«Մենք պետք է այս աղբակույտերի դեմ պայքարենք. դրանք կարող են հանդիսանալ տարբեր հիվանդությունների փոխանցման գործոններ». Լիլիթ Ավետիսյան
«Աղբը՝ որպես հակահիգիենիկ գործոն, և՛ էսթետիկ առումով, և՛ հիվանդությունների առումով, շատ վտանգավոր է»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Լիլիթ Ավետիսյանը՝ խոսելով Երևանում հատկապես վերջին շրջանում նկատվող աղբի կուտակումների և դրանց ունեցած բացասական ազդեցություններին մասին:
Հիշեցնենք, որ «Սանիթեք» ընկերությունը հայտարարություն էր տարածել՝ պարզաբանելով աղբահանության գործընթացի խափանումների պատճառները: «Խափանման պատճառն այն է, որ վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ որոշ անբարեխիղճ բնակիչներ շինարարական կոշտ աղբը՝ որպես կենցաղային աղբ, նետել են աղբամանների մեջ: Արդյունքում՝ աշխատանքի մեջ գտնվող մի քանի մեքենաներում անսարքություններ են առաջացել։ Թեև աղբատար մեքենաները համալրված են աղբը սեղմելու համար նախատեսված սարքերով, դրանք նախատեսված չեն շինարարական կոշտ աղբը սեղմելու համար, ուստի, երբ շինարարական աղբը հայտնվում է սեղմիչ սարքի հատվածում, վերջինս վնասվում է։ Ընկերության մեքենաների սպասարկման անձնակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ փորձելով հնարավորինս արագ շտկել տեխնիկական խնդիրները։ «Սանիթեք» ընկերության աղբատար մեքենաների մեծ մասը նախատեսված չէ ծանր շինարարական աղբ տեղափոխելու համար, իսկ ընկերությունը չի զբաղվում աղբի այդ տեսակի տեղափոխությամբ»,- ասվում է ընկերության կողմից տարածված հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տնօրենի խոսքով՝ աղբը և նրա կուտակումը կարող են հանդիսանալ տարբեր հիվանդությունների փոխանցման գործոններ: Լ. Ավետիսյանն ընդգծեց, որ դրանք գործոններ են, որով որևէ հիվանդություն կարող է փոխանցվել:
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ աղբի կուտակումը կարևոր է հատկապես լեյշմանիոզի համար. «Իսկ այսօր հանրապետությունում մենք ունենք լեյշմանիոզների խնդիր: Շնազգիները հանդիսանում են այդ հիվանդության վարակի աղբյուրը, մլակները կծում են նրանց, հետո՝ մարդկանց, և վարակում են, բայց մլակները զարգանում են օրգանական աղբի կուտակումների վրա, հետևաբար, որպեսզի մենք կարողանանք այս հիվանդության փոխանցումն ընդհատել, մենք պետք է այս աղբակույտերի դեմ պայքարենք, որ մլակները չզարգանան, հետևաբար՝ չփոխանցեն հիվանդությունը: Սա շատ կարևոր է, բավական լուրջ հիվանդություն է, և մեզ համար շատ կարևոր է, որ մեր բնակավայրերը զերծ լինեն աղբակույտերից»:
Լ. Ավետիսյանը նաև նկատեց, որ աղբը կարող է նպաստել մի շարք այլ հիվանդությունների տարածմանը ևս. «Օրինակ, աղիքային վարակիչ հիվանդությունների: Այն միջավայրում, որ ստեղծում է աղբակույտը, կան քայքայվող օրգանական նյութեր: Այսօր ջերմաստիճանը բարձր է, այսինքն՝ նպաստավոր պայմաններ են հարուցիչների բազմացման համար, հետևաբար, եթե այնտեղ ընկնի աղիքային վարակիչ հիվանդության հարուցիչ, ինքը կբազմանա, և այդ աղբը կարող է ոտքի հետ, գնդակի հետ, կենդանիների միջոցով տարածել նաև աղիքային վարակիչ հիվանդության հարուցիչը, ապա օրգանիզմ կանցնի և պատճառ կդառնա աղիքային վարակիչ հիվանդության, իսկ շոգ եղանակին աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչները շատ նպաստավոր պայմաններում են հայտնվում, հետևաբար՝ կարող են արագ զարգանալ ու տարածվել»:
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ շատ կարևոր է, որպեսզի կենդանիների փորոտիքը չլցնեն աղբարկղը, սովորական կենցաղային աղբի մեջ, դա պետք է թաղվի. «Որովհետև, եթե այդ կենդանիները վարակված լինեն էխինակոկոզով, կարող են շները սնվել, և արդեն այդ վարակը կտարածվի շներին, հետո՝ մարդկանց: Այդ առումով ևս աղբը վտանգ է ներկայացնում»:
Բժշկուհին հորդորում է մարդկանց, որ աղբի կուտակումներ տեսնելուց ահազանգեն, փորձեն իրենք ևս մաքրակենցաղ լինել. «Ես տեսնում եմ, ասենք, ձմերուկը կերել են, ջուրը չռչռալով՝ տանում են, թափում աղբարկղի մեջ: Այդպես չի կարելի, որովհետև դրանով մենք մեր կենցաղն ենք կեղտոտում և մեր կենցաղում ստեղծում ենք այնպիսի պայմաններ, որ զարգանան հիվանդությունների հարուցիչներ»:
Լ. Ավետիսյանը գտնում է նաև, որ աղբարկղերը, որոնք տեղադրված են, պետք է փակ կափարիչներով լինեն. «Դրանք բակերում էլ են դրված, փողոցներում էլ: Այնտեղ, որտեղ աղբատար խողովակներ կան, դռները պետք է փակ լինեն առաջին հարկում, եթե փողոցի, բակերի աղբարկղերն են, բերանները, կափարիչները փակ պետք է լինեն»:
Հարցին, թե վերջին շրջանում Ձեր կողմից քիչ առաջ նշված հիվանդություններով Ձեզ դիմողների քանակն ինչքանո՞վ է շատացել, Լ. Ավետիսյանն այսպես պատասխանեց. «Քանակը չի շատացել, բայց իրենք խնդիր են մեզ մոտ, չի շատացել, որ ասենք՝ խնդիրը մեծացել է, բայց այդ խնդիրը կա, և այդ խնդրի շուրջ մենք պետք է մտածենք»: