«Վայ մեզ, եթե միայն այսպես մոտենանք Հայաստանին». Արամ Առաջին կաթողիկոս
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովին ելույթ ունեցավ Մեծի Տանն Կիլիկիո Հայոց կաթողիկոս Արամ Առաջինը:
«Հայաստանի անկախության 25 տարիների փորձառության լույսի տակ հավաքական պատասխանատվության գեղեցիկ լոզունգը կյանքի պետք է կոչվի Հայաստանի, Արցախի և սփյուռքի միջև դերերի հստակեցման, առաջնահերթությունները ճշտելու և գործակցությանը նոր որակ հաղորդելու ճանապարհով: Սա է մեր ազգն իր հայրենիքով և սփյուռքով դեպի պայծառ ապագա առաջնորդող միակ ապահով ճանապարհը: Այս գիտակցությամբ հարկավոր է համազգային մտածողության մշակույթ ստեղծել, հավաքական ուժերով ծրագրել և գործել: Այս տեսլականով հարկավոր է բացել նոր հորիզոններ ու քաջորեն դիմագրվել մեզ շրջապատող մարտահրավերներին ու տագնապներին»,- ասաց Արամ Առաջին կաթողիկոսը:
Նա շեշտեց, որ անհրաժեշտ է Հայաստան-Սփյուռք գործակցությունը դուրս բերել պատահական տնտեսական ներդրումների և զբոսաշրջային այցելությունների շրջագծից և այն դարձնել ազգային քաղաքականության հիմքերից մեկը:
«Հայաստանի տեսլականն ունենալով՝ մեր ազգային գաղափարախոսության հիմքը և նպատակը՝ հզոր Հայաստան, ամուր Արցախ և կազմակերպված Սփյուռք, պետք է դառնան մեր ազգային քաղաքականության ռազմավարական և մարտավարական ուղեցույց: Ազգային այս գաղափարախոսությամբ ու տեսլականով ամրագրված ազգային քաղաքականությունը, անկասկած, իր շուրջ պետք է համախմբի մեր ազգի բոլոր զավակներին՝ միաժամանակ մղիչ ուժ դառնալով համահայկական մտածողության կազմավորման ու գործելակերպի զարգացման համար»,- ասաց նա:
Նա նշեց, որ Հայաստանը և Սփյուռքը գործակիցներ և գործընկերներ չեն, Սփյուռքը և Հայաստանը նույն ազգի զավակներն են.
«Այս հայեցակարգով պետք է ծրագրվի Հայաստան-Սփյուռք գործակցության բոլոր ծրագրերը: Հայաստանը զբոսավայր չէ, բիզնեսի շուկա չէ, անցագիր չէ, վայ մեզ, եթե միայն այսպես մոտենանք Հայաստանին: Հայաստանը հայու հավանական տունն է, անցյալի, ներկայի ու ապագայի տունը: Մեր հավաքական տան նկատմամբ անելիք և ասելիք ունենք և պե՛տք է ունենանք. պետք է հզորացնենք այն մեր ողջ կարողությամբ»:
Արամ Առաջինը նկատեց, որ շրջափակման ենթարկված Հայաստանը պատերազմի մնայուն վտանգի առջև է կանգնած: Նրա խոսքով՝ Հայաստանի անվտանգությունը համազգային առաջնահերթություն է, ինչն առաջին հերթին՝ պահանջում է հայ ժողովրդի ամուր կապվածությունն իր հողին:
«Հայրենիքը, պետություն և տնտեսություն լինելուց առաջ, նախ հող ու ժողովուրդ է: Հայրենիքի նկատմամբ հավատարմությունը վեր է ամեն տեսակ ներդրումներից: Հետևաբար՝ անհրաժեշտ է արտագաղթը նվազեցնելու և Հայաստանի բնակչության թիվը մեծացնելու հստակ միջոցների կիրառումը: Հարկավոր է զգույշ լինել»: