«Եթե ոմանք կարծում են, որ եկեղեցի չկառուցելով սոցիալական հարցեր կարող են լուծել, սխալվում են». Հայր Նարեկ վարդապետ Ավագյան
Վերականգնել հին եկեղեցիները, կառուցել նորերը. Հայր Նարեկ վարդապետ Ավագյան Այսօր եկեղեցաշինությունը շատերի համար դարձել է քննարկման առարկա: Սոցիալական խնդիրներ ունեցող երկրում կառուցե՞լ, թե չկառուցել նոր հավատի տաճարներ, այն պարագայում, երբ կան նաև շատ եկեղեցիներ, որոնք ունեն վերականգնման խնդիր: Այս հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է Հայ Առաքելական Եկեղեցու Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանի հետ:
-Հայր Նարեկ, վերջերս սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներում շատ է խոսվում սոցիալական խնդիրներ ունեցող երկրում եկեղեցիներ կառուցելու նպատակահարմարության մասին: Վերջիններիս պնդմամբ՝ հատկապես այսօր, դա անիմաստ քայլ է:
-Եթե ոմանք կարծում են, որ եկեղեցի չկառուցելով սոցիալական հարցեր կարող են լուծել, սխալվում են: Դա թյուր կարծիք է՝ քրիստոնյային ոչ բնորոշ: Մարդը բաղկացած է հոգուց ու մարմնից, հետևաբար, պետությունն ու եկեղեցին, պարտավոր են հոգալու մարդու հոգևոր ու մարմնական կարիքները. պետությունը կառուցում է, մարդկանց տալիս է բնակարաններ, եկեղեցին՝ աղոթատեղի: Մենք շատ ուրախ կլինեինք, որ ժողովուրդը սոցիալապես լավ վիճակում լիներ, բայց, երբ հետադարձ հայացք ենք նետում մեր պատմությանն ու տեսնում մեր գյուղերի եկեղեցիները՝ 17-19-րդ դարերում կառուցված, հստակորեն հասկանում ենք, որ այդ ժամանակ մեր նախնիները սոցիալապես ավելի վատ պայմաններում են ապրել, մազապուրծ են եղել, գաղթել, բայց անհրաժեշտություն են համարել եկեղեցի ունենալ: Այդ տարիներին կառուցված եկեղեցիները բազիլիկ են՝ այն ժամանակվա, այսպես ասած, ամենաէժան եկեղեցիները: Այսինքն՝ խիստ անհրաժեշտ են համարել եկեղեցին ու իրենց սուղ միջոցներով կառուցել են: Հիմա մենք՝ 21-րդ դարում, ավելի լավ պայմաններում ապրելով, չկառուցելը կամ եղածը նորոգել չկարողանալն ինձ համար հոգևոր նահանջ է:
– Իսկ ինչու՞ կառուցել նորը, եթե կարելի է ու պետք է նորոգել հինը:
-Պատմական առումով անհրաժեշտ է հները նորոգել, բայց նկատի ունեցեք, որ այսօր խոնարհված եկեղեցի նորոգելը շատ ավելի թանկ է, քան նորը կառուցելը, դրա համար բարերարների մեծ մասը նախընտրում է կառուցել նորը: Մենք, անշուշտ, դեմ ենք, մասնավորաբար, հնի կողքը նոր եկեղեցի կառուցելուն, դա անընդունելի է: Հնարավորինս փորձում ենք մարդկանց խրախուսել, որ հինը նորոգեն, բայց երբեմն պատահում են դեպքեր, երբ մարդը չի կամենում նորը կառուցել որոշ բյուրոկրատական քաշքշուկների պատճառով:
-Նոր եկեղեցին կառուցվում է հաշվի առնելով Մայր Աթոռի կողմից սահմանված չափանիշնե՞րը, թե՞ բարերարը սեփական նախագծով է դա իրականացնում:
-Ո՛չ, սա կդիտարկվի ինքնագործունեություն և չի ընդունվի: Եթե բարերարն ունի նախագիծ, իր նախագիծը քննարկման է բերում Մայր Աթոռ, եթե ոչ՝ դիմում են Մայր Աթոռի ճարտարապետական բաժին: Այդ ամենը հաստատվում է Վեհափառ Հայրապետի կողմից, որից հետո հայտարարվում մրցույթ ու կառուցվում՝ Մայր Աթոռի ճարտարապետների հսկողությամբ ու հետևողականությամբ, իսկ հնի նորոգման պարագայում դիմում են մեզ, և Մայր Աթոռը կազմում է նախագիծ-նախահաշիվ, և կատարվում է վերանորոգում:
-Չեմ կարող չանդրադառնալ նաև Ձեր ղեկավարած թեմի եկեղեցիներին: Կարող ենք ասել, որ այսօր ամենալավ վիճակում Արթիկի թեմն է՝ գործող եկեղեցիներն ավելի շատ են քան չգործողները, բայց, ամեն դեպքում, ո՞ր եկեղեցու վերականգնումն եք հիմա կարևորում:
-Անշուշտ, ամենակարևորը Արթիկ քաղաքի 7-րդ դարի եկեղեցու վերանորոգումն է, որը բավական ծախսատար է, երկրորդ եկեղեցին, որ կուզենանք վերանորոգված տեսնել՝ Պեմզաշենի եկեղեցին է, սրանք ամենամեծ ու ֆինանսական լուրջ ներդրումներ պահանջող եկեղեցիներն են: Փառք Աստծո, ավելի շատ գործող եկեղեցի ունեք, քան չգործող, բայց դեռ կան եկեղեցիներ, որ վերանորոգման ընթացքի մեջ են: Աստծո ոողորմածությամբ, հավանաբար, մեկն այս աշնանը կվերաօծվի՝ դա Սարատակ գյուղի Սուրբ Մինաս եկեղեցին Է: ՀՀ կառավարության տրամադրած միջոցներով սկսվել են նաև Հոռոմի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերականգնման նախագծային փուլի աշխատանքները: Դրանք իրականացվում են մարզերի հրատապ խնդիրների լուծման ծրագրի շրջանակում: Հուսանք, այս աշխատանքների ավարտից հետո եզակի ճարտարապետական ու պատմական կառույցը, որ թեմի ամենամեծ եկեղեցին է, նույնպես կվերականգնվի:
Արմենուհի Մխոյան