Ի՞նչ է ասել Լևոն Տեր-Պետրոսյանը «Մոսկվայի կողմից Հայաստանում ղեկավար նշանակելու մասին». Պատմում է Անդրանիկ Միհրանյանը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մոսկվայից ժամանած քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանն անդրադարձավ 2018 թվականին Հայաստանի վարչապետի ընտրության հարցին:

Նա կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի ամենաճկուն և ամենաիմաստուն պետական գործիչն է: Ա. Միհրանյանն ասաց, որ ինքը չգիտի Ս. Սարգսյանի նպատակները, բայց մտածում է, որ, եթե Ս. Սարգսյանի կուսակցությունն ունեցավ նման «շեշտակի հաղթանակ» այս ընտրություններում, հիմա, եթե ժամկետը վերջանա, և հարց առաջանա՝ ո՞վ պետք է ղեկավարի, կուսակցությունը պետք է հավաքվի, և քննարկումների միջոցով որոշեն:

168.am-ի հարցին, թե Հայաստանի փորձագիտական շրջանակներից շատ են տեսակետներ հնչում, որ այս հարցում մեծ դերակատարում ունի Մոսկվան, ըստ Ձեզ, իրոք Մոսկվայի ազդեցությունը կլինի՞ վարչապետի ընտրության հարցում՝ Ա. Միհրանյանն այսպես պատասխանեց.

«Ես հիշում եմ՝ կար ժամանակ, որ ես ամեն անգամ գալուց այցելում էի ՀՀ առաջին նախագահին, երբ իրենց բակում մենք զբոսնում էինք և խոսում, հատկապես այդ հարցը շատ անգամ շոշափվել է, թե Ամերիկան ի՞նչ կարող է անել, Ռուսաստանն ի՞նչ կարող է անել, և Լևոնը, որին ես շատ մեծ հարգանքով էի վերաբերվում և հիմա էլ եմ մեծ հարգանքով վերաբերվում, ասաց՝ «Անդրանիկ, եթե Աստված ուզենա դրսից մեկին բերի և դնի Հայաստանում նախագահ կամ վարչապետ, նրան չի հաջողվի դա անել, պետք է ներսից լինեն ուժեր, որոնք արմատներ ունեն, և որոնց վրա պետք է հենվի այդ մարդը, և որը պետք է դառնա Հայաստանի ղեկավարը»:

Ոչ միայն համաձայն եմ, այլև հազար անգամ ինքս էլ դա ասել եմ, որովհետև Մոսկվայում կամ Արևմուտքում, ով մի հատ ռեստորան էր բացում, ասում էր՝ «գնում եմ՝ նախագահ դառնամ»: Լավ էլի, ախր… Հետո ընդդիմության ներկայացուցիչները գալիս էին Հայաստանից և Մոսկվայում ասում էին՝ «գիտեք, այդ Լևոնը հակառուսական է, հետո՝ Ռոբերտը հակառուսական է, էս Սերժը հակառուսական է… Մենք ունենք ավելի պրոռուսականը»:

Մեծ պետությունների այդ շրջանակներում էշեր չկան, բոլորը շատ լավ տեսնում են, թե ով ինչ քայլ է անում: Ես ասում էի՝ ցույց տվեք մի հակառուսական հայտարարություն Լևոնի կողմից, մի հատ ցույց տվեք որևէ կարևոր քայլ, որը Ռուսաստանն առաջարկել է՝ ռազմական, քաղաքական, դիվանագիտական ուղղությամբ, որին հայկական ղեկավարությունը դեմ է դուրս եկել: Ինչո՞ւ Ռուսաստանն օգնեց փոխելու Կիրգիզիայի նախագահին, Վրաստանի նախագահին, Ադրբեջանի նախագահին… Նրանք ակնհայտ հակառուսական ագրեսիվ դիրք ունեին, այդ դեպքում, կներեք՝ «nothing personal just business»»:

Մեր ճշտող հարցին, թե, փաստորեն, ըստ Ձեզ՝ Մոսկվայի ազդեցությունը, այնուամենայնիվ, կա՞ այդ հարցում, քաղաքագետը պատասխանեց, որ ազդեցությունն ունի իր սահմանները:

Մեր այն հարցին, թե այդ սահմաններն ո՞վ է որոշում, Ա. Միհրանյանն այսպես պատասխանեց. «Ռուսաստանում և Վաշինգտոնում իրենք են որոշում՝ ինչքան է իրենց հնարավորությունները, և եթե սխալ են որոշում, իրենք իրենց էլ են գցում կրակի մեջ և այդ պետություններին էլ են գցում: Ռուսաստանը ռեժիմ փոխելով չի զբաղվում, եթե դրա ծայրահեղ անհրաժեշտությունը չկա, բայց Հայաստանում ոչ մի քաղաքական գործիչ ոչ մի անգամ առիթը չի տվել…»:

Մենք նաև հետաքրքրվեցինք՝ եթե Մոսկվան, ամեն դեպքում, ցանկանա իր ազդեցությունն ունենալ նման կարևոր հարցերում, Հայաստանը պատրա՞ստ է դիմակայել այդ ազդեցությանը:

Ի պատասխան՝ Ա. Միհրանյանը կրկին հիշեցրեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը. «Ես պատահական չբերեցի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ունեցած խոսակցությունը, որն ասաց՝ «Աստված եթե ուզենա, չի կարողանա մեկին դնի, եթե ներսում դրա հնարավորությունները չկան»: Այնպես որ, չի կարելի գերագնահատել դրսի ազդեցության գործոնը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս