«Կան տարկետումներ, որոնք այդքան էլ հասկանալի չեն». Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ պաշտոնյաները պետք է հայտարարագրեն իրենց և իրենց հետ անմիջական կապ ունեցող անձանց զինվորական ծառայության վերաբերյալ տվյալները։
«Ես առաջ եմ տանելու այն միտքը, որ հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը դեպի ծառայության հարցերը, հաշի առնելով, որ մեր հասարակության համար դա գերազգայուն թեմա է, և քանի որ դա մեզ մոտ սոցիալական հավասարության և արդարության, իսկ հետագայում նաև՝ բանակի նկատմամբ վերաբերմունքի կարևորագույն ցուցիչ է, ցանկացած մարդ, ով հայտարարագրում է իր ունեցվածքը, պետք է նաև հայտարարագրի զինծառայության հետ իր և իր հետ անմիջական կապակցված անձանց փոխհարաբերությունները։ Այսինքն՝ ծառայել է, չի ծառայել, եթե ազատված է, տարկետում ունի, եթե ծառայել է, այս մեկն արդեն կամընտիր՝ առաջարկում եմ, որ իրավունք ունենան նշել, եթե ծառայել է մարտական հերթապահություն իրականցնող զորամասում։ Կարծում եմ՝ դա բավական է լինելու գոնե առաջին փուլում հանրության ուշադրությունն այդ խնդրի վրա ևս մեկ անգամ սևեռելու, և բոլոր հնարավոր շահառուներին երկու-երեք անգամ մտածելու մինչև տարկետում ձևակերպելը կամ բանակից ազատվելու ցանկություն ձևավորելը»,-հայտարարեց նախարարը։
Նրա խոսքով՝ հայտարարագրումն անմիջական գործընթաց չէ, այն մյուս օրը արդյունք ցույց չի տալիս․«Բայց տարիների մեջ հաստատ ձևավորում է և՛ որոշակի վարելակերպ, և՛ խնդրի կարևորության ընդհանուր ընկալում։ Ես վստահ եմ, որ դա շատ լավ ծրագիր է և ունենալու է դրական ազդեցություն։ Այդ համատեքստում մենք ունենք երրորդ ցավոտ խնդիրը՝ դա մեր քաղաքացիների բուժզննման գործընթացի արդյունավետության կտրուկ բարձրացումն է։ Ես կարծում եմ, որ այդտեղ կա բավականին խնդրահարույց դաշտ, և այս օրերին եղել են հրապարակումներ, ընթանում են մի շարք քրեական գործեր, որոնք պատիվ չեն բերում ո՛չ մեր բժշկական հասարակությանը, ո՛չ մեր բանակին և զինուժին։
Մենք այդտեղ խնդիր ունենք լուծելու՝ ժամանակակից բժշկական կենտրոն ունենալու, որը ի վիճակի է լինելու հստակ պատասխան տալ նորակոչիկի կամ զինապարտի առողջական վիճակի մասին, և համապատասխան որոշումներ կայացնելու հիմք՝ հետագայի համար»։
Նախարարը կարծում է, որ բանակը պետք է հնարավորություն ընձեռի ծառայելու նույնիսկ լուրջ սահմանափակումներ ունեցող քաղաքացիներին՝ ծառայության հատուկ պայմաններով, այնպիսի զորամասերում, որտեղ, ըստ Սարգսյանի՝ դա իրենց չի խանգարում․
«Կան տարկետումներ, որոնք այդքան էլ հասկանալի չեն։ Ռազմական բժշկի համար մի շարք հիվանդություններ կան, որոնք անհամատեղելի են սպայական բժշկության հետ։ Բայց հետո այդ նույն քաղաքացին քաղաքացիական հիվանդանոցում ավելի ծանր պայմաններում՝ վերակենդանացման բաժանմունքում հերթապահությունով աշխատում է ամբողջ կյանքը։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ո՞րն է տարբերությունն իր այդ աշխատանքի և զինվորական հոսպիտալում ծառայելու միջև։ Հասկանալի է, որ այդպիսի սահմանափակում ունեցող քաղաքացին չպետք է հայտնվի առաջնագծում, հասկանալի է, որ պետք է լինեն հատուկ պայմաններ, բայցարձակ ընդունելի չէ, որ խաղի կանոնները այդ աստիճան տարբեր լինեն քաղաքացիական և զինվորական մասնագիտությունների միջև»։