«Ռուսաստանի քաղաքականությունն ավելի վտանգավոր է դառնում ոչ միայն՝ իր համար, այլև՝ հենց Հայաստանի համար». Ստյոպա Սաֆարյան

Հարցազրույց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանի հետ

– Պարոն Սաֆարյան, Թուրքիայի նախագահի խոսնակը հայտարարել է, որ Ռուսաստանից Ս 400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերման շուրջ պայմանավորվածությունը կայացել է, փաստաթղթերը ստորագրվել են։ Ի՞նչ է նշանակում այս գործարքը։

– Ընդհանուր առմամբ, սիրիական պատերազմի շրջանում, հատկապես՝ անցած տարի աշնանը, լուրջ խնդիր կար Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև այն պարզ պատճառով, որ Թուրքիան ցանկանում էր, որպեսզի իր տարածքում տեղակայված «Patriot» համակարգերն օգտագործվեին իր կողմից այնպես, ինչպես ինքն էր ցանկանում։ Միացյալ Նահանգները, քանի որ գիտեր, որ Թուրքիայի թիրախներն այնքան էլ իր թիրախները չեն Սիրիայում, բնականաբար, բավականին դժկամությամբ էր համաձայնում դրան։ Եվ, թերևս, «Երկաթի վահան» գործողության ընթացքում «Patriot»-երն ամերիկյան կողմն օգտագործեց այնքան, որքան ինքն էր ցանկանում, բայց ոչ այնքան, որքան Թուրքիան էր ցանկանում։

Եվ դրա համար, քանի որ անցած տարվա օգոստոսից սկսվել էր թուրք-ռուսական վերահաշտեցումը, պայմանավորվածություններից մեկը վերաբերում էր Ս 400 ձեռք բերելուն։ Թուրքիան ցանկանում է զուտ ինքնուրույնություն ստանալ այդպիսի գործողություններում, քանի որ Մերձավոր Արևելքում, կարծես թե, նրա արտաքին քաղաքականությունն այնքան էլ մաքուր քաղաքականություն չէ, դա ռազմական քաղաքականություն է՝ ռազմական ներխուժումներով, և, բնականաբար, Թուրքիան փորձում է ինքնաբավություն ստանալ։ Այդ նպատակով նա մերթ բանակցում էր չինացիների հետ, մերթ՝ ռուսների, և վերջապես ռուսների հետ համաձայնության եկան, ու գործարքը, ինչպես ազդարարվեց, կայացած է։

Իհարկե, առաջին հերթին՝ տեղին է Հայաստանի մտահոգությունը և խնդիրը Հայաստանի անվտանգության շահերի տեսանկյունից, որովհետև մինչ այժմ, գոնե ԽՍՀՄ փլուզումից հետո, ռուսական ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում, մեկնաբանվել է՝ որպես թուրքական սպառնալիքը չեզոքացնելու միջոց։

Այժմ բավականին տարօրինակ է դառնում, որ Ռուսաստանը, ըստ էության, գերհզոր համակարգ է տրամադրում Թուրքիային, մյուս կողմից՝ ձևացնելով, թե Հայաստանի անվտանգությունն ապահովում է։ Այս կտրվածքով, իհարկե, գործարքը մտահոգիչ է, և սպառազինությունների այս վաճառքում  ուղղակի Ռուսաստանի քաղաքականությունն ավելի վտանգավոր է դառնում ոչ միայն իր համար, այլև հենց Հայաստանի համար։

– Հավանակա՞ն է, որ Թուրքիան այդ համակարգերից մեկը տրամադրի Ադրբեջանին։

– Դա հնարավոր է, հատկապես, երբ Նախիջևանում 5-րդ բանակային կորպուսի հիմքի վրա ստեղծված զինված ուժերը ոչ պակաս չափով ենթարկվում են նաև թուրքական ռազմական հրամանատարությանը, և, եթե այլ վայրում Թուրքիան չկարողանա սատար լինել Ադրբեջանին, գոնե Նախիջևանի հատվածում, որը բավականին խոցելի է, պաշտպանական ՀՕՊ համակարգ է տեղադրում։ Իսկ Նախիջևանն Ադրբեջանի աքիլեսյան գարշապարն է, և կարծես Թուրքիայի միջոցով այն ամրապնդելու, և ճիշտ հակառակը՝ Երևանին ու ողջ Արարատյան հարթավայրին վտանգ ներկայացնելու բեմահարթակ է դառնում։

– Հատկապես, որ արդեն հայտարարվել է, որ համակարգերից մեկը տեղադրվելու է հենց Հայաստանի հետ սահմանին։

– Այո, հնարավոր է՝ այդ կայանքը տեղակայվի Հայաստանի հետ սահմանին, բայց առավելապես ծառայեցվի Ադրբեջանի շահերին, այսինքն՝ ոչ այնքան Թուրքիան պաշտպանելու, որքան Ադրբեջանին օգտակար լինելու համար, հատկապես, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև կա ռազմավարական համագործակցություն և ռազմական փոխօգնության պայմանագիր։ Դրա բովանդակությունը տակավին ամբողջությամբ հայտնի չէ, բայց ռազմատեխնիկական համագործակցությունը և, ընդհանրապես, ռազմական համագործակցությունն Ադրբեջանի և Թուրքիայի միջև անպատկերացնելի խորն է։ Հետևաբար՝ այս կտրվածքով, իհարկե, պետք է մտահոգիչ լինի Հայաստանի համար։

– Այդ համակարգերը կարո՞ղ են «Իսկանդերին» հակակշիռ լինել, նկատի ունենալով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը ՌԻԱ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե իրենք նման հակամիջոց ունեն։

– «Իսկանդերը» նրա համար չէ, որ Նախիջևանին հարվածի, թեպետ Նախիջևանն էլ կարող է այդպիսի թիրախ լինել, եթե, իհարկե, այն չափազանց մեծ վտանգ դառնա Հայաստանի համար, բայց, համենայն դեպս, Ս 400 պաշտպանական համակարգերը լավագույններից մեկն են աշխարհում, եթե ոչ՝ լավագույնը։ Ես ռազմական հարցերի փորձագետ չեմ, բայց կարծում եմ՝ լուրջ խնդիր է դառնալու։

– Ռուսաստանի կողմից Թուրքիային այդ համակարգերի վաճառքի դեպքում չի՞ ստացվում, որ դրանք ինչ-որ առումով ուղղվում են նաև Ռուսաստանի դեմ՝ հաշվի առնելով հայ-ռուսական ռազմական համագործակցությունը և մնացած հարցերը։

– Իհարկե, ստացվում է այդպես։ Ես չգիտեմ՝ Ռուսաստանն ինչքա՞ն է իրեն վստահ զգում, որ այդ Ս 400 համակարգերն իր շահերի գոտում չեն օգտագործվի, որպիսին նաև Հարավային Կովկասն է, Հայաստանն է։ Սակայն պետք է նշել, որ ռուսական ռազմական պաշտպանությունը երբեք այդքան հուսալի չի եղել Հայաստանի համար, և դա ցույց է տվել պատմությունը։ Ոչ միայն հայտարարությունների, այլ պրակտիկ գործողությունների առումով։ Հետևաբար, իհարկե, սա մի հարց է, որի պատասխանը չկա։ Բայց այն, որ դա մարտահրավեր է դառնում Հայաստանի, նաև Ռուսաստանի համար, հստակ է։ Թուրքիան բացահայտ միացել է Ադրբեջանի հակահայկական քաղաքականությանը, և այդքանով, իհարկե, ռուսական շահերին նույնպես վտանգ սպառնում է։

Տեսանյութեր

Լրահոս