Ռուսթավելի փողոցում նորովի կերտվել է հին Գյումրին
Ամբողջովին փոխված կոմունիկացիաներ, որակյալ գրանիտե սալաքարեր, որոնք բերվել են Իջևանից: Գեղեցիկ, փոքր-ինչ ոչ համաչափ կառուցված մայթեր, գեղարվեստական ոճով աչքի ընկնող ծաղկամաններ, լույսեր:
Մի խոսքով Գյումրու Ռուսթավելի փողոցում նորովի մարմնավորվել է հին Գյումրին: Այն մեզ է ներկայանում իր գեղեցիկ ավանդույթներով, ճարտարապետական ինքնատիպ ոճով: Մասամբ հիմնանորոգումից հետո, Ռուսթավելի փողոցը յուրահատուկ տեսք ունի, որի նմանը չկա ամբողջ Հայաստանում: Արդեն պարզ է, թե վերջնական ինչ տեսք է ունենալու Ռուսթավելին՝ դրա և շինությունների հիմնանորոգումից հետո:
Փողոցի շինությունների պատերին «Կումայրի» պատմաճարտարապետական շենքերի նկարներն են փակցված, որոշ նկարներ նաև տեղ-տեղ պատերին առկա թերությունները թաքցնելու համար են փակցվել, քանի որ դրանք խարխլված են: Փողոցի տներից մեկը, որն ընդգրկում է Գյումրու Իտալիայի հյուպատոսարանի տարածքը, բավական հին է, այն կառուցել են Գեղամովները: Շինություններից մեկ ուրիշը որպես հյուրատուն է ծառայելու, աչքի է ընկնում իր գեղեցիկ ճարտարապետական ոճով և դարպասներով, որոնք բնորոշ են հին Գյումրուն: Հնաոճ դարպաս կա նաև Գյումրու Գորկի փողոցի վրա: Նախկին մանկապարտեզի շենքի մասին է խոսքը, որը համարյա շարքից դուրս է եկել, սակայն այն բավական գեղեցիկ է ու նմանատիպ դարպասների ու շինությունների վերականգնման դեպքում քաղաքին կարելի է շատ լավ տեսք հաղորդել:
Ինչպես նշեցինք, Գյումրու Ռուսթավելի փողոցի շինարարական աշխատանքները մասամբ ավարտվել են: Չնայած շինարարներն աշխատեցին երկու հերթափոխով և Գյումրու Ռուսթավելի փողոցի շինաշխատանքների ավարտը նախատեսված էր հոկտեմբերի 1-ին, սակայն փողոցի մի հատվածում շինարարական աշխատանքները մինչ օրս չեն ավարտվել:
168.am-ը Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից հետաքրքրվեց՝ ինչու՞ փողոցի շինաշխատանքները ժամանակին չավարտվեցին, հատկապես, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ևս նշել էր, որ փողոցի բացումը հոկտեմբերի 1-ին է տեղի ունենալու:
– Փողոցի բացումը չէ. մասամբ բացում չկա, կամ բացում են, կամ չեն բացում, ուղղակի նախագահը շրջայց է կատարելու: Չեմ կարող ասել, թե վերջնական երբ կավարտվի փողոցի շինարարությունը, պետք է նայենք, թե էլ ինչ աշխատանքներ են մնացել իրականացնելու,- ասաց նա:
Մենք նաև փողոցի որոշ բնակիչներից, ապա Հ.Գասպարյաից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է լինելու փողոցի վրա գտնվող մյուս տների ճակատագիրը, արդյո՞ք դրանցից շատերը վաճառվել են:
«Մի քանի տուն ձեռք է բերվել ֆոնդի կողմից, մնացածները, եթե բնակիչը չի վաաճռի, ապա շարունակելու է ապրել իր տանը»,- նշեց Հ.Գասպարյանը: Թե՞ ինչ գներով են տները վաճառվում զրուցակիցս նշեց, որ տեղյակ չէ:
Բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն դեռ տան վաճառքի հարցով ոչ ոք չի դիմել: Ջիվանի փողոցի բնակիչներից մեկը պնդեց, որ իրենց ոչ ոք տները վաճառել չի ստիպում: Անդրադառնալով Ռուսթավելի փողոցին նա նշեց. «Իսկ ու՞մ դուրը չի գա, սաղի դուրն էլ գուկա»:
Ի դեպ, փողոցի սալաքարերի տակը՝ մոտ 20 սմ հաստությամբ ամբողջությամբ բետոնապատ է: Դեռ պարզ չէ, թե լիովին հիմնանորոգումից հետո արդյո՞ք արգելվելու է մեքենաների երթևեկությունն այս փողոցով, կամ գուցե մասնակի՞ երթևեկություն է լինելու, թե՞ այն զուտ ծառայելու է որպես ճեմափողոց:
Չնայած որոշ խոսակցություններին, որ Ռուսթավելին որպես բիզնես-կենտրոն, հանգստավայր ծառայելու է մեծահարուստներին, սակայն զգալիորեն տեսանելի է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շռնդալից կերպով փոփոխություններ է իրականացնում Գյումրիում: Այս ամենին զուգահեռ մեր իշխանությունները պետք է նկատի ունենան նաև այն հանգամանքը, որ Գյումրիում առաջնային է աշխատատեղերի ստեղծման հարցը ու փողոցների հիմնանորոգմամբ աղքատ գյումրեցու՝ աշխատատեղով ապահովման հարցը չի լուծվելու: Այնուամենայնիվ, հուսանք, որ նմանատիպ փոփոխությունները դրական տրամադրվածություն կստեղծեն գյումրեցիների շրջանում ու մեզ նույնպիսի հրաշալի ապագա կսպասվի: Եվ վերջապես, նմանօրինակ փոփոխությունները հուշում են, թե ինչ տեսք կունենա Գյումրին «Կումայրի» արգելոցի մեջ մտնող շինությունների վերանորոգումից հետո:
Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել էր Ռուսթավելի փողոց՝ ծանոթանալու ընթացող շինարարական աշխատանքներին: Նրա հետ քաղաք էին ժամանալ նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ և այլ բարձրաստիճան հյուրեր: Ռուսթավելի փողոցում ակտիվ եռուզեռ էր. բազմաթիվ մարդիկ էին հավաքվել:
Իսկ այն, որ Գյումրու որոշ փողոցներ իրենց շինություններով ինքնատիպ ճարտարապետական ոճ ու հարուստ ավանդույթներ ունեն, փաստում են նաև որոշ ուսումնասիրություններ ու հետազոտություններ:
«Համայնքի կողմից իրականացվող քաղաքաշինական ռազմավարություններ պատմական քաղաքներում» Վարպետաց փողոցի (Ռուսթավելու-Գորկու փողոցների հատված) պատմամշակութային միջավայրի վերականգնում, վերակառուցում և պահպանություն նախնական գնահատման (COMUS) ծրագրի համաձայն, Վարպետաց փողոցում տեղակայված ճարտարապետական բնակելի տները և հուշաթանգարանները Գյումրու համար նշանակալից են, և բովանդակում են քաղաքային կյանքի յուրատիպ կոլորիտը և մշակույթը: Փողոցի վրա գտնվող տները ներկայացնում են XIX-XX դարերի Գյումրուավանդական ժողովրդական տների պատկերը՝ սև և կարմիր տուֆի համադրությամբ, ավանդական փայտե պատշգամբներով և պատուհաններով, նաև զարդանախշերով:
Այս փողոցում են ծնվել և ապրել հայտնի գրողներ Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Շիրազը: 1988 թվականի ավերիչ երկրաշարժը շատ մեծ վնաս հասցրեց Գյումրուն, նաև Վարպետաց փողոցին, ինչի պատճառով ավերվեցին ու վնասվեցին փողոցում գտնվող բնակելի տները և թանգարանները:
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, որտեղ ծնվել է մեծանուն գրողը, ավերվեց 1988 թվականի երկրաշարժի պատճառով: Սակայն 2000-ական թվականներին այն վերականգնվեց և վերաբացվեց իր նախկին տեսքով: Ռուսթավելի-Վարպետաց փողոցների անկյունային շենքում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշաթանգարանը և «Հայկական ավանդական կերամիկա հետազոտություն» կենտրոնը Գյումրու համար կարևոր են պատմական, ճարտարապետական տեսանկյունից: Այստեղ է գտնվում կինոյի և թատրոնի համաշխարհային ճանաչում ունեցող դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, գյումրեցի Մհեր/Մկրտրյանի տուն-թանգարանը:
Անահիտ Սիմոնյան