Բաժիններ՝

«Հաշմանդամների թիվը 210.000-ից դարձել է 200.000: Ո՞ւր կորան այդ 10.000 անձինք». Արմեն Ալավերդյան

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանի պնդմամբ՝ տարեսկզբին Հայաստանի Հանրապետությունում գրանցված էր 210.000 հաշմանդամություն ունեցող անձ, այնինչ այսօր կա 200.000 գրանցված անձ, այսինքն՝ Հայաստանում հաշմանդամների թիվը 6 % է կազմում:

«Ո՞ւր կորան այդ 10.000 անձինք»,- հարցրեց Արմեն Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ պատճառը երևի թե այն է, որ հաշմանդամության կարգ ստանալու չափորոշիչները խստացվել են, մասնավորապես՝ երրորդ կարգ ստացողների համար: Մինչդեռ ըստ նրա՝ շատ մարդկանց ճակատագրեր հենց այդ կարգից են կախված, ինչը շատ մտահոգիչ է:

Անդրադառնալով վերջին տարիներին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին ու սոցիալական ներգրավվածությանը՝ Արմեն Ալավերդյանը նշեց, որ այս ոլորտում, այնուամենայնիվ, դրական տենդենց կա. Երևան քաղաքը գնալով դառնում է ավելի մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար, խոսքը ոչ միայն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց, այլև չտեսնող, չլսող մարդկանց մասին է:

Կարդացեք նաև

«Երևանում գոնե փողոցները, մայթերը, անցումներն ավելի հարմար են դառնում հաշմանդամություն ունեցողների համար: Կան հատուկ ուղենիշեր՝ ստրուկտուրայով, կան ձայնային լուսացույցներ, որոնք բավականին հարմար են: Որոշ երթուղիներում հայտարարվում են կանգառները: Կան այնպիսի երթուղիներ, որոնցում հարմարություն է ստեղծված չտեսնող մարդկանց համար: Փորձը ցույց է տվել, որ այն, ինչ հարմար է հաշմանդամներին, հարմար է բոլորին»,- ասաց Արմեն Ալավերդյանը:

Արմեն Ալավերդյանի տվյալներով՝ ՀՀ-ում քաղաքապետարանի աջակցությամբ համակարգ է ներդրվել, որը թույլ է տալիս այն մարդկանց, ովքեր օգտագործում են պլանշետ, հեռախոս, օգտվել ժեստերի լեզվի թարգմանությունից: Նրա խոսքով՝ պետությունը պետք է ավելի ակտիվ դեր խաղա, որպեսզի այդ գործընթացը չկանգնի, և ավելի արագ տեմպերով մենք սլանանք դեպի մարդու արժանապատիվ կյանք:

Բայց բանախոսի դիտարկմամբ՝ այս բոլորը մասնավոր դեպքեր են, «եղանակ դեռ չեն փոխում» մեր երկրում: Վերջինիս խոսքով՝ բոլոր ձեռքբերումները հիմնականում վերաբերում են Երևանին, և շատ քիչ ուշադրություն է դարձվում մարզերին.

«Մարզերում բավականին տխուր, անմխիթար վիճակ է, շատ քիչ բան է արվում: Իսկ ինչ էլ որ արվում է, ուղղակի ձևական բնույթ է կրում»:

Ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց հանգստին, Արմեն Ալավերդյանն ասաց.

«Աշխատող մարդիկ տարվա մեջ կարող են գոնե մի անգամ իրենց թույլ տալ հանգստանալ: Վրաստանում կարելի է հանգստանալ, ուղղակի տեղափոխման խնդիր կա. գնացքը շատ անհարմար է: Ես մի անգամ գնացել եմ Բաթում այդ գնացքով, ուղղակի կարող եմ ասել, որ ավելի լավ է չհանգստանալ այդպես: Այդ տանջանքները երբ հիշում եմ, էլ չեմ ուզում գնալ, դրա համար այդ մտքից հրաժարվել եմ»:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս