Գյումրու ծննդատան հնարավոր փակման հարցում շահագրգիռ կողմ համարում են Ավստրիականի տնօրենին

Գյումրու ծննդատան հնարավոր փակման մասին խոսակցություններն առաջին անգամը չէ, որ մամուլում շրջանառվում են:

Ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ հարցով քննարկումը մոտ մեկ-մեկուկես ամիս առաջ է եղել՝ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմում, հետո՝ մարզպետի մոտ:

– Եթե մեծ հիմնարկն ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ, ավելի շատ աշխատողներ ունի, ինչո՞ւ պետք է մեծ հիմնարկը փակվի, ու մնա փոքր հիմնարկը: Պատճառաբանում են, թե մենք Ավստրիական հիվանդանոցում լուրջ գումարներ ենք ներդրել, իբր ծննդատուն շինելու համար: Մենք էլ ասացինք՝ եթե փակում եք, կարո՞ղ եք այսքան թվով աշխատակից տեղավորել աշխատանքի, բա՝ չենք կարող, փոքր է: Էդ դեպքում ինչո՞ւ եք փակում մեծ հիմնարկը, որ փոքր հիմնա՞րկն աշխատի:

Միշտ հակառակն է եղել՝ փոքրերը փակվում են՝ չդիմանալով մեծ հիմնարկների մրցակցությանը: Մենք մեծ հիմնարկ ենք, բայց մրցակցություն չենք առաջարկում, սակայն մեր մոտ և´ ծնունդների թիվը, և´ բժիշկների թիվն ավելի բարձր թվերի վրա է, քան Ավստրիական հիվանդանոցում: 250 ծնունդով ավելի ծնունդ ունենք Ավստրիական հիվանդանոցից: Փորձեցին արած անհիմն ծախսերն արդարացնելու նպատակով իրենց եզը քշել, բայց և´ մարզպետը, և´ տարածքային նախարարը՝ նկատի ունենալով մեր գրությունը, ժխտողական պատասխան տվեցին, քանի որ մենք համաձայն չենք, որ ծննդատունը փակվի: Մարզպետն իր կարծիքը հայտնեց, և հարցի քննարկումը հետաձգվեց հաջորդ տարի,- մեզ հետ զրույցում ասաց ծննդատան տնօրենը:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է շենքային պայմաններին, Վ. Սարգսյանը շեշտեց, որ, եթե Ավստրիական հիվանդանոցի շենքը դոմիկատիպի կառույց է, ապա իրենցը լրիվ քարե կառույց է:

«Մեր շենքն ավելի բարձր որակի է՝ և´ իր սեյսմիկ տեսանկյունից, և´ շինելու: Իմը 1992 թվականին է շահագործման հանձնվել, ավստրիականինը՝ ավելի շուտ, ու հիմնվել է՝ որպես ժամանակավոր կառույց: Երբ ասում են՝ ավելի քիչ է հարմարեցված՝ որպես ծննդատուն գործելուն, ես էլ ասում եմ՝ ծննդատանը հարմարեցված որևէ ժամանակակից կառույց Շիրակի մարզում չկա: Ժամանակակից ծննդատուն Գյումրիում չի շինվել»:

Զրուցակիցս նշեց, որ Ավստրիական հիվանդանոցում ծննդաբերական բաժանմունք բացելն արդարացված չէր ի սկզբանե:

«Մենք առանձին միավոր ենք, իսկ նա բաժանմունք է: Բաժանմունքներ բացվում են փոքր քաղաքներում, շրջաններում, երբ հիվանդանոցի մի փոքր հատված կարող են տրամադրել, որը հերիք է ազգաբնակչության տվյալ մասին: Մենք անսահմանափակ քանակությամբ ծնունդներ կարող ենք ընդունել:

Ծնունդների թիվը եղավ 150՝ 150 կընդունենք, 200՝ 200 կընդունենք: Գյումրու ծննդատունը երկրաշարժից հետո տարեկան 5000-ից ավելի ծնունդներ է ունեցել, Ախուրյանինն ավելի քիչ՝ 1500 է ունեցել, հետո բնակչության արտագաղթի, ծնելիության նվազման պատճառով թվերն ընկան: Եթե ես 4 թև ունեմ, Ավստրիականն ընդամենը մի թև, տարածքով էլ է սահմանափակ, աշխատողների քանակով էլ, հնարավորություններով էլ:

Դրա համար մեզ հետ մրցակցել չեն կարող բոլոր առումներով: Եթե ուզում են փակել, թող փակեն Ավստրիականը, քանի որ իրենք ունեն 40 աշխատակից, ես կարող եմ այդ 40 աշխատակցին իմ մոտ ընդունել, որովհետև ունեմ հնարավորություն. շենքս ավելի մեծ է: Գյումրու ծննդատունը մինչև փոքրացնելն ուներ 70 մահճակալ, 2006-ին իջեցրեցինք 30 մահճակալ: Ավստրիականը կարող է ամենաշատը 20 աշխատակից ընդունել, բա մեր մնացած 80 աշխատակիցները հայտնվեն փողոցո՞ւմ»:

Զրուցակցիս խոսքով՝ Գյումրիում անհրաժեշտ է բացել այնպիսի բաժանմունքներ, որոնց կարիքը իսկապես կա:

Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մեսրոպ Բզնունու խոսքով՝ այս պահին Գյումրու ծննդատան փակման հարցն օրակարգից հանված է:

Նշենք որ Գյումրու ծննդատան հնարավոր լուծարման մասին առաջին անգամ չէ, որ խոսվում է: Դեռևս այս տարվա հունվարին ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին բարձրացրել էր այս հարցը, իսկ Առողջապահության նոր նախարար Լևոն Ալթունյանն ամիսներ առաջ Գյումրի կատարած իր այցելության ժամանակ ծննդատան ներկայիս վիճակից վատ տպավորություն չէր ստացել.

«Շիրակի մարզը ստանում է ամենամեծ փայաբաժինն առողջապահության բյուջեի մարզերի մեջ՝ 4 միլիարդից ավելի դրամ»:

Ըստ նախարարի՝ անհրաժեշտ է առավելագույնս արդյունավետ օգտագործել այդ գումարը:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Գյումրու ծննդատունն աշխատավարձի, նաև դեղորայքի պարտքեր է կուտակել: Բացի այդ, ծննդատունը ՀՀ կառավարությունից գրեթե աջակցություն չի ստանում: Թե ի՞նչ պատճառով է ծննդատունը պարտքեր կուտակել, արդյո՞ք հարկային պարտավորությունները թերի կատարելու, կոմունալ, կենցաղային, աշխատավարձի պարտքերի մասին է խոսքը, կամ սարքավորումներ են գնել պարտքով, ընդհանուր առմամբ որքա՞ն պարտք են կուտակել, ո՞վ է այս հարցում մեղավոր:

Գյումրու ծննդատան տնօրեն Վ.Սարգսյանը մանրամասնում է.

«Բոլոր բժշկական հիմնարկները պարտքեր ունեն, այդ թվում՝ Գյումրու բժշկական կենտրոնը, Ավստրիական հիվանդանոցը, թող միայն մեր ծննդատան անունը չշեշտվի: Ամեն ինչից էլ փոքր գումարներով պարտքեր գոյություն ունեն: Պարտքերի գոյացման հիմնական պատճառն այն է, որ պետության կողմից տրամադրվող գումարները ոչ համաչափ են: 30 միլիոն պարտք էլ Ավստրիական հիվանդանոցն ունի, բայց իրենց եկող եկամուտն էլ է շատ, Գյումրու բժշկական հիմնարկը 100 միլիոնից ավելի պարտք ունի: Իսկ մեր մոտ, երբ ես տնօրեն դարձա, պարտքը 45 միլիոնից իջավ 25 միլիոնի: Ծննդատան պարտքերն առաջ եկան Ավստրիականը բացելու հետևանքով, ու ի հայտ եկան անհամաչափություններ՝ աշխատավարձի դրույքների և աշխատավարձերի հետ կապված պարտքեր: Հիմա Ծննդատան բյուջեն 240 միլիոն է, 1/3 մասը՝ մոտ 80 միլիոնը, կրճատեցին, տվեցին Ավստրիական հիվանդանոցին: Մենք էլ հիմնականում պետական ֆինանսավորմամբ հիմնարկ ենք: Պատկերացրեք, ոնց որ քո տան եկող եկամուտը բռնես 1/3-ով կրճատես:

Պետությունը մեզ 240 միլիոն էր տալիս, իջեցրեց 150-160 միլիոնի: Անկախ նրանից, թե ինչն ինչոց է, ես լույսին փող եմ տալու, ջրին փող եմ տալու, դրանց գներն էլ թանկացան, ծնունդների համար նախատեսված գումարներն էլ իջեցրեցին. ծննդաբերությունը ոչ միայն ՀՀ, այլև արտերկրի քաղաքացիների համար անվճար է: Օրինակ, Ռուսաստանի հետ պայմանագիր կա: Վճարովի ծառայությունները՝ գինեկոլոգիական որոշ ծառայություններ, հղիության արհեստական ընդհատում ու նմանատիպ փոքր ծառայություններ: Մեծ գումար չէ՝ 500.000-ից մինչև 1.000.000 դրամ՝ ամսվա կտրվածքով»:

Մեր հաջորդ հարցին՝ խորհրդակցե՞լ եք Շիրակի մարզպետի հետ, ի՞նչ եղանակով է հնարավոր փակել պարտքերը, քանի որ պարտքեր ունեցող բժշկական հիմնարկները սովորաբար անարդյունավետ են կառավարվում, նաև դրա արդյունքում են ի հայտ գալիս պարտքերը, ծննդատան տնօրենն ասաց, որ պետությունը չի կարող օգնել, մասնավորն էլ, ինչպես գիտենք՝ պետական հիմնարկներին օգնելու ցանկություն չունի:

Թե ի՞նչ հետևանքների կհանգեցնի Գյումրու ծննդատան հնարավոր փակումը (այս տարի դա տեղի չի ունենա, բայց հաջորդ տարի հարցը կրկին օրակարգում կլինի)՝ Վ.Սարգսյանը նշեց, որ ծննդկանները ստիպված կգնան Երևան ծննդաբերելու, որովհետև Ավստրիական հիվանդանոցը չի կարողանա բավարարել, այն պարզապես բաժանմունք է ու փոքր է:

Քանի որ Գյումրու ծննդատան աշխատակիցները ներքին կարգով ծննդատան փակման հարցում որպես շահագրգիռ կողմ համարում են Ավստրիական հիվանդանոցի տնօրենին, մենք ցանկացանք զրուցել նաև Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի հետ, սակայն վերջինս նշեց, որ չի ցանկանում այդ թեմային անդրադառնալ:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ առողջապահության ոլորտում տեղի ունեցող օպտիմալացման պատճառով ՀՀ-ում գործող որոշ ծննդատներ փակվելու են, քանի որ դրանց աշխատանքային գործունեությունն անարդյունավետ է:

Առողջապահության ոլորտում հերթական օպտիմալացման արդյունքում կտնտեսվի 200 մլն դրամ:

Անահիտ Սիմոնյան

Տեսանյութեր

Լրահոս