«Բուհերի բոլոր կարգի տեղերը մի քանի անգամ ավելի շատ են, քան գոյություն ունեցող դիմորդները». Աշոտ Բլեյան
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը համաձայն չէ այն մտքին, որ մեկ ամսից կսկսվի նոր ուսումնական տարին. «կրթությունն անընդհատ բան է»։
Ըստ Ա. Բլեյանի՝ 2017-18 ուստարում 12-րդ դասարանում կսովորեն 10.012 երեխա, 9-րդ դասարանն ավարտել է 30.192 աշակերտ, 9-րդ դասարանում կսովորեն 32.230 երեխա, իսկ 2-րդ դասարան կգնա 40.360 երեխա։
«Չի կարող դպրոց հաճախել 6 տարեկանը լրացած ավելի շատ երեխա, քան Հայաստանում կա՝ անկախ նրանից՝ որ դպրոցն է ընտրում։ Հազիվ թե երեխաների մեծ թիվ կա, որը դուրս է մնում ֆորմալ՝ առկա կրթությունից, կարող է տեսականորեն 1 տոկոս լինի, բայց դա նորմալ թիվ է։ Իսկ ինչո՞ւ դրան հանգեցինք. ինձ ուղղված հարց չէ, զուտ ընդհանուր սոցիալական հարց է՝ ծնելիություն, դեմոգրաֆիական հարց, շարժ, տեղաշարժ, գաղթ, ոնց կուզեք՝ անունը դրեք»,- նկատեց Ա. Բլեյանը։
Խոսելով ավագ դպրոցների մասին՝ պարոն Բլեյանն ասաց. «Երբ ասում են՝ ավագ դպրոց, կենտրոնանում են մի խողովակի վրա, որը ես կանվանեմ որակյալ արտագաղթի ոչ թե հիմք, այլ դրա վրա կրթական բիզնեսի կազմակերպում»։
Ըստ բանախոսի՝ կապ չունի՝ ավա՞գ դպրոց է, թե՞ միջնակարգ, որովհետև սովորողի համար պետք է կապ չունենա, ինքը սովորում է ինքնուրույն ավագ դպրոցո՞ւմ, թե՞ 12-ամյա դպրոցի 10, 11, 12-րդ դասարաններում, որովհետև նույն կրթական ծրագիրն է։
«Երբ տեսնում ես, որ ծնողները տարեկան մինչև 3 մլն դրամ ծախսում են երեխայի կրթության վրա, ակնհայտ է դառնում, որ դա արվում է մեկ նպատակով, որ երեխան գնա, հետ չգա։ Մարդը երբ այդքան ներդրում անում է, ինքը չի կարող ենթադրել, որ երեխան կվերադառնա։ Վերադառնա ո՞ւր, որպեսզի 100.000 դրամով աշխատի՞»,- ասաց Աշոտ Բլեյանը։
Վերջինիս համոզմամբ ՝ պետք է ունենանք վստահություն ներշնչող պաշտոնական վիճակագրություն, թե այն շրջանավարտները, որոնք ավարտել են, ի՞նչ է եղել նրանց հետ, որտե՞ղ են աշխատում, ինչքա՞ն գումար են աշխատում. «որովհետև մասնագիտական կրթության իմաստը դրա մեջ է։ Դիմորդը պետք է նայի, թե տվյալ բուհի շրջանավարտն ի՞նչ հաջողություններ է ունեցել»։
Խոսելով բուհերի թափուր մնացած տեղերի մասին՝ պարոն Բլեյանը նկատեց, որ բուհերի բոլոր կարգի տեղերը՝ վճարովի և անվճար, մի քանի անգամ ավելի շատ են, քան գոյություն ունեցող դիմորդները։ Ըստ նրա՝ իրավաբանություն են դասավանդում տարբեր բուհերում, բայց խնդիր կա միայն ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում և «խնդիրը սա է. որ ընտրում են ոչ թե՝ մասնագիտությունը, այլ՝ ֆակուլտետը»։
Ըստ պարոն Բլեյանի՝ կա եվրոպական ստանդարտ, որ հասարակության մեջ բարձրագույն կրթություն ստանում է 60 տոկոսը, ոչ ավելի։ Բանախոսի խոսքով ՝ՀՀ-ում այս տարի եղել է 20.000 շրջանավարտ, և բոլորը չէ, որ դիմել են բուհեր և չպիտի դիմեին, իսկ 20.000-ի 60 տոկոսը 12.000 է։
«Եթե 11.000-ը դիմել է արդեն հայաստանյան բուհեր, 1000-ն էլ, ընդունենք, դրսի բուհերում է սովորում, ապա կստացվի, որ 60 տոկոս ստանդարտն ապահովված է, այն էլ՝ եվրոպական ստանդարտը։ Ուրիշ խնդիր է, որ բուհերի հայտարարած ընդունելության տեղերը 20.000-ից ավելի են»,- ասաց Աշոտ Բլեյանը։
Ռոզա Հակոբյան