարգավիճակին, իսկ Ադրբեջանը նման երաշխիքներ տալ չի ցանկանում, քանի որ կողմերի միջև վստահության մակարդակը չափազանց նվազել է, այն գոյություն չունի:
Այստեղ ի՞նչ բանակցություն կարող է լինել: Միջնորդներն իրենց հեղինակության պահպանման համար փորձում են պահպանել բանակցային գործընթացը, որը իրականում գոյություն չունի: Միջնորդները, իմ տպավորությամբ, իրավիճակ չեն կարողանում փոխել, բացի հանդիպումներ կազմակերպելուց:
– Այսինքն՝ այս նախարարական հանդիպումը ոչինչ չփոխեց բանակցային գործընթացում:
– Իհարկե ոչ: Նախագահական հանդիպումը ևս չի փոխելու: Սակայն շփումները շատ ավելի նախընտրելի են, թեկուզև՝ անարդյունք, քան դրանց բացակայությունը, որի դեպքում իրավիճակը սրվում է: Դրա վառ ապացույցն ապրիլյան պատերազմն էր:
– Արդյոք ներկայումս բանակցային գործընթացում ստեղծված անորոշությունն արտաքին պատճառներ չունի՞:
– Միգուցե ունի: Ստատուս-քվոն ձեռնտու է Ռուսաստանին, ինչպես և՝ Հայաստանին ու Ադրբեջանին: Այս երկրների իշխանությունները ստատուս-քվոն օգտագործում են՝ նաև որպես ներքին տրամադրությունները զսպելու գործիք: Ռուսաստանին անհրաժեշտ է ստատուս-քվոն տարածաշրջանային ազդեցության համար, իսկ Արևմուտքն այստեղ չունի լծակներ:
– Ավելին՝ ամերիկյան կողմը կարծես շատ ավելի պասիվ դիրքորոշում է ստանձնել: Ամեն դեպքում նման տպավորություն է ստեղծվում, քանի որ քննարկվում են կրճատումները Պետդեպարտամենտում, որոնցից անմասն չի մնալու ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկացի համանախագահի պաշտոնը: Սա ինչպե՞ս կանդրադառնա բանակցային գործընթացի վրա: Խոսվում է, որ այդ պասիվության և ռուս-թուրքական ակտիվության ֆոնին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Արևմուտքի և Հայաստանի համար անվերահսկելի գործընթացներ կսկսվեն:
– Կարծում եմ՝ ոչ մի կերպ: Ամերիկյան համանախագահ լինելու է, չէ՞:
– Այո:
– ԱՄՆ-ը իր բոլոր համանախագահների միջոցով ուղերձներ է փոխանցում հակամարտող կողմերին, վերջերս էլ հեռացող համանախագահ Հոգլանդը հրապարակեց նման մի ծրագիր: Սրանով ԱՄՆ-ը իր շահերն է ներկայացնում, բայց չի պատրաստվում առճակատվել Ռուսաստանի հետ, իսկ ՌԴ-ին կարգավորում անհրաժեշտ չէ: Ռուսաստանն առաջնորդվում է իր շահերով, այս պահին անակնկալները Մոսկվայի սրտով չեն, անակնկալները ԼՂ գոտում, պատերազմի տեսքով, ուստի կարծում եմ, որ Ռուսաստանը կփորձի պահել իր շփումները հակամարտող կողմերի հետ՝ վերահսկելով գործընթացը շատ մոտից, փորձելով և գոհացնել, և լծակներ կիրառել երկու երկրների նկատմամբ: Ռուսաստանը շարունակելու է իր երկակի խաղը՝ անկախ ԱՄՆ-ից, ռուս-թուրքական հարաբերություններից: Այնուամենայնիվ, իհարկե, սա վտանգավոր անորոշություն է:
– Ի՞նչ նկատի ունեք:
– Հակամարտության առկայության այս ողջ ընթացքում կողմերը զինվել են, միջադեպերը շատ ավելի վտանգավոր են դարձել, եղել են նույնիսկ բախումներ, կան ներքաղաքական գործոններ, վստահության մեխանիզմներ չեն ներդրվում, հակամարտող կողմերի միջև վստահություն գոյություն չունի, կողմերը կարգավորման գործընթացից սպասելիքներ ըստ էության չունեն: Դրանում կարելի էր համոզվել նախագահների ելույթներից: Սա վտանգավոր է, քանի որ ամեն դեպքում կա խնդիր, դա պետք է լուծել, չկան խաղաղ կարգավորման գործընթացից սպասելիքներ, միջնորդներն անզոր են կամ չհետաքրքրված, բայց գնվում է սպառազինություն, այն միանշանակ կկիրառվի, ինչպես ապրիլյան պատերազմի օրերին: Որքան հակամարտությունը չի կարգավորվում, այնքան այն ավելի անվերահսկելի ու տարերային է դառնում: Սա կպահպանվի դեռ երկար ժամանակ:
– Աշխարհում այս օրերին տեղի ունեցող անկախության հանրաքվեներն ինչպիսի՞ նախադեպ կարող են դառնալ Արցախի համար, ինչպե՞ս կարող են ազդել Ղարաբաղյան խնդրի վրա: Խոսքն Իրաքյան Քրդստանի և Կատալոնիայի մասին է: Ոմանք Հայաստանում ոգևորված են այս պրոցեսներով:
– Այդ բոլոր դեպքերը չափազանց տարբեր են, մեկը մյուսի համար նախադեպ դիտարկելը հիմարություն կլինի: Իմ կարծիքով, նման գործընթացները ոգևորում են Արցախում ապրող մարդկանց, հենց այդ պատճառով էլ Արցախն անմիջապես արձագանքում է ինքնորոշման իրավունքի իրացման այս փորձերին՝ հուսալով, որ այդ իրավունքի մասով դեպքը նախադեպային կլինի, սակայն ոչ, դեպքերը բոլորովին տարբեր են, Արցախի դեպքում հարցը շատ ավելի բարդ է, քանի որ հակամարտության կողմ է Ադրբեջանը, և այս հակամարտությունում կան նաև այլ կարևոր իրավունքներ, ինչպիսին տարածքային ամբողջականությունն է: Միտումներ եմ նկատում, որ ինքնորոշման իրավունքը գերակա է դառնում որոշ դեպքերում, թեև այս գործընթացները դեռ միանշանակ չեն ընդունվում աշխարհում: Այնուամենայնիվ, դրանք նախադեպ չեն Արցախի համար, որևէ ազդեցություն սպասել պետք չէ: