«Դա Արցախի ժողովրդի ռազմաքաղաքական որոշում էր». Արմեն Աշոտյան

«Պուտինը նաև Թրամփի հետ է հանդիպում, բայց դա չի նշանակում, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները շատ ջերմ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով Ալիև-Պուտին օրերս տեղի ունեցած հանդիպման մասին:

Նրա համար զարմանալի չէ, որ Ռուսաստանի նախագահը հանդիպել է Ադրբեջանի նախագահին. «Կանխատեսելի է նաև կոնսուլտացիաների այլ ռաունդ: Ինձ համար Ալիև-Պուտին հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման քաղաքական նախապատրաստման ռաունդ է»:

Դիտարկմանը, թե՝ 2013 թվականին, երբ Ալիևը երրորդ անգամ ընտրվեց Ադրբեջանի նախագահ, հայկական երկու հանրապետությունները դա որակեցին՝ որպես բռնապետության դրսևորում, բայց երբ Արցախում Բակո Սահակյանը երրորդ անգամ ընտրվում է նախագահ, մենք դա համարում ենք ժողովրդավար, Ա. Աշոտյանն այսպես պատասխանեց.

«Կարծում եմ, որ Ադրբեջանի և Ղարաբաղի միջև նույնականացման նշան դնել ժողովրդավարության խնդիրների, քաղաքական համակարգերի կայացման առումով՝ հանցավորության աստիճանի միամտություն է: Քաղաքական համակարգերի զարգացման տեսակետից՝ Ադրբեջանն ու Արցախը գտնվում են տարբեր իրականություններում: Այն հանգամանքը, որ  ԼՂՀ գործող նախագահն անցումային շրջանում վերընտրվեց՝ որպես ԼՂՀ նախագահ, դա Արցախի ժողովրդի ռազմաքաղաքական որոշում էր: Արցախում չեք գտնի վտարանդի, քաղբանտարկյալներ, կոռումպացված այն ճահճային համակարգը, որ կա Ադրբեջանում»:

Տեսանյութեր

Լրահոս