«Ինչո՞ւ է Հայաստանը մոռացել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին»
Հարցազրույց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի հետ
– Պարոն Սարգսյան, Նյու Յորքում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումն ավարտվեց՝ վերահաստատելով, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում է կազմակերպվելու, և հայտնի դարձավ, որ համանախագահները հոկտեմբերին այցելելու են տարածաշրջան։ Արդյո՞ք սա այդ հանդիպման առավելագույն «ներուժն» էր։
– Նալբանդյանը նախապես հայտարարել էր, որ հենց այդ հարցերն են քննարկելու։ Իհարկե, շատ անորոշ էր, ընդամենն այդ հարցն են բարձրացրել, որևէ այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, և, այսպես թե այնպես, նախագահների հանդիպման շուրջ էր բանակցությունը։ Այդ հարցն է, թե ի՞նչ կարող է նշանակել այդ հանդիպումը, եթե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, փաստորեն, Ադրբեջանի նախագահը Սերժ Սարգսյանին ռազմական հանցագործ է հայտարարել, սանկցիաներ է պահանջել Հայաստանի դեմ։
Չգիտեմ՝ ինչքանով է այս ամենը նպատակահարմար քննարկել։ Երկրորդ խնդիրն այն է, որ բոլորը, այդ թվում՝ հայկական կողմը, մոռացան, որ պարզ, հստակ պայմաններ էին դրվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, որոնց իրագործումից հետո կարելի էր անցնել ինչ-որ բովանդակային քննարկումների։ Դա մոռացան և այս ֆոնի վրա հանկարծ Նալբանդյանը հայտարարում է, որ իրենք նստած քննարկում են տարածքների վերադարձի ինչ-որ հարցեր։ Մնացած հարցերին պատասխան չեղավ։ Եվ այստեղ էլ ինտրիգ կար։ Ի՞նչ է Ադրբեջանը քննարկում։ Մադրիդյան սկզբունքներում տարածքների հարցը դրված էր միայն մի պայմանով՝ եթե Ադրբեջանը ճանաչում է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Եթե ոչ, ապա տարածքների վերադարձման հարց ընդհանրապես չի կարող գոյություն ունենալ։
Հիմա Ադրբեջանը կարո՞ղ է համաձայնել այդ դրույթին՝ Ղարաբաղի ինքնորոշման համապատասխան կետին։ Նա այդ հարցին չի պատասխանում։ Բայց ի՞նչ պիտի ասեին, եթե բանակցություններ լինեին։ Պետք է ասեին, որ՝ այո, Ադրբեջանը համաձայն է դրան։ Ոչ մի բան չասվեց։ Դրա համար ընդամենը կարելի է կռահել, ասել՝ այսպես է կամ այնպես է։ Միջազգային իրադարձությունների հետ կապված ինչ-որ նոր իրավիճակ է ստեղծվել, ինչ-որ հարցեր պարզվում են՝ կապված այս տարածաշրջանի հետ, քրդական հանրաքվեն, Թուրքիայի դիրքորոշումը։ Եվ ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը հանկարծ հիշել հայ-թուրքական արձանագրություններն ու վերջնաժամկետ տվել։ Այս հարցերն են պահանջում խոսել ինչ-որ փոփոխությունների մասին։
– Ուղիղ 1 տարի առաջ նույն օրը՝ սեպտեմբերի 23-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական հայտարարությունն էին տարածել, որում հստակ նշվում էր, որ 2 երկրների արտգործնախարարների հետ հանդիպումների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Վիեննայի (2016թ. մայիս) և Սանկտ Պետերբուրգի (2016թ. հունիս) գագաթաժողովներում ընդունված որոշումների իրականացմանը: Մինչդեռ այս տարի սեպտեմբերի 23-ին տարածած հայտարարության մեջ այդ պայմանավորվածությունների մասին ոչ մի խոսք չկա։ Ձեր կարծիքով՝ կուլուարներում էլ այդ մասին չի՞ խոսվում, մոռացվե՞լ են դրանք, ո՞րն է խնդիրը։
– Դե, նրանք կարող են անել՝ ինչ ուզում են, բայց առավել հետաքրքիր է, թե ինչո՞ւ է Հայաստանը մոռացել։ Դա շատ ավելի էական է։
– Ինչո՞ւ։
– Ես կարծում եմ՝ այստեղ ինչ-որ պայմանավորվածություններ են եղել, որ ՀՀ-ն հետ է կանգնել դրանցից։ Թե ի՞նչ նպատակով են հետ կանգնել՝ չգիտեմ, բայց միանշանակ դա երևում է։ Ոչ մի զարմանալի բան չկա, այդ անսկզբունքայնությունը միշտ էլ գոյություն ուներ, հատկապես ապրիլյան պատերազմից հետո մերկացվեց դա։ Հազար ու մի բան հայտարարվեց, թե՝ էս կանենք, էն կանենք, բայց հետո շատ հանգիստ մոռացան այդ ամեն ինչը և դիվանագիտական հարաբերությունները բերեցին մինչպատերազմյան վիճակին։ Եվ այժմ բնական է, որ նույն ոճով շարունակում են։ Մարդիկ չգիտեն՝ ի՞նչ անել։
Որևէ ռազմավարություն չունեն, ընդամենը շփվում են համանախագահող երկրների հետ, Ռուսաստանի հետ։ Ինքնին տարածքային խնդիր գոյություն չունի, Ղարաբաղյան խնդիրը ներգրավվել է շատ ավելի լայն խնդիրների շրջանակ, և պատկերացում չունեն, թե ինչ պետք է անեն, որն է այդ տարածքների նպատակը։ Հակասական հայտարարություններ են անում, որևէ հարցի պատասխան չեն տալիս։
– Եթե մի քանի փաստեր համադրենք՝ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության մասին Թուրքիայի հայտարարությունը, Հայաստան-Սփյուռք համաժողովում Նալբանդյանի հայտարարությունը շրջանների վերադարձի մասին, Նյու Յորքում Սերժ Սարգսյանի վերջնաժամկետ սահմանելը հայ-թուրքական արձանագրությունների համար, նաև Թուրքիայի նախկին ղեկավարների հայտարարությունները, որ 2 շրջան վերադարձնելու դեպքում ՀՀ-ի հետ հարաբերությունները կկարգավորեն, այս ամենում կապ տեսնո՞ւմ եք։
– Մի բան միանշանակ է, որ Թուրքիան, բնական է, կուզենար Հայաստանի հետ ինչ-որ կերպ պարզել հարաբերությունները, որովհետև մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում քրդական աշխարհում։ Այդ իրավիճակում հնարավոր է՝ ինչ-որ բաներ առաջարկեին Հայաստանին։ Բայց անհասկանալի է, թե ի՞նչ է նշանակում՝ այդ պայմաններում քննարկել Թուրքիայի պահանջ կամ առաջարկ։ Ա
յս իրավիճակում դա Թուրքիային է անհրաժեշտ, և նա պետք է վազելով գար։ Եվ, իհարկե, պետք է հազար ու մի պահանջ դնել Թուրքիայի առաջ։ Ու եթե նրան դա հարկավոր լինի, ապա ամեն ինչ էլ կանի։ Իսկ եթե այժմ լրիվ հակառակ կերպ են վարվում, ուրեմն բացարձակ պատկերացում չունեն, թե աշխարհում ինչ է կատարվում, ինչպես պետք է իրենց պահեն։ Կամ էլ ուրիշների թելադրանքով են գործում, օրինակ՝ Ռուսաստանի։ Նախկինում բազմիցս ականատես ենք եղել, որ որոշումներն ընդունվում են Մոսկվայի թելադրանքով։ Հիմա էլ, կարող է՝ նույնն է։ Իհարկե, ոչ մի բան անել չեն կարող, բայց ձևացնում են։
– Տեսակետ կա, որ հայ-թուրքական արձանագրություններն օրակարգից հանելու Սերժ Սարգսյանի այս նախաձեռնությունն ընդամենը 2018-ից հետո կառավարումը նոր էջից սկսելու նախապատրաստություն է։
– Նման ռեժիմն անընդհատ իրեն է տեսնում՝ որպես հավերժ կառավարող, և ամեն ինչ անում է՝ ելնելով այդ նպատակներից։ Դա միանշանակ է։ Դրա համար էլ անհասկանալի են այդ քայլերը, անհասկանալի է, թե ինչու է պետք Ռուսաստանի թելադրանքը լսել։ Բայց հետո հիշում ես, որ կա իշխանության խնդիր, և ամեն ինչ էլ հասկանալի է դառնում։
– Հաշվի առելով աշխարհաքաղաքական զարգացումները, Հյուսիսային Կորեայի շուրջ լարվածությունը, և այլն, նախագահների հանդիպումը գործընթացում որևէ բան կփոխի՞։
– Ինչպե՞ս կփոխի։ Ադրբեջանը խնդիրը դրել է, և որևէ բան փոխելն անհնարին է։ Ադրբեջանը հանդիպումների է գնում միայն նրա համար, որ պահանջներ դնի, ու նաև ՄԱԿ ամբիոնից է դա անում։ Եթե կարողանար փոխել, վաղուց կաներ։ Ադրբեջանն այն պետությունը չի, որ կարողանար իր հայտարարություններն իրականություն դարձնել։ Նույնն էլ՝ Հայաստանը։ Երկու երկրներն էլ կախյալ պետություններ են, որ այսօրվա քաղաքական միտումների պարագայում միայն կարող են խոսել։