Բաժիններ՝

Բուհերի և ընդունելության քննությունների 25-ամյա դինամիկան

Բուհերում բազմաթիվ թափուր տեղերի առկայությունը վերջին մեկ շաբաթվա գլխավոր նորություններից էր։ Բայց իրականում այն նորություն չէ, քանի որ դեռևս 2006 թվականին հայտնի էր, որ 2017, և հատկապես՝ 2018 թվականներին դիմորդների թիվն էապես նվազելու է։ Հենց 2006 թվականին Հայաստանն անցավ 12-ամյա դպրոցական կրթության։ Դպրոցներն ընդունեցին 2 առաջին դասարան։ Դրանցից ավագ առաջին դասարանցիները պետք է սովորեին 11 տարի, իսկ կրտսերը՝ 12 տարի։ Եթե 2005 թվականին առաջին դասարան ընդունվել էր շուրջ 37 հազար աշակերտ,  ապա 2006-ին ավագ առաջին դասարան ընդունվել էր շուրջ 31 հազար աշակերտ, իսկ կրտսեր առաջին դասարան՝ շուրջ 15 հազար։

Այսպիսով, այս տարվա շրջանավարտների թիվը շուրջ 20%-ով պակաս էր նախորդ տարվա շրջանավարտների թվից, իսկ հաջորդ տարի շրջանավարտների թիվը կիսով չափ պակաս է լինելու այս տարվա համեմատությամբ։ Հետևաբար՝ թափուր տեղերի առկայության գլխավոր պատճառը 12-ամյա դպրոցական կրթության անցնելու արդյունքում առաջացած՝ աշակերտների անհամաչափ բաշխումն է։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ մինչև 2020 թվականը Հայաստանի դպրոցների շրջանավարտների թիվը չի աճելու։

Բայց ճիշտ չի լինի ամեն ինչ պայմանավորել միայն 12-ամյա ուսուցման հետ կապված փոփոխություններով։ Փորձենք Հայաստանի ընդունելության քննությունների գործընթացը դիտարկել 25 տարվա կտրվածքով։ Խորհրդային Հայաստանից մենք ժառանգություն ստացանք 14 բուհ։ Այդ տարիներին Հայաստանի դպրոցներն ամեն տարի ավարտում էր շուրջ 60 հազար աշակերտ, իսկ բոլոր բուհերը միասին վերցրած՝ ունեին շուրջ 45 հազար ուսանող։ 90-ական թվականների առաջին կեսին բուհ ընդունվելը շատ դժվար էր։ Տեղերը սահմանափակ էին։ Բարձրագույն միավորներ հավաքած բազմաթիվ դիմորդներ դուրս էին մնում մրցույթից։ Ընդունելության քննություններին հաջորդում էին նստացույցեր, բողոք ակցիաներ, և կառավարությունը որոշ լրացուցիչ տեղեր հատկացնելով՝ փորձում էր մեղմել դժգոհության ալիքը։

Ընդամենը 5 տարում` 1997 թվականին, Հայաստանի բուհերի թիվը 14-ից հասավ 102-ի։ Ընդ որում, այդ աճը տեղի ունեցավ ընդամենը 3 տարում՝ 1995-1997 թվականների ընթացքում։ Այսպիսով, պետական և հատկապես՝ ոչ պետական բուհերի թվի ավելացմամբ Հայաստանում աստիճանաբար մարեցին քննություններին հաջորդող բողոքի ցույցերը։ Սակայն ընդունելության քննությունները շարունակում էին մնալ երկրի թիվ 1 քաղաքական իրադարձությունն ամառվա ընթացքում։ Հանձնաժողովներ, հանձնաժողովները վերահսկողներ, վերահսկողներին վերահսկողներ։ Կրթության և գիտության նախարարությունն այդ տարիներին շատերն անվանում էին «ընդունելության քննությունների նախարարություն», քանի որ մայիս-սեպտեմբեր ամիսներին նախարարության ջանքերը հիմնականում ուղղորդված էին քննությունների և դրանց շուրջ ծավալվող զարգացումների վրա։

Կարդացեք նաև

2008-2009 թվականներին Հայաստանի բուհական համակարգն արձանագրեց նոր ռեկորդ։ Ուսանողների թիվը հասավ 114 հազարի։ Դրան նպաստեց բուհական կրթության տևողության երկարացումը։ 5-ամյա համալսարանական կրթությանը փոխարինեց 4+2 համակարգը։ Բայց հիմնական պատճառն այն էր, որ պետական բուհերում շեշտակի աճեցին վճարովի համակարգի տեղերը, վերականգնվեց ուսուցման հեռակա համակարգը։ Եթե 1992 թվականին Հայաստանի ուսանողների թիվն աշակերտների թվի 10%-ից քիչ էր, ապա 2008-2009 թվականին այդ ցուցանիշը 25%-ից ավելին էր։ Ըստ էության, հաշվի առնելով բուհական կրթության պահանջարկը և պետական չնչին ֆինանսավորումը, բուհերը գնացին ուսանողների թվի ավելացման ճանապարհով՝ էապես նվազեցնելով ընդունելության շեմը։

Իրավիճակը փոխվեց 2011 թվականին։ 11-ամյա ուսուցման անցնելու հետ կապված՝ այդ տարի Հայաստանի դպրոցները շրջանավարտներ չունեին։ Արդյունքում՝ կտրուկ նվազեց բուհերի ընդունելության քննությունների շուրջ լարվածությունը։ Դրան նպաստեց նաև այն, որ նախորդ տարվա դիմորդների նվազ թիվը լրացնելու նպատակով 2012 թվականին կտրուկ ավելացավ բուհեր ընդունվածների թիվը՝ գերազանցելով 20 հազարը։

Այսպիսով, 2011 թվականից հետո բուհերի ընդունելության քննություններն ամառվա ընթացքում ամբողջ հասարակության ուշադրությունը գրավող իրադարձությունից՝ դարձան շարքային միջոցառում։ Եվ այսօր շատ ավելի դժվար է ընդունվել Երևան քաղաքի մանկապարտեզներ, քան հայաստանյան բուհեր։

Բայց բուհերում թափուր տեղերի առկայությունը պայմանավորված է նաև բազմաթիվ այլ գործոններով։ Նախ՝ ազդում է արտագաղթը։ Միայն 2015-2016 թվականներին Հայաստանից արտերկիր է մեկնել 13500 աշակերտ։ Նրանցից մի քանի հարյուրը կարող էին համալրել այսօրվա թափուր տեղերը։ Մյուս գործոնն այն է, որ ամեն տարի հարյուրավոր շրջանավարտներ ընդունվում են Հայաստանի Ամերիկյան համալսարանի բակալավարիատ կամ արտերկրի համալսարաններ։ Քանի որ վերջին տարիներին բարձրացել են նաև ուսման վարձերը, կյանքը թանկացել է, բայց կենսամակարդակը չի բարձրացել, բազմաթիվ ընտանիքների երեխաներ ի վիճակի չեն սովորել համալսարաններում։ Դրա փոխարեն՝ շատ չնչին, բայց ավելացել է ուսումնարանների և քոլեջների ուսանողների թիվը։ Այսինքն՝ ոմանք համարում են, որ կա մասնագիտություն ձեռք բերելու ավելի էժան ու կարճ ճանապարհ։

Բայց մեծ փոփոխությունների կարիք ունեն նաև բուհերը։ Ցանկացած ուսումնական հաստատությանը կամ ֆակուլտետին ուսանող բերելու գործում մեծ դեր են խաղում շրջանավարտները։ Եթե նվազում է դիմորդների թիվը, ապա պատճառներից մեկն էլ այն է, որ շրջանավարտներն իրենց կրտսեր քույրերին, եղբայրներին, հարևաններին ու բարեկամներին չեն երաշխավորում սովորել ձեր հաստատությունում։ Թե ինչ փոփոխությունների մասին պետք է մտածեն բուհերը, կներկայացնենք հաջորդ հրապարակման մեջ։

Վերջում միայն նշեմ, որ 2016 թվականի տվյալներով՝ Հայաստանի բուհերի թիվը 102-ից նվազել է և դարձել 63, որոնցից 12-ը մասնաճյուղեր են, 37-ը՝ ոչ պետական բուհեր։ Իսկ ուսանողների թիվը 114000-ից դարձել է շուրջ 81000։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս