«Հայաստանի համար ահաբեկչական սպառնալիք է ոչ թե ԻԼԻՊ-ը, այլ Ադրբեջանը». Արմեն Պետրոսյան
Հռոմի պապը՝ ահաբեկիչների թիրախում
Եվրոպայում և ՌԴ-ում ահաբեկչական գործողություններ իրականացնելուց և դրանց վերաբերյալ տեսանյութեր տարածելուց հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր քարոզչական տեսանյութ է հրապարակել, որում ահաբեկիչները ոտքերով հարվածում են Հիսուսի արձանին, պատռում Հռոմի պապի լուսանկարները և խոստանում հայտնվել Հռոմում։
Սա նորություն չէ, քանի որ Հռոմի պապը վաղուց է իսլամականների թիրախում։ 2015թ. Իտալիայում բացահայտվեց և ձերբակալվեց Հռոմի պապի վրա հարձակման փորձ կատարած երիտասարդ տղաների խումբը: Նրանցից երեքը եղել են Իտալիայից, մեկը՝ Կոսովոյից: Համացանցում նրանք հայտարարել էին, որ Ֆրանցիսկոսը կլինի վերջին պապը։ Նախորդ տարի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները հայտարարեցին, որ իրենց գլխավոր թշնամին Հռոմի պապ Ֆրանցիսկոսն է։ Նրանք մասնավորապես ասել էին. «Մենք ատում ենք քեզ առաջին հերթին այն բանի համար, որ դու չես հավատում Ալլահին: Մենք ատում ենք քեզ այն պատճառով, որ քո աշխարհիկ և ազատական հասարակությունն իրեն թույլ է տալիս այն ամենը, ինչ արգելված է Ալլահի կողմից»:
Արաբագետ Արմեն Պետրոսյանից փորձեցինք պարզել, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ինչո՞ւ է թիրախավորել Հռոմի պապին և ի՞նչ է փորձում ցույց տալ՝ նման տեսաուղերձներ տարածելով։
«Այս սպառնալիքներն ավելի շատ կգնահատեմ՝ որպես քարոզչական քայլ ԻԼԻՊ-ի կողմից՝ հաշվի առնելով ընդամենը մի քանի օր առաջ Բարսելոնայում տեղի ունեցած բավական մասշտաբային ահաբեկչական գործողությունները։ Բացի Հռոմի պապին ուղղված սպառնալիքներով տեսաուղերձից՝ այլ տեսաուղերձներ էլ են եղել այս օրերին, որտեղ խոսում էին Իսպանիայի, Ռուսաստանի, Իրանի դեմ հնարավոր ահաբեկչությունների մասին։ Այսինքն՝ օգտագործելով հետահաբեկչական բավական պատեհ իրավիճակը՝ փորձում են քարոզչական որոշակի դիվիդենտներ ձեռք բերել, և կարծում եմ, որ այս տեսաուղերձն էլ այդ շարքից է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արաբագետը՝ այնուամենայնիվ նկատելով, որ Իտալիան ԻԼԻՊ-ի ամենահավանական թիրախներից մեկն է։
«Որքան մոտենում է ԻԼԻՊ-ի «վախճանը» սեփական բնօրրանում, այնքան իսլամականները կակտիվանան և կփորձեն հաստատվել Արևմտյան երկրներում»,- նկատեց նա։
Քրիստոնյա Հայաստանն ու «Իսլամական պետությունը»
«Իսլամական պետության» գրոհայինները բազմիցս սպառնացել են ոչնչացնել բոլոր քրիստոնյաներին։ 2015թ. համացանցը ողողվեց «Իսլամական պետության» գրոհայինների տարածած՝ «Արյունով գրված կոչ խաչապաշտ ժողովուրդներին» վերտառությամբ տեսանյութով։
Տեսագրության մեջ սևազգեստ մարդիկ ծովափնյա տեղանքում ուղեկցում էին նարնջագույն սավան հագած մոտ 20 գերիների: Ըստ ներկայացված տեղեկատվության՝ գործողությունը տեղի էր ունենում Միջերկրական ծովի ափին՝ լիբիական Տրիպոլիի շրջանում: Գերիները եգիպտացի ղպտիներ են, ինչպես հայտնի է, նրանք քրիստոնյաներ են: «Իսլամական պետությունը» պառնացել էր նաև Ռամադան ամսվա ընթացքում քրիստոնյաներին ցեղասպանության ենթարկել կամ էլ Երուսաղեմից արտաքսել։ Ահաբեկիչները նշել էին, որ նման հարձակումների նպատակն Իսրայելը քրիստոնյաներից մաքրելն է, որպեսզի սուրբ տոնին Իսրայելում ոչ մի քրիստոնյա չլինի: Հրեաների հասցեին որևէ սպառնալիք չկար:
Արմեն Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք քրիստոնյա Հայաստանը գտնվո՞ւմ է ահաբեկչական սպառնալիքի տակ, քանի որ բազմիցս խոսվում է, որ Հարավային Կովկասում այդ վտանգն առկա է։
«Ուղղակի ահաբեկչական սպառնալիք Հայաստանի համար, բազմիցս նշել եմ, որ չկա, հատկապես՝ իսլամական ծայրահեղականներից։ Մենք, առաջին հերթին, չունենք մեր երկրի քաղաքացիներ, որոնք հանդես են գալիս մերձավորարևելյան իրադարձություններում, և նրանց վերադարձը կարող է սպառնալիք հանդիսանալ, ինչպես, օրինակ՝ եվրոպական և մեր հարևան որոշ երկրներում։ Հաջորդը՝ ՀՀ-ն չունենալով մուսուլմանական ազգաբնակչություն՝ այս առումով ևս բավական ապահովագրված վիճակում է գտնվում, քանի որ տարբեր երկրներում բնակվող մուսուլման ազգաբնակչության շրջանում են տարածվում այս ծայրահեղական գաղափարները»,- հստակեցրեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ սպառնալիքի տակ ավելի շատ գտնվում են Մերձավոր Արևելքի և արևմտյան երկրների հայկական համայնքները։
Ըստ Պետրոսյանի՝ Հայաստանի համար ահաբեկչական սպառնալիքն Ադրբեջանն է. «Մեր հարևան Ադրբեջանի գործողություններն են ահաբեկչական։ Պետք է զգոն լինենք, որ փորձենք դիմագրավել Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին՝ ուղղված և՛ Արցախի Հանրապետությանը, և՛ ՀՀ-ին»։
Միջազգային հանրությունը կանգնել է փաստի առաջ
Ըստ արաբագետի՝ ԻԼԻՊ-ի գործողությունները ցույց են տալիս, որ առնվազն 1.5 տարվա ընթացքում կոալիցիոն գործողություններն ավելի արդյունավետ են դարձել. «Այն ժամանակ, երբ ԻԼԻՊ-ը փոխեց իր մարտավարությունը՝ հարձակողական գործողություններից անցնելով նահանջի և շատ ավելի ակտիվացնելով գործողությունները հենց հակառակորդ երկրներում, խոսում է այն մասին, որ ԻԼԻՊ-ի դեմ գործողությունները որոշակի արդյունավետություն ունենում են։ Մինչդեռ այստեղ ամբողջ հարցն այն է, որ այդ վճռականությունը շարունակական և սկզբունքային բնույթ ունենա, քանի որ չի բացառվում, որ, օրինակ՝ սիրիական հակամարտության հետ կապված գերտերությունների միջև առկա այլ խնդիրներն անդրադառնան նաև ԻԼԻՊ-ի դեմ պայքարի վրա։ Այսինքն՝ դարձյալ ԻԼԻՊ-ի գործոնն օգտագործվի՝ որպես ինչպես՝ տարածաշրջանային, այնպես էլ՝ աշխարհաքաղաքական դերակատարների միջև հակամարտության դրսևորման հերթական գործիք»։
Միևնույն ժամանակ, ըստ Պետրոսյանի՝ ահաբեկչական աննախադեպ բարձր սպառնալիքն ամբողջ աշխարհում փաստի առաջ է կանգնեցրել միջազգային հանրությանը՝ օր առաջ վերջ դնելու մերօրյա չարիքին, որը, արաբագետի խոսքով՝ փաստացի գաղափարական ծնողն է այդ գործողությունների. «Մի կարևոր գործոն պետք է հաշվի առնել՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարը չի ենթադրում ռազմական գործողություններ կամ կառույցի վերացում իր բնօրրանում, կամ նրա բջիջների վերացում այլ երկրներում, այլ շատ ավելի բարդ է լինելու կառույցի դեմ գաղափարական պայքարը։ Գուցե մոտ ապագայում մենք տեսնենք «Իսլամական պետություն» կառույցի վերացում, բայց ես համոզված եմ, որ տևական ժամանակ նրա գաղափարախոսությունը բավականին ազդեցիկ կլինի, ինչն ամբողջ աշխարհում ահաբեկչական սպառնալիքի հավելյալ դրդապատճառ կդառնա։ Գաղափարական պայքարն ավելի մեծ ջանքեր ու նպատակաուղղված գործողություններ է ենթադրում»։