«Հայաստանի քաղաքական գործիչները հպատակ են». Ավետիք Իշխանյան

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ժողովրդավարության ընկալումը կարող է երկու ձևով լինել. «Մեկը, պայմանական ասած՝ դասական ժողովրդավարություն, որը նշանակում է՝ ժողովրդի կողմից ձևավորված իշխանություն։ Իսկ ավելի լայն իմաստով՝ դրա մեջ մտնում են տարբեր ազատություններ։ Երբ ասում են, որ այսինչ երկիրը ժողովրդավար է, ոչ միայն նկատի ունեն, որ այդ երկրում ընտրությունների միջոցով է ձևավորվում իշխանությունը, այլև կան տարբեր ազատություններ»։

Խոսելով Հայաստանում դասական ժողովրդավարության դրսևորման՝ ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությունների մասին, նա նշեց, որ դեռ 1918թ. ընտրությունները Հայաստանում անցել են կեղծիքներով.

«Չեմ հիշում՝ ում հուշերում էր գրված, որ 80 տեղից 72-ը Դաշնակցությունն է վերցնում։ Ժողովրդական կուսակցությունն ընտրություններից առաջ զրկվում է ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, որը երկրորդ քաղաքական ուժն էր։ Զուգահեռներ անցկացրեք՝ 1994թ. Դաշնակցությունը զրկվեց ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Մեր մեջ դրված չէ ժողովրդավարություն հասկացությունը»։

Իշխանյանի կարծիքով՝ Հայաստանում քաղաքական ընտրությունները չեն գործում. «Ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանություն չի փոխվում։ Բռնությունը, ծեծը վատ բան է, բայց երբ ժողովուրդը դառնում է լրիվ հպատակ և ընդհանրապես չի դիմադրում, ու դա համարվում է առաջընթաց, ես համարում եմ, որ մեր ժողովուրդը կորցրել է դիմադրելու ունակությունը։ Հայաստանի կուսակցություններն առանձին ավտոնոմ կառույցներ են, որոնք ձգտում են իշխանության, բայց մեր կուսակցությունների մեջ գաղափարական պայքար չկա։ Բոլորը խոսում են արդարություն կոչվածից, որը սուբյեկտիվ հասկացություն է, և բոլորը նույն բանն են ասում, որ, երբ իրենք գան իշխանության՝ ավելի լավ է լինելու։ Ինձ ցույց տվեք Հայաստանում որևէ կուսակցություն, որտեղ կա ներքին ժողովրդավարություն, երբ բոլորն ուշադիր չեն նայում իրենց ղեկավարին և նրան չեն համարում աշխարհի ամենաիմաստուն մարդը»։

Նրա խոսքով՝ քաղաքական գործիչների մեջ էլ չկա ժողովրդավարություն. «Հայաստանի քաղաքական գործիչները հպատակ են։ Նրանք իրենց ղեկավարի հպատակն են, և կարող են որպես հպատակ՝ շատ արագ փոխել իրենց ղեկավարին։ Չգրված օրենքներ կան.  եթե որևէ կուսակցություն անհաջողության է մատնվում ընտրությունների ժամանակ, ապա շատ բնական է, որ նրա ղեկավարը հրաժարական է տալիս։ Ցույց տվեք Հայաստանում բազմիցս ձախողված քաղաքական կուսակցության առաջնորդի, որը հրաժարական է տվել։ Նման բան չկա։ Այսինքն՝ կուսակցությունն իր սեփականությունն է»։

Իշխանյանը նշեց, որ երեկ լսել է ՀՀԿ հիմնադիրներից մեկի՝ Գալուստ Սահակյանի խոսքն առ այն, որ Սերժ Սարգսյանն ունի կուսակցություն, թվարկում էր նրա առավելությունները. «Այսինքն՝ ինքը, որ եղել է այդ կուսակցության հիմնադիրը, համարում է, որ այդ կուսակցությունը պատկանում է Սերժ Սարգսյանին։ Ողջունում եմ Գալուստ Սահակյանի անկեղծությունը»։

Տեսանյութեր

Լրահոս