Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել գերմանացի գործընկերոջ հետ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հուլիսի 22-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հեռախոսազրույցի ժամանակ նախարարները տեսակետ են հայտնել, որ երկկողմ հարաբերություններում ծագած ճգնաժամը պետք է կառավարել, ոչ թե ԶԼՄ-ների միջոցով, այլ դիվանագիտական ճանապարհով:
Վերջին շրջանում թուրք-գերմանական հարաբերություններում առաջացած լարվածությունը ակտիվորեն արտահայտվում է թուրք և գերմանացի պաշտոնյաների ԶԼՄ հարթակում միմյանց նկատմամբ մեղադրանքների և կոշտ հայտարարությունների միջոցով:
Գերմանիան Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընին հուլիսի 19-ին կանչել էր արտաքին գործերի նախարարություն և բողոքի նոտա հղել պաշտոնական Անկարային՝ կապված Ստամբուլում գերմանացի իրավապաշտպան Պետեր Ստոյդթներին ձերբակալելու, ապա նաև կալանավորելու հետ: Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Շեֆերը հայտնել է, որ դեսպանին պարզ լեզվով ասել են, որ առանց ժամանակ կորցնելու թուրքական կողմն ազատ արձակի Գերմանիայի քաղաքացի Ստոյդթներին:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը Գերմանիայի թուրք քաղաքացիներին ուղղված նամակում, որը տպագրվել է գերմանական Bild թերթում, նշել է, որ Գերմանիան վերանայելու և փոխելու է Թուրքիայի հետ տարվող քաղաքականությունը:
Գերմանիայի արտգործնախարարը նշել է նաև, որ Թուրքիայում ձերբակալում են Գերմանիայի անմեղ քաղաքացիների, և Գերմանիան, որպես կառավարություն, չի կարող հանդիսատեսի դերում հետևել և քայլեր չձեռնարկել իր քաղաքացիներին պաշտպանելու ուղղությամբ: