Բրյուսելում արգելված է պլաստիկե փաթեթների տարածումը խանութներում
Բելգիայի մայրաքաղաքը հրաժեշտ է տալիս միանգամյա օգտագործման պլաստիկե փաթեթներին. դրանց տարածումը առեւտրական կետերի դրամարկղներում քաղաքում արգելված է ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից։
Սակայն, ինչպես հայտնել է RTBF բելգիական հեռուստառադիոընկերությունը, առեւտրականները կկարողանան մինչեւ նոյեմբերի 30-ը տարածել ավելի վաղ գնված փաթեթները:
Նոր կանոնները վերաբերում են Բրյուսելի բոլոր խանութներին՝ առեւտրի բոլոր սեկտորներում, բայց չեն վերաբերում այն փաթեթներին, որոնցով նախապես փաթեթավորվում են առանձին ապրանքներ, օրինակ՝ մրգերն ու բանջարեղենը: Նման տարան կթույլատրվի մինչեւ 2018 թվականի սեպտեմբերը, հաղորդում է կայքը: Նաեւ, ինչպես ասված է Bruxelles Environnement-ի՝ Բելգիայի մայրաքաղաքի շրջակա միջավայրի եւ էներգիայի վարչակազմի պորտալում, առեւտրական կետերը կկարողանան բազմակի օգտագործման պլաստիկե փաթեթներ վաճառել իրենց գնորդներին: Այդ տարային են վերաբերում ավելի քան 50 միկրոն հաստությամբ փաթեթները:
Բրյուսելը բնավ էլ առաջին երկիրը չէ աշխարհի այն տարածաշրջանների ցուցակում, որոնք հրաժարվում են պլաստիկե փաթեթների օգտագործումից: Այսպես, օրինակ՝ Վալոնիայում՝ Բելգիայի խոշորագույն տարածաշրջաններից մեկում, առեւտրական կետերի դրամարկղներում պլաստիկե փաթեթների տրամադրումն արգելված է տակավին անցյալ տարվա վերջից:
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Ֆրանսիայում անցյալ տարվա կեսերին ուժի մեջ է մտել միանգամյա օգտագործման պլաստիկե փաթեթների վաճառքի արգելումը սուպերմարկետներում եւ շուկաներում:
Ընթացիկ տարվա օգոստոսին Քենիան աշխարհում ամենախիստ միջոցներն է սահմանել պոլիէթիլենային փաթեթների տարածման դեմ պայքարի գործում. այս տարայի արտադրության, վաճառքի եւ օգտագործման արգելքի մասին օրենքը նախատեսում է մինչեւ գրեթե 40 հազար դոլարի չափով տուգանքներ եւ ազատազրկում, հայտնել է Reuters գործակալությունը:
Հաղորդվել է նաեւ, որ ավելի վաղ պոլիէթիլենային փաթեթների տարածման դեմ համանման միջոցների ձեռնարկման մասին հայտարարել են աշխարհի 40 երկրների իշխանություններ, այդ թվում՝ մի շարք աֆրիկյան պետություններ՝ Կամերունը, Գվինեա-Բիսաուն, Մալին, Տանզանիան, Ուգանդան, Եթովպիան, Մավրիտանիան եւ Մալավին:
Պլաստիկե փաթեթները, շշերը, բաժակները կարեւոր բնապահպանական խնդիր են դարձել ամբողջ աշխարհում. դրանք տասնյակ եւ հարյուրավոր տարիներ չեն տարրալուծվում, անուղղելի վնաս են հասցնում ծովային էկոհամակարգերին եւ թռչուններին, աղտոտում են ծովերը, ափերը, անտառները: Գիտնականների հաշվարկներով՝ ամեն տարի համաշխարհային օվկիանոսում հայտնվում է 4,8 մլն-ից մինչեւ 12,7 մլն տոննա պլաստիկ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: