«Եթե կոնֆլիկտ առաջանա, ես չեմ կարծում, որ կլինի մեծ խանդավառություն մնացած երկրների կողմից Հայաստանին սատարելու». Հայկ Մարտիրոսյան

«ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններն ընթանում էին ավանդաբար երկու տարբեր ուղղություններով՝ մեկը Ռուսաստան-ԱՄՆ գործադիր իշխանություն հարաբերություններն էին, մյուսը՝ Ռուսաստան-ԱՄՆ օրենսդիր իշխանություն հարաբերություններն էին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ օրերս Միացյալ Նահանգների Սենատը հավանություն էր տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծին, որից հետո Ռուսաստանը հայտարարել է, որ ՌԴ-ում Միացյալ Նահանգների դեսպանությունը պետք է կրճատի աշխատակազմը:

Հ. Մարտիրոսյանի խոսքով՝ կա աննախադեպ իրավիճակ վերջին շաբաթվա ընթացքում, երբ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները դարձել են Ռուսաստան-օրենսդիր իշխանություն հարաբերություններ, ինչը, ըստ նրա, չափազանց նվազեցրել է ԱՄՆ-ի համար ճկուն մանևրելու հնարավորությունները և հանդիսանում է արդյունք՝ ԱՄՆ իշխանական համակարգում ներքին մեծ պառակտման, Սպիտակ տան և Կոնգրեսի միջև լուրջ հակասությունների:

«Ամեն պարագայում կա իրավիճակ, երբ հարաբերությունների սրումը մեղմացնելու հեռանկարն անգամ դառնում է բավական բարդ, որովհետև Կոնգրեսը շատ դանդաղաշարժ և տարբեր-տարբեր շահերով կաշկանդված մի մարմին է, որը, եթե սկսում է զբաղվել արտաքին քաղաքականությամբ, և հատկապես՝ այնպիսի դժվար խնդրով, ինչպիսին Ռուսաստանի հետ հարաբերություններն են, ապա ամեն ինչ դառնում է շատ ավելի բարդ, և կարծում եմ, որ դա դժվարություններ է ստեղծում նախ ԱՄՆ-ի համար՝ մանևրայնության առումով: Գիտենք նաև, որ լուրջ խնդիրներ են ստեղծվել նաև Ռուսաստանի համար՝ որպես պատժամիջոցների արդյունք»,- նշեց Հ. Մարտիրոսյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ երկու համաշխարհային գերտերությունների միջև լարումը և հարաբերությունների սրացումը երբևէ չի կարող լավ ազդեցություն ունենալ նրանց ազդեցության գոտիների վրա. «Այդ առումով, Հայաստանը որևէ կերպ չի կարող շահել, բայց և մյուս կողմից՝ Հայաստանն այնպիսի ողբերգական վիճակում է գտնվում, որ մի քայլ այս կողմ, մի քայլ այն կողմ, տարբերություն չկա, միևնույն է, եթե ամեն առումով անկումային իրավիճակում գտնվող պետություն ունես, ապա անկումը մի քիչ արագ է լինում, թե մի քիչ դանդաղ՝ արդեն կարևոր չէ, այդ պրոցեսի մեջ ես ուղղակի արդեն»:

168.am-ի հարցին, թե՝ ըստ Ձեզ՝ այս ամենն ինչպե՞ս կանդրադառնա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա, Հ. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց.

«Խնդիրը նրանում է, որ Հայաստանը հիմա միջազգային հարաբերությունների դե ֆակտո սուբյեկտ չէ, հետևաբար՝ Հայաստանը հանդիսանում է մեկ այլ սուբյեկտի կցորդ՝ միջազգային հարաբերություններում, որովհետև կատարելապես ենթարկվում է այլ պետության քաղաքական որոշումներին և քաղաքական շահերին: Հիմա այս համատեքստում՝ եթե այդ պետության հետ մեկ այլ խոշոր պետություն ունի կոնֆլիկտ, կամ կա լարվածություն, դա չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա, որովհետև Հայաստանն արդեն կոնկրետ կողմնորոշում ունի: Որքան էլ Երևանում խաբեն իրենք իրենց, որ կոմպլեմենտար քաղաքականություն են վարում, բազմակի խաղ են խաղում, բազմակի խաղի հոտ անգամ չկա այստեղ: Կա հստակ միակողմանի, միահեծան ուղղություն, և, բնականաբար, եթե կոնֆլիկտ առաջանա, ես չեմ կարծում, որ կլինի մեծ խանդավառություն մնացած երկրների կողմից՝ Հայաստանին սատարելու»:

Այնուամենայնիվ, Հ. Մարտիրոսյանը նկատեց մի «սպեցիֆիկ» հանգամանք. ըստ նրա՝ կոնկրետ ԱՄՆ-ի պարագայում՝ ԱՄՆ-ը Հայաստանի հանդեպ մշտապես դրսևորել է «հավասարակշռված» մոտեցում. «Համենայն դեպս, հակահայաստանյան որևէ գործողություն, որևէ քայլ մենք չենք տեսել: Եղել են, անշուշտ, առանձին գործիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ամենևին պրոհայկական չեն եղել, բայց պետությունը՝ որպես պետություն, և իր արտաքին քաղաքականության առումով՝ երբևէ որևէ հակահայկական քայլ չի արել, ընդհակառակը, միշտ փորձել է լավացնել և բարելավել հարաբերությունները»:

Քաղաքագետը չի կարծում, որ ԱՄՆ-ը որևէ կերպ կաջակցի Ադրբեջանին պատերազմում, բայց նրա խոսքով՝ այն, որ ընդհանուր առմամբ Հայաստանը դիտարկվում է միակողմանի կողմնորոշում ունեցող երկիր, որը միջազգային լարված իրավիճակում հայտնված մի պետության կցորդն է, դրանում որևէ կասկած չկա՝ սրանից բխող մնացած բոլոր հանգամանքներով.

«Կոնֆլիկտի պարագայում շատ բան կախված է լինելու Հայաստանի իշխանություններից, թե ինչպիսի միջազգային քաղաքականություն կվարեն, որովհետև քաղաքական տեկտոնիկ շարժեր են տեղի ունենալում ռազմական բախման ժամանակ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս