Բաժիններ՝

«Ես նկարել եմ, թե ինչ տառապանքներ է բերում պատերազմը». Գագիկ Հարությունյանի լուսանկարների ոչնչացման իրական պատմությունը

Հայաստանի նկարիչների միությունում անցկացվում է խորհրդահայ հայտնի լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի առաջին հետահայաց ցուցահանդեսը, որը կրում է «Ժամանակի ստվերները» խորագիրը:

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության և «Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամի կողմից ներկայացվող լայնածավալ ցուցահանդեսում ներկայացված է Գագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստը 1970-1995 թթ.-ին:

Ցուցահանդեսի լուսանկարներից յուրաքանչյուրը մի մարդկային պատմություն է։ Բամբակե թղթի վրա պիգմենտային տպագրությամբ լուսանկարները վերցված են «Գյուղական էսքիզներ», «Ղարաբաղ», «Լարախաղաց», «Թոնիր», «Հին քաղաք» և այլ շարքերից:

Ինչո՞ւ էր այսքան երկար ժամանակ լուռ արվեստագետը

Հենց ցուցասրահում մեզ հաջողվեց զրուցել հայտնի լուսանկարչի հետ և ստանալ մի շարք հարցերի պատասխաններ։

«Նոր սերունդը չգիտի իմ մասին, որովհետև չէի ցանկանում ցուցադրվել։ Պատճառները բազում են, բայց նախ՝ միջոցներ էր պետք ունենալ։ Ես միշտ շարքերով եմ աշխատել, և ցանկանում էի այդ շարքերը լրացնել, ավարտին հասցնել։ Այդ տարիների մթնոլորտն ուրիշ էր։ Ես երեկ և այսօր շատ լավ հասկացա՝ ճիշտ էի ես, որ չէի ցուցադրվում, որովհետև հանդիսատեսն էլ պետք է պատրաստ լինի։ Եթե այս ցուցահանդեսն անեի ավելի վաղ, կդիտվեր, բայց երբեք նման արձագանքներ չէր ունենա, հատկապես՝ երիտասարդների շրջանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը։

Խորը հիասթափության պատճառները

1990-ականներին լուսանկարիչը խորը հիասթափություն է ապրում և դադարում ստեղծագործել։ Թե ի՞նչն էր հիասթափության պատճառը, պարզեցինք անձամբ լուսանկարչից։

«Ամենակարևորը՝ աշխատանք չկար։ Ապրել էր պետք, բայց աշխատանք չկար, ես ընտանիք ունեի, և նախ այդ հարցերը պետք էր լուծել, չէ՞։ Առաջին հերթին՝ պետք է ընտանիքին պահել, հետո նոր զբաղվել քո սիրելի գործով։ Տանեցիներն ասում էին՝ մտածիր, պետք է ընտանիք ստեղծել, և այլն, նման խոսակցություններ բոլորի տներում էլ լինում են։ Ես փոխեցի աշխատանքս․ կահույք էի պատրաստում»,- պատմեց լուսանկարիչը։

Լուսանկարների ոչնչացման իրական պատմությունը

1990-ականների վերջերին արվեստագետը ոչնչացրել է իր տպված լուսանկարների գրեթե ամբողջ հավաքածուն: Պահպանված սևապատկերներից շուրջ երկու հարյուրը վերականգնվել ու տպվել են այս նախագծի իրականացման համար անհրաժեշտ վեց տարիների ընթացքում: Գագիկ Հարությունյանը, սակայն, նկատում է՝ լուսանկարների ոչնչացման մասին պատմությունն ուռճացված է. «Կան նկարներ, որոնք պետք չեն, և դրանց ներկայությունը խանգարում էր ինձ։ 1990-ականների սկզբներին ես ցուցահանդեսի համար լուսանկարներ տպագրեցի շատ հին թղթի վրա, որը շատ բարակ էր։ Ես դրանց կյանք տալու համար մասնակի սեպիա արեցի, որպեսզի թղթի տհաճ սևությունը հնարավորինս կորչի։ Լուսանկարները շատ էին, և ամեն նեգատիվից մոտ 5 լուսանկար եմ տպագրել։ Բայց տպագրության ժամանակ թղթի կորուստը մեծ էր, որովհետև, եթե մի բան լավ չէր ստացվում, ստիպված էի նորից անել։ Ես ընտրում էի լավագույն օրինակները, իսկ մնացածը, բնական է, ոչնչացնում էի։ Եթե կա լավը, ինչո՞ւ ցուցադրել վատը»։

