Ուզո՞ւմ ես օգտակար լինել ուրիշներին` ապրիր քեզ համար…
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ռուս հայտնիկ հոգեթերապևտ Միխայիլ Լիտվակի հետ հարցազրույցից պատառիկներ, ով պնդում է, որ, եթե ուզում ես օգտակար լինել ուրիշներին, ապրիր քեզ համար, չգիտե՞ս` ինչպես դաստիարակել երեխային, հանգիստ թող նրան, ուզում ես փոխե՞լ քո ճակատագիրը, հնարավոր է, քեզ հիմա՞ր են անվանել, համաձայնիր դրա հետ:
Առաջին հայացքից վերոնշյալ պնդումներն անհասկանալի են թվում: Մենք սովոր ենք ապրել և մտածել այլ կերպ: Իսկ գուցե մենք պարզապես նշանակություն չե՞նք տալիս այն բանին, որ գոյություն ունեն հստակ կանոններ, որոնց հետևելով` մենք կյանքում հասնում ենք նրան, ինչին ուզում ենք: Այս և այլ հարցերի շուրջ է Մ. Լիտվակի հետ զրույցը:
– «Եթե ուզում ես երջանիկ լինել» վերնագրով Ձեր գրքերից մեկը սկսվում է այսպիսի բառերով. «Ասում են, թե հույսը վերջինն է մեռնում, իսկ ես նրան առաջինը կսպանեի…»: Ինչո՞ւ:
– Այդպիսի եզրահանգման եմ եկել իմ աշխատանքային գործունեության ընթացքում: Մեզ մոտ շատերը հույսները դնում են ինչ-որ բանի կամ մեկի վրա և ոչինչ չեն անում: Դե, կանցնի էլի, կամ՝ մեկը կօգնի, ասպետը կգա սպիտակ ձիով և բոլոր հարցերը կլուծի… Բայց, միևնույն ժամանակ, մարդիկ հասկանում են, որ բնության երևույթները ենթարկվում են խիստ կանոնների: Ձեռքը եռացող ջրի մեջ մտցնել չի կարելի, , եթե հանկարծ մտցնես, ո՞ւմ ես մեղադրելու. Միայն քեզ: Իսկ ինչ վերաբերում է շփմանը, բոլորը համարում են, որ, եթե դիմացինը չլիներ, իր մոտ ամեն բան նորմալ կընթանար: Եվ նրանք չեն գիտակցում, որ շփման օրենքները բավականին խիստ են, և ճիշտ նույնպես ձեռքը մտցնում են եռման ջրի մեջ, բայց մեղադրում են ուրիշի: Այդ ժամանակ ես ասում եմ` դադարեք հույս ունենալ, ավելի լավ է՝ եկեք ուսումնասիրենք շփման կանոնները և գործենք դրանց համաձայն, և այդ ժամանակ դրանք մեզ կօգնեն:
– Ձեր գրքերում հանդիպում է այսպիսի մի հետաքրքիր եզրույթ` սցենարային վերածրագրավորում: Դա մարդու ճակատագրի՞ն է վերաբերում: Հնարավո՞ր է փոխել ճակատագիրը:
– Այո: «Եթե ուզում ես երջանիկ լինել» գրքում ես նկարագրում եմ 7 անհաջող սցենարներ և ցույց եմ տալիս, թե ինչպես են այդ մարդիկ մեր օգնությամբ վերափոխվել, և նրանց կյանքն ուրիշ է դարձել: Ի՞նչ բան է սցենարը: Դա այն հոգեբանական ուժն է, որը մարդուն քաշում-տանում է դեպի ճակատագիրը՝ անկախ այն բանից, թե նա դա ընդունում է՝ որպես ազատ ընտրությո՞ւն, թե՞ դիմադրում է: Մեր ճակատագիրը կախված է գեներից: Ես տղամարդ եմ, Դուք` կին: Եկեք հանդես գանք այդ դերերով: Ընդհանրապես, կյանքը հեշտ բան է, եթե դու ապրում ես քո սեփական բնույթի հետ ներդաշնակ:
Դաստիարակության գործընթացում շատ ծնողներ իրենց երեխայից ուզում են սարքել այն, ինչ հնարավոր չէ: Եվ նա վատ է զգում իրեն: Ավելի լավ է՝ երեխային ոչ թե դաստիարակել, այլ աճեցնել: Երեխան ուզում է դառնալ դերասան, իսկ մայրը նրանից հաշվապահ է սարքում, և այլն: Եվ այդպես նա սկսում է ապրել ոչ իր կյանքով, այլ այն սցենարով, որը նրա համար ծնողներն են գրել: Նրան պետք է վերածրագրավորել, որպեսզի նա վերադառնա ինքն իրեն: Պետք է ապրես ինքդ քեզ համար: Այդ դեպքում դու քո շրջապատի և շփման համար ճիշտ մարդկանց կընտրես: Ամենակարևորն այն մարդն է, ում հետ դու համագործակցում ես:
– Դուք ասում եք, որ պետք է սիրես ինքդ քեզ: Մենք, ի՛նչ է, չե՞նք կարողանում սիրել ինքներս մեզ:
– Գիտե՞ք, մեզ մոտ հաճախ սերը շփոթում են հրապուրանքի հետ: Ես ինչպե՞ս կարող եմ հավատալ, որ կինն ինձ սիրում է, եթե նա ապրում է իմ հաշվին: Իսկ ուրիշ բան է, երբ նա ինքնուրույն ու ինքնաբավ է և, այնուամենայնիվ, ինձ հետ է: Այդ դեպքում ես նրան կհավատամ:
Սկզբունքորեն կախյալ, ոչ ինքնուրույն մարդը սիրել չի կարող: Ես զբաղվում եմ ֆիզկուլտուրայով, գիրք եմ կարդում, որակավորումս եմ բարձրացնում: Սրանք ինձ համար օգտակար բաներ են, և ուրեմն ես սեր եմ դրսևորում ինքս իմ նկատմամբ: Հասարակությունը դրանից միայն շահում է: Մարդն ուրիշների համար օգտակար է լինում, երբ ճիշտ ապրում է իր համար: Մարդը միշտ սիրո կարիք ունի, միշտ:
– Այնուամենայնիվ, ի՞նչ է պետք անել երջանիկ լինելու համար:
– Երջանկության բանաձև՝ «Ուզում եմ, կարող եմ և պետք է»-ն պետք է ունենան միևնույն բովանդակությունը: Այդ դեպքում ամեն ինչ տեղը կընկնի: Եթե ես ուզում եմ, բայց չեմ կարող, ապա ի՞նչ է պետք… ճիշտ է, սովորել դա անել:
– Դուք գրում եք, որ ինչքան շատ եք խորհուրդներ տալիս, այնքան շատ եք թշնամիներ վաստակում: Կբացատրե՞ք` ինչ նկատի ունեք:
– Ես մի այսպիսի բանաձև եմ մտածել` հոգեբանի որակավորումը հակառակ համամասնական է՝ տրված խորհուրդների քանակին: Լավ հոգեբանը խորհուրդներ չի տալիս. Նա օգնում է կայացնել ճիշտ որոշումներ: Ես բացատրում եմ, թե ինչպիսին է կյանքը: Այս անես՝ այսպես կլինի, այն՝ այնպես: Սրանք օրենքներ են, որոնք բացառություն չեն ճանաչում: Իսկ հիմա ընտրեք ինքներդ: Իմ խնդիրն այն է, որ իմ այցելուն կարողանա ապրել առանց ինձ:
Այդ պատճառով էլ, եթե հոգեբանը Ձեզ խորհուրդ է տալիս, շնորհակալություն հայտնեք, պտտվեք ու հեռացեք և այլևս նրա մոտ մի վերադարձեք: Պետք է ինքնուրույնաբար որոշում կայացնեք: Եվս մի բան: Հեռացեք այն բժշկից, ով կերաշխավորի լրիվ առողջացում: Ամեն ինչ չէ, որ բժշկից է կախված. Շատ բան կախված է մարդուց: Վաղուց հայտնի է, որ օրգանիզմն ինքն է իրեն բուժում, իսկ բժիշկն օգնում է: Եվ վերջին խորհուրդս. Հույս պետք է դնել միայն սեփական ուժերի վրա: Երբ սկսես ինչ-որ բան անել, միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր քեզ կօգնեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը