Վրաստանի բնակչության թիվը հայտնի է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է բնակչության ընդհանուր մարդահամարի նախնական արդյունքները։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վերոնշյալ տվյալների համաձայն՝ 2024 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ Վրաստանի բնակչության թիվը կազմել է 3 մլն 914 հազար մարդ։

Նրանցից 2 մլն 78 հազարը (53%) կանայք են, իսկ 1 մլն 836 հազարը (47%)՝ տղամարդիկ։ 2014 թվականի մարդահամարի տվյալներով՝ Վրաստանի բնակչությունը կազմել է 3 մլն 713 հազար 804 մարդ, ինչը նշանակում է, որ վերջին տասը տարիների ընթացքում Վրաստանի բնակչությունն աճել է մոտավորապես 200 հազարով։

Նշենք, որ միջազգային մեթոդաբանության համաձայն, մարդահամարի են ենթարկվել երկրում մշտապես բնակվող Վրաստանի բոլոր քաղաքացիները, նաև երկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիները (անկախ երկրում գտնվելու տևողությունից) և քաղաքացիություն չունեցող անձինք։

Նախնական արդյունքների համաձայն՝ բնակչության 62%-ը (2 մլն 423 հազար մարդ) ապրում է քաղաքներում, իսկ 38%-ը (1 մլն 491 հազար մարդ)՝ գյուղական վայրերում։

Մարդահամարի մանրամասն (վերջնական) արդյունքները կհրապարակվեն 2026 թվականի հունիսին, ներառյալ տնային տնտեսությունների բնակարանային պայմանները, բնակարանի տեսակը, շենքի կառուցման տարեթիվը, սենյակների մակերեսը և քանակը, բնակարանային հարմարությունների տեսակները, բնակչության ժողովրդագրական և սոցիալական բնութագրերը, քաղաքացիությունը և ազգությունը, կրոնը, կրթության մակարդակը, ամուսնական կարգավիճակը, ներքին միգրացիան և ներգաղթը, զբաղվածությունը և տնտեսական գործունեությունը, առողջական վիճակը, գյուղատնտեսական տնտեսությունների կողմից օգտագործվող հողատարածքները, գյուղատնտեսական հողերի կառուցվածքը, միամյա և բազմամյա բույսերով զբաղեցված հողերի կառուցվածքը, պտղատու ծառերի, ցիտրուսային ծառերի և որթատունկերի քանակը, անասունների և թռչունների քանակը, նաև մեղվաընտանիքների քանակը։

Տեսանյութեր

Լրահոս