«Օֆշորի» գործով կալանավորված Աշոտ Սուքիասյանը պատրաստ է նույնիսկ ՄԻԵԴ դիմել, եթե իրեն մեղավոր ճանաչեն
«Մինչ այժմ որևէ ապացույց ձեռք չի բերվել այն մասին, որ Աշոտ Սուքիասյանին մեղսագրված արարքները հիմնովին և ապացուցված են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «օֆշորի» գործով կալանավորված Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը՝ խոսելով գործի ընթացքի մասին:
Նրա խոսքով՝ այս քրեական գործը գտնվում է դատական վիճաբանությունների փուլում, մնացել է ամբաստանյալի վերջին խոսքի իրավունքը. «Այն ամենը, ինչ հեղեղվել է մամուլում՝ մինչև Աշոտ Սուքիասյանի՝ քննությանը ներկայանալը, այդ բոլորը, որ կատարվել էր տուժող ճանաչված կողմ Փայլակ Հայրապետյանի և նրա կողմնակիցների կողմից, դրանք իրականությանը չեն համապատասխանում, գործի քննությամբ հերքվել է նրա կողմից բերված ցանկացած փաստարկ՝ իր վստահությունը չարաշահելու, իրեն խաբելու՝ իր փողերը մսխելու համար: Այդ ամենը կատարվել է զուտ նրա համար, որ Փ. Հայրապետյանն իր սխալի պատճառով չստացված գործարքի համար մեղադրի Աշոտ Սուքիասյանին և հետագայում հնարավորություն ունենա այդ դատավճիռն օգտագործել իր կորցրած գույքը հետ բերելու համար»:
Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաև՝ չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց:
Փաստաբանը պատմեց, որ 2009 թվականի օգոստոս ամսին Էկոնոմիկայի նախարարությունում հանդիպում է տեղի ունենում, որի շրջանակներում հրավիրվում են ադամանդագործության և ոսկերչության բնագավառի մասնագետների՝ քննարկելու Հայաստանում ադամանդագործությունը և ոսկերչությունը զարգացնելու ծրագիր, որին հրավիրված է եղել նաև Աշոտ Սուքիասյանը, որը զբաղվում էր ադամանդագործությամբ և ոսկերչությամբ: Փաստաբանի խոսքով՝ այդ հանդիպմանը ներկայանում է նաև Փայլակ Հայրապետյանը, որը հրավիրվածների ցանկում չկար: Ա. Սուքիասյանը ներկայացնում է իր առաջարկը, թե ինչպես կարելի է տարբեր երկրներից ադամանդի հումք ներկրել Հայաստան, մշակել և զարկ տալ այդ արդյունաբերական ճյուղին:
«Նա առաջարկում է Աֆրիկայից ներկրել ադամանդի հումքը, որտեղից, ըստ Ա. Սուքիասյանի, ավելի հարմար գներով կարելի է ձեռք բերել: Այդ հանդիպման ժամանակ տարբեր մասնագետներ տեսակետներ են հայտնել, որ Աֆրիկայից հարմար չէ ներկրել Հայաստան: Փայլակ Հայրապետյանը, լսելով այդ ամենը, Աշոտ Սուքիասյանին առաջարկել է, որ ոչ մեկի հետ գործ չունենա, ինքն իր եղած գույքը կներդնի այդ գործի մեջ, և համատեղ կզբաղվեն ադամանդի ներկրման և մշակման գործով: Աշոտ Սուքիասյանն առաջարկել է նրան վաճառել իր գույքը և ներդնել այդ գործի մեջ, բայց Փայլակ Հայրապետյանն ասել է, որ ինքը չի կարող վաճառել գույքը, քանի որ մոտ 60 հազար դոլարի պարտավորություն ունի բանկերի հանդեպ: Նա խաբել է Աշոտ Սուքիասյանին, որ 800 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գույք ունի ներդրած բանկերում, այսինքն՝ բանկերն իրեն ո՛չ վարկ են տրամադրում, ո՛չ էլ ինքը կարողանում է այդ գույքը վաճառել: Սրանից ելնելով՝ ինքը լիազորագիր է տալիս Ա. Սուքիասյանին ոչ միայն գրավադնել, այլև վաճառել իր գույքը, ու ինքն է այդ ամենն առաջարկում Ա. Սուքիասյանին»,- նշեց փաստաբանը:
Յ. Խաչատրյանի դիտարկմամբ՝ Փ. Հայրապետյանի այն բոլոր հայտարարությունները, որ Ա. Սուքիասյանը խաբել է իրեն, չեն համապատասխանում իրականությանը. «Պաշտպանական կողմը՝ ի տարբերություն տուժող կողմի, ոչ թե շոուի գնաց, այլ մենք հենց սպասեցինք քրեական գործի ավարտին և լուրջ տեղեկություններ ձեռք բերելուց հետո նոր խոսում ենք: Քրեական գործում բոլոր ռեալ փաստերը կան, որ խարդախություն չէր կարող դիտվել: Դատարանի գործողություններից պաշտպանական կողմը դժգոհ է, քանի որ դատարանն իր պահվածքով, իր գործողություններով՝ արդեն իսկ ցույց տվեց դատավարության կեսից, որ ինքը հանդես է գալիս՝ որպես մեղադրանքի կողմ, ոչ թե զուտ դատարան: Դա երևաց իր հարցադրումներով, իր թերահավատությունը ցույց տալով պաշտպանական կողմի ապացույցներին, չէր ուզում ոչ մի փաստարկ ընդունել, որոնք ի շահ մեզ են»:
168.am-ի հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեք, ինչպե՞ս կավարտվի այս գործը՝ հաշվի առնելով, որ ասում եք՝ դժգոհ եք դատարանի գործողություններից, փաստաբանն այսպես պատասխանեց.
«Ես տեսնում եմ՝ դեպի ուր է գնում, քանի որ անգամ մեր կողմից բերված վկաներին է դատարանը հրաժարվում լսել… Օրենքի խախտում էր նաև մեր ներկայացրած փաստաթղթերն ապացույց չհամարելը և գործին չկցելը: Մեր պարագայում դատարանը, մեղադրող կողմի պես, մեր ներկայացրած փաստարկները հերքում էր ու չէր ուզում ընդունել: Դատարանն իրավունք չունի ինքը ռեակցիա ցույց տալու»:
Մեր ճշտող հարցին էլ՝ եթե ձեզ համար դրական հանգուցալուծում չստանա գործը, ի՞նչ քայլերի եք դիմելու, հնարավո՞ր է՝ ավելի բարձր ատյանների դիմեք, Յ. Խաչատրյանն այսպես պատասխանեց. «Իհարկե: Դրա օրենսդրական ձևը վերաքննիչ բողոք բերելն է, հետո էլ, եթե էլի օբյեկտիվ որոշում չկայացվի, վճռաբեկ ատյանին ենք դիմելու, իսկ դրանից հետո՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է փաստաբանը բացատրում դատարանի՝ գործը Փ. Հայրապետյանի օգտին հանգուցալուծելու շահագրգռվածությունը: Ի պատասխան՝ նա ասաց. «Դա ոչ թե զուտ շահագրգռվածություն կասեի, դա դեռևս կոմունիստական տարիներից եկած վատ ավանդույթ է, որ Ոստիկանության, այնուհետև՝ քննչական ապարատի բերած գործը հասցնեն մեղադրական վերջնակետի»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: