Թուրքական բանտից փախած Սևան Նիշանյանը հրապարակել է իր բանտարկության պատմությունը
Պոլսահայ գրող և լեզվաբան Սևան Նիշանյանն իր բլոգում հրապարակել է թուրքական բանտերում իր անցկացրած երեքուկես տարիների ու փախուստի պատմությունը:
«2014թ. հունվարի 2-ին բանտարկվեցի Թորբալըի բաց ռեժիմի բանտում: Բաց ռեժիմի բանտը համեմատաբար հանգիստ է, սակայն դրա փոխարեն ստիպված ես կողք-կողքի ապրել սահմռկեցուցիչ կրթության մակարդակով և նույնատիպ բարոյական արժեքներով մի քանի հարյուր մարդու հետ: Ստիպված ես հանդուրժել գրեթե նրանց մակարդակին գտնվող ղեկավար կազմի վիրավորանքներն ու ստորացումները», -գրում է Նիշանյանը:
Այնուհետև հեղինակը պատմում է, թե ինչպես իր վարքուբարքը հավանության չարժանացավ բանտի ղեկավարության կողմից և մեկ ամիս անց նա տեղափոխվեց փակ ռեժիմի բանտ: Այստեղ՝ Բուջայի փակ բանտում, անվանի մտավորականը 40 հոգու համար նախատեսված բանտախուցը կիսում է 120 բանտարկյալի հետ: Այնուհետև տեղափոխվում է Շաքրանի փակ ռեժիմի բանտ, որտեղ մեկ ամիս անցկացնում է մասսայական սպանդի համար 56 տարվա ազատազրկման դատապարտված դիարբեքիրցի մի կալվածատիրոջ և նրա հանցակցի հետ նույն բանտախցում:
2014թ. հուլիսին Նիշանյանին տեղափոխում են Այդընի Յենիփազար փակ բանտը: Այստեղ նա մեկ հոգանոց ազատ բանտախուց և շաբաթական 5 օր 6-ական ժամ համակարգչից ու ինտերնետից օգտվելու հնարավորություն է ստանում: 14 ամիս այդ պայմաններում աշխատում է իր հեղինակած բառարանի վրա, ուսումնասիրում հարյուրավոր թուրքերեն ու օսմաներեն աղբյուրներ: Այդ ընթացքում մտավորականի դեմ հարուցված դատական գործերը շարունակվում են և նրան տրված պատժաչափը ավելանում է՝ նախ հասնելով 11, ապա՝ 17 տարվա:
2015թ. օգոստոսին բաց ռեժիմի Սյոքե բանտ տեղափոխվելով՝ Նիշանյանը ստանում է մեկշաբաթյա արձակուրդի իրավունք: Այդ արձակուրդներից երկրորդը համընկնում է նրա ծննդյան օրվա հետ. «Որոշեցի ընկեր-բարեկամների համար խնջույք կազմակերպել: Չգիտեմ՝ որտեղից մի պարուհի հայտնվեց, ու մի լրագրող, որ չգիտեմ, թե ինչու էր այնտեղ գտնվում, անմիջապես լուսանկարեց մեզ: Ու մի ոչնչություն, որ չեմ հասկանում, թե ինչու է ապրում, մեծացրեց ու իր թերթի մի անկյունում հրապարակեց այդ նկարը», – պատմում է Նիշանյանը:
Դրանից մի քանի շաբաթ անց բանտում Նիշանյանին «բռնում են» համակարգչից օգտվելիս ու անջատում ինտերնետ կապը: Ապա նա կրկին տեղափոխվում է փակ ռեժիմի բանտ ու ստանում բազմաթիվ կարգապահական պատիժներ: 2016թ. մարտին տեղափոխվում է Մենեմենի փակ բանտ, որտեղ դեպրեսիայից նրան փրկում է փոքր դստերը՝ Անահիտին ուղղված նամակների տեսքով գրքի վրա աշխատանքը:
2017թ. փոտրվարին տեղի ունեցած օրենքի փոփոխությունների շնորհիվ մարտին 25-ին հայ մտավորականը տեղափոխվում է Ֆոչայի բաց ռեժիմի բանտ: «Նախկինների հետ համեմատած՝ այստեղ շատ հանգիստ ու հարմարավետ էր: Ինձ շատ նեղություն չէին տալիս: Ես էլ, իհարկե, օգտվում էի առիթից: Նույնիսկ ազատ տեղաշարժվելու համար հեծանիվ ձեռք բերեցի ու հայտնի դարձա որպես Թուրքիայի հանրապետության պատմության մեջ առաջին հեծանվով դատապարտյալը», – պատմում է հեղինակը:
Ի վերջո, Նիշանյանի համբերություն սպառվում է: Նա հասկանում է, որ ոչ ոք չի պատրաստվում իրեն ազատ արձակել: Ավելին, տարիներ առաջ եթերից նրա հնչեցրած այս կամ այն արտահայտության համար դեռ նորանոր քրեական գործեր են հարուցվում, պատժաչափը գնալով մեծանում է:
«Իրականում դեռ երկու տարի առաջ արդեն պարզ էր, որ սրա վերջը էսպես է լինելու: Ես դեռ 2015թ. դեկտեմբերին պատրաստ էի փախչելու: Բայց ընկերներս հորդորեցին մի փոքր էլ սպասել, համբերատար լինել, լավ պատրաստվել… Մինչդեռ, այդ ամենը զուր էր: Իրականում եթե որևէ կտրուկ քայլ ես ուզում անել, երբեք չպետք է ականջ դնես խելացի մարդկանց խորհուրդներին: Նման քայլ անելու համար պետք է խենթ լինել, սկզբի ու վերջի մասին շատ չմտածել», – գրում է Նիշանյանը՝ վերջում մեկ առ մեկ շնորհակալություն հայտնելով բոլոր հեռու-մոտիկ, ծանոթ ու անծանոթ այն անձանց, ովքեր այս կամ այն կերպ աջակցել են նրան՝ բանտարկության ողջ ընթացքում և փախուստի ժամանակ: