Բաժիններ՝

12-ամյա պարտադիր ուսուցման անցնելը հսկայական նախապատրաստական աշխատանք է պահանջում

Առաջիկա ուսումնական տարվա նորամուծությունն 9-ամյա պարտադիր դպրոցական կրթությունից անցումն է 12-ամյա պարտադիր կրթության։ Այս որոշումն ընդունվել էր դեռևս 2015 թվականին և ուժի մեջ է այս տարվա հունիսի 1-ից։

Կան միջազգային ապացուցողական տվյալներ, որ երկարատև դպրոցական կրթությունը դրական է ազդում տնտեսության և անձի բարեկեցության վրա։ Բայց այդ արդյունքներն իրական են դառնում միայն խելամիտ իրականացման դեպքում։ Կրթության մեջ լավ մտադրությունները բավարար չեն հաջողության հասնելու համար։

Եթե զուտ մտադրությունների տեսանկյունից նայենք կրթությանը, ապա ոլորտում իրականացվող ծրագրերի գերակշիռ մասն ունի լավ մտադրություն։ Հետևաբար՝ շատ կարևոր է, թե ինչպես ես նախապատրաստում և իրականացնում լավագույն մտադրությունները։

Այն բանից հետո, երբ 2015 թվականին որոշումն ընդունվեց, ըստ էության, ոչինչ չի արվել այս անցմանը նախապատրաստվելու համար։ Օրինակ՝ Միջնաժամկետ ծախսերի 2018-2020 թվականների ծրագրում այս անցման մասին գրեթե ոչինչ չկա։ Կա հիշատակում միայն նախնական և միջին մասնագիտական կրթության բաժնում, որտեղ գրված է. «Ենթադրվում է, որ Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում, պարտադիր 12-ամյա կրթության անցման հետ կապված, ակնկալվում է սովորողների թվի աճ»։ Ընդամենն այսքանը։ Աշխարհի շատ երկրներում նման փոփոխություններ կատարելիս երկրի վարչապետը կամ կրթության նախարարը հայտարարում են, թե ինչքան ներդրում է արվելու ծրագիրն իրականացնելու համար։ Մեզ մոտ ոչինչ չի ասվում այս ծրագրի ֆինանսական կողմի մասին։ Հասկանալի է, որ այս երեխաների կրթության համար դպրոցներին, ուսումնարաններին, քոլեջներին կտրվի մեկ աշակերտի համար սահմանված գումարը։ Բայց արդյո՞ք դա բավարար է։

Կարդացեք նաև

Հետազոտություն անցկացնելու կարիք չկա, որպեսզի հասկանանք, թե ովքեր են ընդհատում ուսումն 9-րդ դասարանից հետո։ Դրանք գերազանցապես ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաներն են։ Դուրս են գալիս, որովհետև ձախողել են կրթությունը։ Չգիտեն տարրական բաներ և շարունակելու իմաստ չեն տեսնում։ Եթե 1-9-րդ դասարանի ծրագիրը չի յուրացրել, համարում է, որ 10-12-րդ դասարանի ծրագիրը յուրացնելու հնարավորություն ընդհանրապես չունի։  Դուրս են գալիս, որովհետև ընտանիքը գումար չունի, և պետք է աշխատեն ընտանիքին օգնելու համար։ Եթե մենք ուզում ենք օգնել այս երեխաներին, ապա պետք է մտածենք 2 հարցի մասին։ Առաջին՝ ինչպե՞ս ենք աշխատում հիմնական կրթությունը ձախողած այս երեխաների հետ, որպեսզի ևս 3 տարի այս երեխաներն անիմաստ չանցկացնեն ուսումնական հաստատությունում։ Երկրորդ՝ ինչպիսի սոցիալական աջակցություն ենք ցույց տալիս այս երեխաների ընտանիքներին, որպեսզի նրանք, աշխատելու փոխարեն, ցանկանան սովորել։

Օրինակ՝ Հայաստանի մի քանի տասնյակ գյուղերում հանրային տրանսպորտ չկա։ Ինչպե՞ս են այս երեխաները հասնելու մոտակա քաղաքում գտնվող ուսումնարան և քոլեջ։ Որքանո՞վ է ընդունելի, որպեսզի այս երեխաները ձմռան ցրտին կանգնեն մայրուղիներում և պատահական մեքենաներով տեղաշարժվեն։ Կամ, եթե կա հանրային տրանսպորտ, ո՞վ պետք է վճարի այդ գումարը։ Ո՞վ պետք է հոգա այս երեխաների բուֆետի ծախսը։

Մյուս կարևոր հարցը հետևյալն է։ Ի՞նչ աշխատանք է տարվել դպրոցների, ուսումնարանների և քոլեջների աշխատողների հետ, որպեսզի նրանք այս երեխաներին ուսուցանեն։ Օրինակ՝ երեխայի 9-ամյա կրթությունը ձախողվել է։ Երեխան գիրք չի կարդում, դաս չի սովորում, գրագետ չէ։ Հիմա այս երեխան ստիպված է ևս երեք տարի հաճախել ուսումնական հաստատություն։ Երեխան ընտրում է իր գյուղի միջնակարգ դպրոցը կամ քաղաքի ավագ դպրոցը։ Ինչպե՞ս են աշխատելու ուսուցիչներն այս երեխայի հետ։ Ամենայն հավանականությամբ, ասելու են՝ դու վերջում խելոք նստի, մինչև զանգը տա, և 3 տարիդ լրանա։ Արդյո՞ք  սա կարող ենք համարել կրթություն։ Միջազգային կազմակերպությունները մշտապես կարևորել են դպրոց հաճախելու անհրաժեշտությունը։ Բայց վերջին տարիներին խոսվում է նաև այն մասին, որ պարզապես դպրոց հաճախելը բավարար չէ։ Կարևոր է, թե ինչ է անում երեխան դպրոցի ներսում։ Պարզապես դասի նստելը կրթություն չէ։ Հայաստանի  քանի՞ գյուղական դպրոցում է բացվելու արհեստագործական հոսք, որպեսզի այս երեխաները գոնե արհեստ սովորեն։ Արդյո՞ք դպրոցները ստանալու են լրացուցիչ ֆինանսավորում այդ երեխաների հետ աշխատելու համար։ Արդյո՞ք ռիսկային ընտանիքների հետ աշխատանք տարվել է, որպեսզի նրանք երեխային չհանեն դպրոցից։ Գաղտնիք չէ, որ շատ դեպքերում հենց ծնողները չեն թողնում երեխային դպրոց գնալ։ Արդյո՞ք նոր Կրթակարգի նախագիծը մշակելիս՝ հաշվի է առնվել այս փոփոխությունը։

Հակասական է նաև 9-րդ դասարանից հետո ուսումն ընդհատող երեխաների թվի մասին տեղեկությունը։ ԿԳ նախարարության պաշտոնյաները 2 տարի առաջ հայտարարում էին, որ խոսքը գնում է 3000 աշակերտի մասին։ Այս տարի խոսվեց 2%-ի մասին։ Մինչդեռ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներն այլ բան են ասում։ Մասնավորապես, ըստ ծառայության կողմից հրապարակված տվյալների՝ 2016 թվականին 9-րդ դասարանն ավարտել է 29304 երեխա։ Նրանցից 22719-ն ուսումը շարունակել է դպրոցներում, ուսումնարաններում և քոլեջներում։ Ստացվում է, որ շուրջ 6585 երեխա չի շարունակել կրթությունը։ Նրանցից 67-ը մնացել են նույն դասարանում, և մոտ 400-ն արտագաղթել են։ Հետևաբար՝ մոտ 6000 երեխա դուրս է եկել 9-րդ դասարանից։ Դա կազմում է 20% և բավականին մեծ թիվ է։

Հայաստանի կրթության համակարգի մեծագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ փոփոխությունների նախապատրաստումը և դրանց ֆինանսավորումը։ Ցանկացած լավ մտադրություն, եթե նախապատրաստված չէ, եթե ֆինանսական հիմքեր չունի, ի վերջո, դառնում է փոփոխությունների իմիտացիա։ Այս փոփոխությունն իսկապես արդարացված կլինի, եթե երեխաներն ու նրանց ընտանիքները հասկանան, որ սա ավելի լավ ընտրություն է իրենց համար, քան ուսումն ընդհատելը։ Կրթության հիմնական նպատակներից մեկը երեխաներին աղքատությունից դուրս բերելն է։ Եթե այս փոփոխության արդյունքում երեխաներն ավելի հարուստ գիտելիքներով ու հմտություններով չեն ավարտելու դպրոցը, ապա միգուցե ավելի լավ է՝ նրանք 9-րդ դասարանից հետո անցնեն աշխատանքի։ Կրթության մեջ տևողությունն ամենակարևոր գործոնը չէ։ Կարևորը երեխայի շարունակական աճն ապահովելն է։ Եթե երեխան չի աճում, չի զարգանում, ապա կրթության տևողության երկարացումը նույնիսկ կարող է վնասակար լինել։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս