32 միլիոն դրամ Պիոներ պալատի շենքը հիմնանորոգելու համար
Հոկտեմբերի 1-ին Գյումրու օր տոնակատարության շրջանակներում տեղի ունեցավ Պիոներ պալատի՝ Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի բացման արարողությունը:
168.am-ը Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանից հետաքրքրվեց, թե որքա՞ն գումար է ծախսվել շենքի հիմնանորոգման համար. «Իսկ ինչո՞ւ է ձեզ հետաքրքրում գումարը, թող հետաքրքրի կառույցը, պատմությունը: 32 միլիոն քաղաքապետարանի միջոցներով ծախսվել է շենքը հիմնանորոգելու և ամրացնելու համար: Վերականգնվել է մի շենք, որի կարիքը կար արդեն 30 տարի: Տնակների մեջ ստեղծագործելուց հետո վերջապես «Պիոներ պալատը», որը Գյումրու հնագույն մշակութային կառույցներից է, ավելի քան 90 տարեկան, ունեցավ իր սեփական շենքը՝ լավ լուսավորված, գեղեցիկ: Այ էս է ամենակարևորը, ոչ թե ինչքան գումար է ծախսվել»,- նշեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետը:
Վերջինիս խոսքով՝ թվով 408 սան է գրանցված կենտրոն հաճախելու համար, կառույցի ներսում գործում են 20 խմբակներ:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսքով, իր համար ծանր է եղել, որ երեխաները 29 տարի ստեղծագործել են տնակային պայմաններում. «Նորովի պայմաններում մենք կունենանք սաների ավելի մեծ հոսք, որովհետև այսօր բացվող պատանիների պալատը քաղաքի կենտրոնում է գտնվում և այնպիսի թաղամասում, որտեղ կան և՛ նախակրթարաններ, և՛ դպրոցներ, ավելի շատ հաճախելիություն կլինի: Եթե հիմա 500 աշակերտ է, բնականաբար ավելանալու է, որովհետև սովետական երկրի ժամանակ՝ 1923 թվականին, եղել է 170 խմբակ, այսօր մենք ընդամենը 20 խմբակ ունենք: Իհարկե դա պետք է կրկնապատկել, ավելացնել, որպեսզի կարողանանք երեխաների համար անել ամեն ինչ, զբաղեցնել, որպեսզի մարդիկ կարողանան բերել երեխաներին և զբաղմունք ունենալ և դառնալ մասնագետներ: Պիոներ պալատում Մհեր Մկրտչյանն է դաստիարակել մեր երեխաներին և ոչ միայն Մհեր Մկրտչյանը, Ասլամազյանը, Շաբոյանը և շատ այլոք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն նախագահին, որ շատ մեծ աջակցություն է ցուցաբերել մեզ»:
Պիոներ պալատի սաներից մեկի խոսքով մշակութային օջախների վերանորոգումը հնարավորություն է ստեղծում մեր տաղանդավոր երեխաներին իրականացնելու իրենց ցանկությունները:
Նշենք որ առաջին մանկական գեղագիտական դաստիարակության կենտրոնը՝ Պիոներների տունը, բացվել է Լենինականում: Պարարվեստի, երգարվեստի, նկարչության և թատերական արվեստի, ասմունքի ու էլի շատ խմբակներում երեխաներն ազատ ստեղծագործել են:
Գյումրիում հոկտեմբերի 1-ին նաև ցուցահանդես էր կազմակերպվել:
Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Սուսաննա Մկրտչյանը 168.am-ի հետ զրույցում նշեց. «Գեղագիտության ազգային կենտրոնը միշտ շատ ակտիվ մասնակիցն է քաղաքի ակտիվ տոներին: Այսօրվա տոներին գումարվել է նաև իմ գործերի անհատական ցուցահանդեսը: Ցուցադրված են Գյումրիին նվիրված կտավներ, որոնք ես արել եմ 2-3 տարի առաջ: Հավաքածուն կոչվում է «Գյումրի, իմ սեր» կամ «Ալեքպոլ», որովհետև հիմնականում վերցրել եմ Ալեքսանդրապոլի շրջանը, 1800-ական թվականներից, դա այն ժամանակահատվածն էր, երբ քաղաքում ծաղկում էր քաղաքային մշակույթը»:
Արթիկցի վարպետներից Լավրենտ Թադևոսյանն էլ մեզ պատմեց իր ստեղծած դեկորատիվ սինիների և վազերի մասին, որոնք պղնձից է պատրաստում և դրանք չեն վաճառվում, այլ պահվում են թանգարանում:
Նշենք որ Գյումրու օրվան նվիրված քաղաքում անցկացված միջոցառումներն են եղել՝ Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում տեղի ունեցած Շիրազի «Հուշարձան Հայրիկիս» գրքի շնորհանդեսը, Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում հացի փառատոնն ու «Բամբիռ» ռոք համույթի համերգը: Քըրք Քըրքորյանի ճեմափողոցում՝ արհեստների փառատոնը, Վարդանանց հրապարակում՝ ռետրո ավտոմեքենաների ցուցադրություն, Բագրատունյաց պուրակում՝ «Երեխաներ և գույներ» միջոցառումը, Անի թաղամասում՝ համերգ «Ընտանիք» կենտրոնի սաների մասնակցությամբ:
Հավելենք որ քաղաքի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում, դրանց կազմակերպման համար սեպտեմբերի 30-ին՝ ժամը 07:00-ից մինչև հոկտեմբերի 1-ը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է եղել Վարդանանց հրապարակի՝ Սպանդարյան-Ս.Համբարձումյան փողոցների միջանկյալ հատվածը:
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 7:00-ից 24:00-ն, արգելվել է բոլոր տրանսպորտային միջոցների մուտքը Վարդանանց հրապարակ: Հոկտեմբերի 1-ին 14, 22 և 28 համարի միկրոավտոբուսային երթուղիները Շիրակացի փողոց են դուրս եկել Տերյան, Օզանյան փողոցներից: Վարդանանց հրապարակի կանգառը ժամանակավորապես տեղափոխվել էր Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի դիմացի կանգառ:
Անահիտ Սիմոնյան