Բաժիններ՝

«Հայաստանին ամենաանորակ ապրանքն են տալիս». Մելիտա Հակոբյանը նամակ է գրել Apple ընկերությանը

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանի խոսքով՝ օրական 5-7 դիմում-բողոքներ են ստանում՝ կապված էլեկտրատեխնիկայի հետ:

Նրա փոխանցմամբ՝ երեկ նամակ են ուղարկել Կառավարություն՝ խնդրելով, պահանջելով, որպեսզի ուժի մեջ մտնի հայկականացման պահանջը, ինչպես վարչապետ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ էր:

«Մեր լեզուն հայերենն է, և ներկրվող բոլոր ապրանքների մեջ պարտադիր պետք է հայերենով գրված լինի օգտագործման ձևը: Թե չէ մեր սպառողները գնում են լվացքի մեքենա, և ամբողջ բարեկամությամբ ու հարևանությամբ հավաքվում են, որ տեսնեն՝ ո՞նց անեն, որ օգտագործեն: Պետք է անձնագրերը հայկականացվեն, որ սպառողի հոգսը թեթևանա»,- ասաց բանախոսը:

Նրա խոսքով՝ ապրանքի անձնագրի թարգմանությունը պետք է լինի ամբողջական, որպեսզի սպառողը կարդա և հասկանա՝ տվյալ ապրանքն ինչպես օգտագործել:

Բանախոսի հաղորդմամբ՝ շատ դիմում-բողոքներ են լինում բջջային հեռախոսների համար:

«Մարդիկ 500.000-600.000 գումար են տալիս, հեռախոս են գնում ու կրակն ընկնում: Մենք Apple ընկերությանը նամակ ենք գրել ու ասել, որ՝ եթե դուք եք մեղավոր ու անորակ ապրանք եք ուղարկում, ապա պարտավոր եք տեր կանգնել»,- նշեց Մելիտա Հակոբյանը:

Նա համոզված է, որ Հայաստան ներկրվող ապրանքների մեծ մասը Դուբայից պատենտավորված ապրանքներ են: Նրա կարծիքով՝ Չինաստանը հոյակապ արտադրանք է տալիս Եվրոպային, Ամերիկային, Ռուսաստանին՝ միջին որակի արտադրանք, իսկ Հայաստանին՝ ամենաանորակ բանն է տալիս:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս