«Ադրբեջանն ուզում է բանակցել իռացիոնալ դաշտում». Դավիթ Շահնազարյան

Հարցազրույց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան, 1994-95 թթ. ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետ Դավիթ Շահնազարյանի հետ

– Պարոն Շահնազարյան, Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո երկու երկրների նախագահների հանդիպում է նախապատրաստվում աշնանը։ Սերժ Սարգսյանը «Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարեց, որ հայկական կողմն ակնկալիքներ չունի դրանից։ Ձեր կարծիքով՝ Սարգսյան-Ալիև հանդիպման օրակարգը ո՞րը պետք է լինի։

– Նախ՝ նշեմ, որ մինչև նախագահների հանդիպումը նախատեսվում է արտգործնախարարների ևս մեկ հանդիպում Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վեհաժողովի շրջանակներում։ Կարծում եմ, որ համանախագահողները շարունակելու են առաջ տանել այն հարցադրումները, որ եղել են թե՛ Վիեննայի, թե՛ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում, այսինքն՝ խոսքը վերաբերելու է շփման գծում լարվածությունը մեղմացնելու մեխանիզմներին։ Բայց քանի որ իրավիճակը բավականին դինամիկ է զարգանում, ես չեմ բացառում, որ կարող են նոր լարվածություններ առաջանալ։

Նկատենք, որ օրերս Սոչիում Պուտինի և Ալիևի հանդիպման վերաբերյալ առայժմ, կարծես, որևէ մանրամասներ չկան։ Կարծում եմ՝ այնտեղ էլ քննարկվել են այդ հարցերը։ Ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, երբ, իմ կարծիքով՝ բանակցային գործընթացի ակտիվացումն այժմ բխում է մեր շահերից՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը բավականին լուրջ արտաքին քաղաքական խնդիրներ ունի, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանն իր դիրքորոշումն այնքան է ծայրահեղացրել, որ այն արդեն իռացիոնալ է, և ուզում է բանակցել այդ դաշտում:

Ակնհայտ է, որ նոր փաստաթուղթ կամ նորացված Մադրիդյան փաստաթուղթ առայժմ չկա։ Այնպես որ, հիմա խոսել, թե նախագահների հանդիպմանն ինչ օրակարգ կլինի, շատ վաղ է։ Եռանախագահները դեռ չունեն այդ հարցի պատասխանը։ Հավելեմ, որ ամերիկյան համանախագահի փոփոխություն է սպասվում, քանի որ դեսպան Հոգլանդը նշանակված էր ժամանակավորապես։ Կարծում եմ՝ առաջիկա ամսվա ընթացքում ԱՄՆ-ը կներկայացնի նոր համանախագահին։

– Նշեցիք, որ Պուտին-Ալիև հանդիպման հետ կապած տեղեկատվությունը շատ սուղ է, բայց նկատելի է, որ այս անգամ Կրեմլը չի օգտագործում «ռազմավարական գործընկեր» արտահայտությունը, իսկ Պուտինն էլ հանդիպումից 1 ժամ առաջ ասել էր, որ հանդիպելու է «խնդրի» հետ, այսինքն՝ Ալիևին է խնդիր անվանել։ Այս իրավիճակն ի՞նչ է հուշում։

– Ակնհայտ է, որ իրավիճակին տիրապետելու և իրավիճակը կառավարելու առումով հիմնական դերակատար մնում է Ռուսաստանը: Արևմուտքը, առնվազն՝ ԱՄՆ-ը, դեռ պատրաստ չէ ավելի մեծ դեր ստանձնելու։ Կարծում եմ, որ, եթե այդ հանդիպման ընթացքում Ալիևի համար գոնե մի ձեռքբերում լիներ, ապա ադրբեջանական լրատվամիջոցներն այն բազմապատիկ ձևով կներկայացնեին։ Այս լռությունը բնորոշ չէ ադրբեջանական մամուլին, որն ըստ էության գրեթե ամբողջովին իշխանական է։ Սպասենք, ինչ-որ տեղեկություններ, այնուամենայնիվ, կունենանք, և ոչ միայն՝ մամուլից։

Այստեղ հատկանշական մի պահ էլ կա, որ Հայաստանի իշխանություններն արդեն բացահայտ իրենց դժգոհությունն են հայտնում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի շարունակական մատակարարման կապակցությամբ: Դա ավելի քան բնական է, և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների տողատակերում գրված է, որ հայ-ռուսական հարաբերություններում սա լրջագույն խոչընդոտ է ռազմավարական դաշնակցի հետ և, վստահ եմ, որ Մոսկվայում սա նույնպես սկսել են շատ լավ հասկանալ։

– Հնարավո՞ր է՝ զենքի մատակարարումը դադարեցվի, կամ փոխվի հայկական կողմի ճնշման արդյունքում կամ ռուս-ադրբեջանական հակասությունների պատճառով։

– Սա բազմակողմանի հարց է։ Ի՞նչ տեսակի զենքեր, ի՞նչ պայմաններով։ Խոսքն առաջին հերթին հարձակողական զինատեսակների մասին է, որոնց մի մեծ խմբաքանակ Բաքուն ստացավ վերջերս։ «Սոնցեպյոկերը» զուտ հարձակողական զենքեր են, հայտնի է, որ Ադրբեջանը սպառազինվել էր նաև ռուսական T-90 ժամանակակից տանկերով։ Համենայն դեպս, ՀՀ իշխանությունները պետք է այդ ուղղությամբ քայլերը շարունակեն և շատ խստորեն դնեն հարցը, որ, եթե ոչ՝ ամբողջությամբ, ապա՝ առնվազն հարձակողական սպառազինությունների մատակարարումը դադարեցվի։ Մոսկվայի կողմից բերվող փաստարկները լուրջ չեն, անընդունելի են և չեն կարող լրջորեն քննարկվել։ Փաստարկներից մեկն այն է, որ՝ եթե մենք չմատակարարենք, ուրիշը կմատակարարի։ Բայց գիտե՞ք՝ ուրիշը մեր ռազմավարական դաշնակիցը չէ, իսկ դաշնակիցը պետք է պահպանի որոշակի սահմաններ ՀՀ-ին պատերազմով սպառնող Ադրբեջանի հետ իր հարաբերություններում, այլապես լրջորեն վտանգում է այդ գործընկերությունը։ Եվ հիշենք, որ հատկապես այս իրավիճակում, Հայաստանը Ռուսաստանի համար առնվազն ոչ պակաս կարևոր գործընկեր է, քան Ռուսաստանը Հայաստանի համար։ Թեև շատ բան կախված է ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացումից, որտեղ լարվածությունը գնալով մեծանում է, և սա, ըստ էության, թե՛ եվրոպական, թե գլոբալ անվտանգության առաջնային խնդիրներից մեկն է, որ ուղղակիորեն ազդում է մեզ վրա։

– Վրաստանում հուլիսի 30-ին մեկնարկելու են ՆԱՏՕ-ի մեծամասշտաբ Noble Partner 2017 զորավարժությունները։ Հայաստանը մասնակցելու է դրանց, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

– ՆԱՏՕ-ի այդ զորավարժությունները չափազանց կարևոր են։ Դրանց մասնակցում են ՆԱՏՕ-ի 5 անդամ պետություններ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Սլովենիա և Թուրքիա, ինչպես նաև՝ ՆԱՏՕ-ի 3 գործընկեր պետություններ՝ Հայաստան, Ուկրաինա և Վրաստան: Ընդ որում՝ զորավարժություններն ինքնին չափազանց կարևոր են ոչ միայն՝ ՆԱՏՕ-ի համար, այլև՝ Վաշինգտոնի նոր վարչակազմի, քանի որ դրանք ըստ էության իրենց նախաձեռնած առաջին մեծ զորավարժություններ են, և բացմանը ներկա է լինելու ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը։ Եվ, այո, հատկանշական է, որ այս զորավարժություններին հրաժարվել է մասնակցել Ադրբեջանը։ Սա նույնպես բավականին ինֆորմատիվ բնույթ ունի, և կարելի է որոշակի եզրակացություններ անել։ Հայաստանի մասնակցությունը ես բարձր եմ գնահատում։ Ի դեպ, հուլիսի 11-20-ը Հայաստանը Ռումինիայում մասնակցեց ՆԱՏՕ-ի այս տարվա ամենամեծ՝ Saber Guardian զորավարժություններին։ Իսկ սեպտեմբերին նախատեսվում է, որ մեր մոտ 110 զինվորականներ Գերմանիայում կմասնակցեն ՆԱՏՕ-ի Combined Resolve IX զորավարժություններին։

– Հայաստանում ԱՄՆ-ի դերակատարման մասին նշեցիք։ Ձեր կարծիքով՝ ԱՄՆ դեսպանի հայտարարությունն 8 մլրդ դոլար ներդրումների հնարավորության մասին ի՞նչ է վկայում, արդյո՞ք ԱՄՆ-ը փորձում է իր ազդեցությունը մեծացնել Հայաստանում։

– Արդեն նշեցի, որ ես չեմ տեսնում նշաններ, որ Միացյալ Նահանգներն ուզում է անվտանգության հարցերում ավելի մեծ ներգրավվածություն ունենալ մեր տարածաշրջանում, և մասնավորապես՝ ԼՂ կարգավորման հարցում, բայց ձեր հարցը ոչ միայն տնտեսական, այլև լրջագույն քաղաքական հարց է։ Կարծում եմ, որ այդ առաջարկը կա, այն մինչև հիմա սեղանին է, նաև եվրոպական պետությունները պաշտպանեցին այդ առաջարկը։ Հուսամ՝ Հայաստանի կառավարությունը դա մանրակրկիտ ուսումնասիրում է և, համենայն դեպս, եթե ոչ՝ ամբողջությամբ, ապա՝ ինչ-որ բաներ կսկսեն իրականացնել, որովհետև հարցը չափազանց կարևոր է թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի համար։

– Իսկ դա կթուլացնի՞ մեր էներգետիկ համակարգի կախվածությունը Ռուսաստանից։

– Ոչ միայն ռուսական, այլ ընդհանրապես արտաքին էներգետիկ կախվածությունը կթուլացնի։ Եվ դա ժամանակակից ուղղություն է, որով շարժվում է աշխարհը՝ վերականգնվող կամ կանաչ էներգետիկա, առավել ևս, որ Հայաստանում հսկայական հնարավորություններ կան այդ ոլորտը զարգացնելու համար։ Դա գլոբալ անվտանգության վրա է շատ դրական կերպով ազդելու։ Ինչ-որ քայլեր արդեն կատարվում են, Հայաստանում սկսել են վերականգնվող էներգետիկայի ծրագրեր իրականացնել, բայց հուսամ, որ ամերիկյան ու եվրոպական առաջարկներին ՀՀ կառավարությունը շատ լուրջ է մոտենալու։

– Աշնանը ևս մի խոշոր իրադարձություն է սպասվում Հայաստանին՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը։ Ձեր կարիքով՝ այս ուղղությամբ անակնկալներ սպասվո՞ւմ են։

– Եկեք չբացառենք անակնկալները, եթե լինեն՝ չեմ զարմանա, բայց հուսանք, որ նոյեմբերի 4-ին Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի ժամանակ կստորագրվի այդ համաձայնագիրը, որը չափազանց կարևոր է և  լուրջ փաստաթուղթ է։ Կարծում եմ, որ ՀՀ արտաքին քաղաքական կարևորագույն խնդիրն այսօր Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում առկա ասիմետրիկ իրավիճակի ինչ-որ չափով համահարթեցումն է։ Վերջին ամիսներին կատարվող քայլերը հենց այդ ուղղվածությունն ունեն։

– Մոսկվան չի՞ ընդդիմանա, և ԵՄ-ի հետ մեր համագործակցության խորացումն ինչպե՞ս կազդի ԵԱՏՄ-ի վրա։

– ԵԱՏՄ-ի հետ համագործակցության վրա դա բացարձակապես չի ազդելու, որովհետև այդ ամենը հաշվի առնված է փաստաթղթում։ Չեմ կարծում, որ Մոսկվայում դրանից մեծ ոգևորություն կլինի, բայց Հայաստանի համար դա կարևոր է։ Հուսանք, որ վերջին ժամանակներում նկատվող միտումներն է՛լ ավելի կամրապնդվեն, որովհետև Ռուսաստանը սկսում է հասկանալ, որ կան սահմաններ, որոնք չի կարելի անցնել՝ առանց Հայաստանի հետ ռազմավարական համագործակցությունը վտանգելու։ Ինչպես նշեցի, Ադրբեջանին զենքի մատակարարման հարցը կարևորագույն խնդիր է։ Վստահ եմ, որ ՀՀ իշխանություններն այս ամեն ինչը բավականին լավ հաշվարկել են:

– Պարոն Շահնազարյան, ազգ-բանակ կոնցեպտն արդարացնո՞ւմ է իրեն։

– Այդ կոնցեպտը սկսել է կիրառվել, կյանքի կոչվել, արվել են մի քանի քայլեր։ Կարևորն այն է, որ փորձ է արվում ինստիտուցիոնալացնել այդ ամեն ինչը։ Առաջին քայլերը ես համարում եմ դրական։ Նաև շատ կարևոր է, որ Պաշտպանության նախարարության այս նախաձեռնությունները շարունակական բնույթ ունենան։ Ըստ էության, այդ գաղափարը եղել է 80-ականի վերջերից, հիմա գնում է դրա կիրառումը և ինստիտուցիոնալ բնույթ տալը։

Տեսանյութեր

Լրահոս