Mini mouse հավելվածն iPhone-ը կվերածի համակարգչային մկնիկի
Որպեսզի միացնեք սիրելի սերիալի մյուս մասը կամ կարգավորեք համակարգչի ձայնը, այլևս անհրաժեշտ չէ մոտենալ համակարգչին։ Mini Mouse հավելվածը լուծում է այս խնդիրը։
Ի՞նչ է Mini Mouse-ը, և ինչի՞ համար է այն անհրաժեշտ
Mini Mouse –ը բազմաֆունկցիոնալ հավելված է, որը Wi-Fi-ի միջոցով կապում է iPhone-ը համակարգչին կամ մեկ այլ սմարթֆոնի:
Հավելվածը կարող է օգնել մի շարք դեպքերում, այդ թվում՝
1. Սերիալներ դիտելիս: Հավելվածում առկա են մի շարք հրահանգներ, որոնք նախատեսված են սերիալներ նայելու համար: Օրինակ՝ առաջ տալ, կանգնեցնել կադրը, բարձրացնել ձայնը, և այլն:
2. Սարքավորումներով մեդիաֆայլեր փոխանակելիս: Հավելվածի միջոցով կարող եք համակարգչից iPhone փոխանցել մեդիաֆայլեր՝ առանց լարերի: Բացի այդ, կարող եք հեռախոսի հիշողությունում գտնվող ֆայլերը միացնել համակարգչի էկրանին:
3. Power Point-ով ներկայացումների ցուցադրում: PPT Remote Control հատուկ ռեժիմի միջոցով կարող եք կարգավորել սլայդների հերթականությունը, փոփոխման արագությունը, և այլն:
4. Երկար հաղորդագրությունների փոխանցում: Երկար նամակներ գրելը համակարգչի ստեղնաշարով ավելի հարմար է, քան սմարթֆոնի սենսորային էկրանով: Content Push ռեժիմը թույլ կտա համակարգչով հավաքված տեքստը փոխանցել հեռախոսին և ուղարկել ձեր նախընտրած մեսինջերով:
5. Ստեղծել սքրինշոթեր: Համակարգչի էկրանը կարող եք նկարել սմարթֆոնի միջոցով: Նկարը պահվում է թե՛ համակարգչում, թե՛ Mini Mouse հավելվածում:
6. Պահպանել երաժշտությունը սմարթֆոնի հիշողությունում: Mini Mouse-ում առկա է մեդիա-նվագարկիչ: Համակարգչից ընտրված մեդիաֆայլը հնարավոր է պահպանել Local Files-ում և միացնել այն անգամ օֆլայն ռեժիմում:
7. Անջատել համակարգիչը: Հավելվածի հատուկ բաժինը պատասխանատու է համակարգիչը թարմացնելու կամ անջատելու համար՝ անգամ դրանից հեռու գտնվելով:
Mini Mouse-ի գաղափարը եզակի չէ, քանի որ առկա են այս հավելվածի շատ նմանակներ: Սակայն բոլոր այդ հավելվածները շատ նման են մեկը մյուսին: Mini Mouse-ի միջոցով հնարավոր չի լինի խաղալ համակարգչային խաղեր կամ նկարել համակարգչային ծրագրերով, բայց այն շատ հարմար է վերը նշված դեպքերում:
App Store-ում հասանելի են հավելվածի թե՛ անվճար, և թե՛ վճարովի տարբերակները: Այս երկու տարբերակները գրեթե չեն տարբերվում իրարից. պարզապես անվճար տարբերակում շատ են գովազդները:
Սիրարփի Աղաբաբյան