Բաժիններ՝

Ի՞նչ է լինելու 13 փակված դպրոցների շենքերի հետ. պարզաբանում է ՀՀ կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետը

«Այս տարի շուրջ 40 հազար առաջին դասարանցիներ կգնան դպրոց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: Ա. Արշակյանն ասաց, որ սա բյուջեի պլանավորման թիվն է, իսկ վերջնական թիվն իրենք կունենան սեպտեմբերի 5-ից հետո:

Նրա խոսքով՝ բոլոր հանրակրթական դպրոցներն ապահովված են դասագրքերով, իսկ 1-4-րդ դասարանցիները դասագրքերը կստանան անվճար.  «Սահմանամերձ 38 համայնքների 4-12 րդ դասարանների դասագրքերը նույնպես կլինեն անվճար»:

Ա. Արշակյանը նշեց, որ բոլոր դպրոցները պատրաստ են սեպտեմբերի 1-ին: Նա նաև նկատեց, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի 12-ամյա պարտադիր կրթության իրավունքը.

«Նման կրթական համակարգն աշխարհի կայուն զարգացման հիմքն է: Մեծ ուշադրություն ենք դարձնելու նաև այն խնդրին, որ 6 տարեկանից երեխաները սկսեն իրենց դասապրոցեսը: Այսուհետ նաև պարտադիր է 12-ամյա կրթություն ստանալու պահանջը, այսինքն՝ պետք է, որ 8-րդ դասարանն ավարտելուց հետո կրթությունը շարունակեն կա՛մ արհեստագործական վարժարաններում, կա՛մ միջին մասնագիտական կրթություն ստանան, կա՛մ գնան ավագ դպրոց, և այլն»:

Բանախոսի դիտարկմամբ՝ հատուկ դպրոցները, որոնք ՀՀ-ում 21-ն են, վերակազմակերպվելու են՝ դառնալով մանկավարժահոգեբանական աջակցություն ցուցաբերող կենտրոններ.

«Արդեն Սյունիքի մարզում ավարտված են, ընթացքի մեջ են Տավուշի և Լուռու մարզերը, մինչև 2025 թվականը մենք կանցնենք համընդհանուր ներառական կրթության: Այստեղ ևս խնդիր կա երեխայի կրթությունից դուրս մնալու հետ կապված, քանի որ շատ ծնողներ իրենց երեխաներին չեն թույլատրում հաճախել դպրոց: Այս համակարգը թույլ կտա հայտնաբերել նաև այդ երեխաներին և լուծել այդ խնդիրները»:

Հիշեցնենք, որ այս տարի 13 դպրոց միանալու է այլ 13-ի: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ է լինելու այդ 13 դպրոցների շենքերի հետ, հնարավո՞ր է՝ հյուրանոցների վերածվեն: Ի պատասխան՝ Ա. Արշակյանն ասաց, որ օրենք կա, որ կրթական հաստատությունները պետք է ծառայեն միայն կրթական նպատակներին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս