Ինչո՞ւ է գաղտնի պահվում վարչապետի որոշումը
Ամիսներ առաջ ՀՀ կառավարությունը նախաձեռնեց տեսչական բարեփոխումներ՝ նպատակ ունենալով կրճատել 18 պետական տեսչությունները, թողնելով 6-ը, դրանք էլ դարձնել տեսչական մարմիններ: Լուծարվեց Աշխատանքի պետական տեսչությունը և միացվեց Առողջապահական տեսչությանը, նաև լուծարվեցին ՀՀ արդարադատության նախարարության Օրինականության վերահսկողության տեսչությունը, Գյուղտեխնիկայի տեսչությունը, ստեղծվեցին Շուկայի վերահսկողության տեսչական մարմին, Բնապահպանական ընդերքի տեսչական մարմինը, և այլն: Տեսչական մարմինների համար սահմանվեցին գնահատման չափորոշիչներ՝ ըստ ոլորտների: Թվում է, թե ամեն ինչ լավ է, տեսչական մարմիններն ավելի արդյունավետ կլինեն, իսկ դրանց աշխատանքը՝ ավելի թափանցիկ ու չափելի։ Սակայն իրականում ակնհայտ խնդիր կա, որի պատասխանը պետք է տա կառավարությունը։
Խոսքն Առողջապահական տեսչական մարմնի, առավել կոնկրետ՝ դրա ղեկավարի նշանակման մասին է։ Վերջերս այդ մարմնի ղեկավար է նշանակվել Գարուշ Հովհաննիսյանը, ով մինչ այդ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի օգնականն էր։ Խնդիրն այն է, որ ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի 444 որոշման հավելվածի 19-րդ կետի համաձայն՝ տեսչական մարմնի ղեկավար կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող, վերջին 10 տարվա ընթացքում պետական կառավարման ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ, կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի: Մինչդեռ Գարուշ Հովհաննիսյանը չի բավարարում այդ պահանջներին, մասնավորապես՝ նա աշխատել է բանկային համակարգում, ստաժը ոչ թե՝ 5, այլ՝ 4 տարի է, և առողջապահական ոլորտին ծանոթ չէ, ինչպես նաև ծանոթ չէ պետական կառավարման համակարգին։
Նախկինում տեսչությունների պետերը նշանակվում էին միանձնյա որոշմամբ, այժմ մարմինների ղեկավարների թեկնածուներին ընտրում են կառավարման խորհուրդները և ներկայացնում վարչապետի հաստատմանը։
Հուլիսի 14-ին Առողջապահության նախարարությունում կայացել է Առողջապահական տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը։ Խորհուրդը ղեկավարում է նախարար Լ.Ալթունյանը, բացի պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից, դրա կազմում ընդգրկված են տարբեր միությունների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ Օրակարգի միակ հարցը տեսչական մարմնի ղեկավարի ընտրությունն էր։ Լևոն Ալթունյանը ներկայացրել է միայն իր օգնական Գարուշ Հովհաննիսյանի թեկնածությունը։ Սակայն Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, դոկտոր պրոֆեսոր Վարդուհի Պետրոսյանը դժգոհել է, որ միայն 1 թեկնածու է առաջադրվում, և մտահոգություն է հայտնել ավելի բարձր որակավորմամբ մասնագետ ընտրելու հնարավորություն չունենալու կապակցությամբ։ Նա առաջարկել է անգամ նիստը հետաձգել՝ թեկնածուի համապատասխանությունը տվյալ պաշտոնին խորությամբ ուսումնասիրելու նպատակով, և առաջադրելու այլ թեկնածուներ՝ լավագույնին ընտրելու նպատակով։ Թեկնածուի մասնագիտական ունակություններից դժգոհել է նաև Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը՝ հարցադրում անելով, թե ինչպե՞ս է նա աշխատանքի ընթացքում առաջացած մասնագիտական հարցերին պատասխանելու, և արդյո՞ք գրասենյակային ադմինիստրատորը տվյալ պաշտոնի լավագույն թեկնածուն է։
Նախարարը շեշտել է, որ անհրաժեշտ է կարճ ժամկետներում ստեղծել Առողջապահական տեսչական մարմինը, և պնդել, որ թեկնածուն ունի կառավարման մեծ փորձ և հմտություններ։ ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խմբի անդամ Ա.Ասոյանն էլ վստահեցրել է, թե Առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը նեղ մասնագիտական, տվյալ դեպքում՝ առողջապահության բնագավառի աշխատանքային ստաժի պահանջ չի պարունակում։
Ի վերջո, Գարուշ Հովհաննիսյանի թեկնածությունը հաստատվել է ձայների 8 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ։
Ուշագրավ է, որ խորհրդի որոշումը նույն օրն ուղարկվել է վարչապետ Կարեն Կարապետյանին։ Սակայն վերջինս չի շտապել որոշում կայացնել և հաստատել այն։ ՀՀ վարչապետի 885-Ա որոշմամբ Գարուշ Հովհաննիսյանն Առողջապահական տեսչական մարմնի ղեկավար նշանակվել է միայն օգոստոսի 8-ին։ Նշանակումը ձգձգվել է, քանի որ ամբողջ այդ ընթացքում փորձ է արվել ամեն կերպ լուծել ստաժի համապատասխանության հարցը, նույնիսկ հարցում է արվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից ստացվել է բացասական պատասխան։ Չնայած դրան, վարչապետը ստորագրել է փաստաթուղթը, որը, սակայն, գաղտնի է պահվում և պաշտոնապես չի հրապարակվում։
Զարմանալին այն է, որ հրապարակվում են անգամ այս կամ այն չինովնիկին արձակուրդ տրամադրելու մասին վարչապետի որոշումները, սակայն գաղտնի է պահվում մի որոշում, որով նշանակվել է երկրի առողջապահական ոլորտի անվտանգության պատասխանատուն։
Որոշումն օգոստոսի 21-ին հանկարծակի հայտնվեց ԻՐՏԵԿ իրավական կայքէջում , սակայն շարունակում է բացակայել www.egov.am և www.arlis.am կայքերից։
Այս որոշումից բխող իրավական հետևանքներն ի հայտ կգան առաջիկայում, երբ տնտեսվարողները և նախկին աշխատակիցները դատարանում վիճարկեն տեսչական մարմնի ղեկավարի կայացրած որոշումները։
Իրականում նման մոտեցումները փչացնում են բարեփոխումների ողջ ընթացքն ու պատճառ են դառնալու, որ այդքան ռեսուրսն ու ջանքերն ի հօդս ցնդեն ինչ-որ մեկի քմահաճույքի պատճառով: Իսկ նման մեթոդներով վարչապետի առաջընթաց ապահովող որոշումները հիշեցնում են ռուսական թևավոր խոսքը՝ «хотели как лучше, а получилось как всегда»։