Բացի այդ՝ մեր զրուցակիցը պատմում է, որ եղել են նեգատիվներ, որոնք ոչ թե ոչնչացրել է, այլ նվիրել. «Հետո էի մտածում, որ նվիրել եմ ու բան չունեմ ցուցադրելու»։

Գիտելիքները նոր սերնդին փոխանցելու մասին

Ցուցահանդեսի ժամանակ հատկապես երիտասարդ լուսանկարիչներն ասում էին, որ Գագիկ Հարությունյանից շատ բան ունեն սովորելու։ Լուսանկարիչը մեզ պատմեց, որ դասավանդման փորձ ունեցել է, սակայն… «Ես թերթում էի աշխատում, ինձ հրավիրեցին Գեղարվեստա-թատերական ինստիտուտ, այնտեղ դասավանդելու։ Բացի նրանից, որ համապատասխան պայմաններ չկային՝ լուսանկարչություն սովորեցնելու համար, զգում էի, որ ոչ ուսանողներին է պետք այդ ամենը, ոչ էլ ինձ, որովհետև անիմաստ ժամանակ էի վատնում»։

«Ինձ միշտ հետաքրքրում է մարդը»

«Ժամանակի ստվերները» ցուցահանդեսի բոլոր լուսանկարները լուսանկարչի ապրած հոգեվիճակներն են արտացոլում։

«Դրանցում կորչում է նորն ու հինը։ Եթե ես ամպը նկարելիս՝ մի ձևով եմ մտածել, հարյուր տարի էլ անցնի՝ նույն ձևով եմ մտածելու»,- ասում է լուսանկարիչը՝ հավելելով, որ նորանկախ հանրապետությունը պատկերված է «Ղարաբաղ» շարքում, որտեղ նկարել է այն, ինչ տեսել, զգացել է։

«Իմ լուսանկարներում այն պատերազմը չէ, որը մենք տեսել ենք սովետական ֆիլմերում կամ լուսանկարներում։ Ես ավելի շատ հետևանքներն եմ նկարել, թե ինչ տառապանքներ է բերում այդ պատերազմը, ինչպես է ազդում հասարակ մարդկանց վրա։ «Ղարաբաղ» շարքի լուսանկարներից մեկում գերանդին ուսին մարդ կա ու մի կին․ այդ լուսանկարում սպասում կա, կինը սպասում աղետի։ Ինձ միշտ հետաքրքրում է մարդը, որտեղ էլ որ լինի։ Մարդն ինչպես է մտածում, մարդու տարբեր վիճակները։ «Թռչնաբուծական ֆաբրիկան» մարդու վիճակներ է, ավելի շուտ ՝ ոչ թե վիճակներ, այլ՝ մտածելու թեմաներ, թե ինչ և ինչու ենք անում»,- նշեց Գագիկ Հարությունյանը։

Ինչ վերաբերում է նոր լուսանկարներ ունենալուն, նա ասաց. «Տեսնենք, դա շատ բաների հետ է կապված։ Մինչև ասելիք չունենամ, երևի չեմ սկսի։ Չնայած՝ ասելիքներ կան, միջոցներ են պետք։ Հիմա չեմ կարող ասել, թե մեկ ամսից նոր ցուցահանդես կունենամ, որովհետև ինքն իրեն է ծնվում ամենը։ Ինչո՞ւ այսքան ժամանակ տևեց, որովհետև ամեն ինչ պետք է զարգանար-զարգանար, հասունացավ, և հիմա ծառից քաղում ենք և ուտում»։

Ցուցահանդեսի նպատակը

Այս նախագծի ղեկավարը «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Սոնա Հարությունյանն է։ Նա նաև լուսանկարչի դուստրն է։ Մեզ հետ զրույցում Սոնա Հարությունյանն ասաց, որ «Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամի հետ միասին փորձել են հայկական ժամանակակից արվեստի դաշտում գործող լուսանկարիչներին ներկայացնել, թե որտեղից են սերում իրենք, որտեղից են գալիս հայ լուսանկարչության ակունքները։

«Գագիկ Հարությունյանն այն լուսանկարիչներից է, որ Խորհրդային Միության ժամանակ, կարելի է ասել, հեղափոխական քայլ արեց և լուսանկարչությունը բարձրացրեց մի որակի, որն այսօր կոչվում է գեղարվեստական լուսանկարչություն։ 1981-86թթ. Գագիկ Հարությունյանը՝ համագործակցելով Վիգեն Թադևոսյանի հետ, որը «Գարուն» ամսագրի գեղարվեստական խմբագիրն էր, փորձեց «Գարուն» ամսագրի միջոցով լուսանկարներին հաղորդել արվեստի ոլորտի բնույթ։ Լուսանկարը մարդկանց ընկալման մեջ չէր մնում՝ որպես զուտ փաստեր վավերացնելու գործոն, այլ՝ գեղարվեստական լուսանկարչություն, որը նաև արվեստի մեկ ոլորտ է։ Այս ցուցահանդեսը նախաձեռնեցինք, որովհետև արվեստագետը երկար ժամանակ չէր ցանկանում ցուցադրվել, գոյություն չունեին այն աշխատանքները, որոնք ինքը ժամանակին ցուցադրել էր, քանի որ անցման շրջանում Գագիկ Հարությունյանը ոչնչացրել էր մի քանի աշխատանքներ, և մեզնից պահանջվեց 6 տարի ժամանակ, որպեսզի վերականգնեինք 200 աշխատանք։ Այսօր ցուցադրում ենք վերականգնված 200 լուսանկարներից 183-ը»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ Գագիկ Հարությունյանը նաև խորհրդահայ լուսանկարչության միակ արվեստագետն է, որն աշխատել է պատկերաշարքերով՝ «Երևանյան լիճ», «Թռչնաբուծական ֆաբրիկա», «Ղարաբաղ», և այլն։

Լուսանկարները՝ վառարանում

Լուսանկարչի դստերը ևս խնդրեցինք պատմել, թե ինչի՞ց էր հիասթափվել հայրը։ «Այստեղ մի քանի գործոններ կային։ Առաջին հերթին՝ 1992-1993թթ. սարսափելի երևանյան ձմեռն էր, որը զուտ առօրեական խնդիր էր, և, երբ վառարանի համար որևէ նյութ չկար, ինքը պատռում էր ցուցահանդեսներում ներկայացված իր լուսանկարները և նետում վառարանը։

Երկրորդ՝ նա այդ տարիներին ուներ մի շարք հստակ ձևակերպված նախագծեր, որոնց համար փորձում էր հովանավորներ գտնել, և այն փաստը, որ այդ սոցիալապես բարդ տարիներին հնարավոր չեղավ ֆինանսավորողներ գտնել, այդ գաղափարներն իրականացնել և հայ հանդիսատեսին ի ցույց դնել, որոշակի հիասթափության արդյունք հանդիսացավ։ Այդ տարիներին փլուզվեց նաև ԱՕԿՍ-ը, որտեղ նա երկար տարիներ աշխատել էր։ Այդ կազմակերպության շնորհիվ լինում էր արտերկրում և այստեղի հանրությանը ներկայացում «երկաթե վարագույրներից» այն կողմ եղած աշխարհը։ Նա հայ լուսանկարչության մեջ առաջին և մինչ օրս միակ լուսանկարիչն է, ով պատկերել է Աֆրիկան՝ ԽՍՀՄ ժամանակահատվածում»,- պարզաբանեց Սոնա Հարությունյանը։

«Աֆրիկա» շարքի մասին պատմում է լուսանկարիչը

«Ամեն տարի մի որևէ երկրում անց էր կացվում ՍՍՀՄ-ի մշակութային օրեր, բայց որևէ հանրապետության օրինակով։ Օրինակ՝ Հայաստանը Գվինեայում և Սենեգալում անց էր կացնում մշակութային օրեր։ Ես մի քանի անգամ գնացել եմ արտերկիր, մեզ ուղարկում էին նկարելու այդ միջոցառումները։ Դա այնքան ձանձրալի էր դարձել, և ես փորձում էի ժամանակ գտնել ու նկարել այն, ինչ ինձ է հաճելի։ «Աֆրիկա» շարքն էլ եմ այդպես ստեղծել։ Բայց այն Աֆրիկան, որը պատկերացնում էի, ես չեմ տեսել, որովհետև ժամանակ չկար, ազատ չէի, որ կարողանայի հանգիստ ստեղծագործել։ Դրա համար այդ շարքի երեք դիմանկարն ինձ համար մեծ արժեք ունեն»,- պատմեց լուսանկարիչը։

Գագիկ Հարությունյանի «Ժամանակի ստվերները» խորագիրը կրող ցուցահանդեսը կշարունակվի մինչև սեպտեմբերի 9-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս