Բաժիններ՝

Եթե Թուրքիան չփոխի իր դիրքորոշումը գերմանական զորքերը պետք է դուրս բերվեն Քոնիայի ռազմաբազայից. Մարտին Շուլց

Գերմանիայում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Մարտին Շուլցը պահանջել է Թուրքիայում գտնվող գերմանացի զինվորներին այցելելու արգելքի պահմանման պարագայում հանել Քոնիայի ավիաբազայում գտնվող գերմանական զորքը:

Այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» պարբերականը:

Գերմանացի պատգամավորների՝ Քոնիայի ավիաբազայում գտնվող գերմանացի զինվորականներին այցելելու արգելքին անդրադառնալով Մարտին Շուլցը նշել է.« Եթե Թուրքիան շարունակի մեր պատգամավորներին զրկել Քոնիայում գտնվող գերմանացի զինվորականներին այցելելու իրավունքից, անհրաժեշտ է գերմանական զորքը դուրս բերել այդ ավիաբազայից: Արգելքը մեզ համար անընդունելի է: Մենք շատ լավ գիտենք, թե մեր զինվորները ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում ինչ պայմաններով են տեղակայվել այդտեղ»:

Շուլցը հավելել է նաև, որ չնայած ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում ծառայություն իրականացնելու հանգամանքին, գերմանական բանակը կապված է գերմանական խորհրդարանին:

«ՆԱՏՕ-ն հստակ պետք է հասկացնի Թուրքիային, որ նման քայլերը խոչընդոտում են ՆԱՏՕ-ի գործունեությանը: Եթե Թուրքիան չփոխի իր դիրքորոշումը գերմանական զորքերը պետք է դուրս բերվեն Քոնիայի ռազմաբազայից»,- եզրափակել է Շուլցը:

Թուրքիան արգելել էր նաև գերմանացի պատգամավորների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հունիսի 5-ին մեկնել էր Թուրքիա՝ հանդիպելու գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ և վերջին անգամ քննարկելու գերմանացի պատգամավորների այցն Ինջիրլիք թույլ տալու հարցը: Չավուշօղլուն, սակայն, բացասական պատասխան էր տվել՝ նշելով, որ պատճառը պաշտոնական Բեռլինի դիրքորոշումն է Քրդական բանվորական կուսակցության (PKK) և գյուլենականների նկատմամբ: Նման հայտարարությունից հետո Գաբրիելն ասել է, որ իրենք այլընտրանք չունեն, քան զինվորներին Ինջիրլիքից այլ ռազմաբազա տեղափոխելը:

Գերմանիայի Բունդեսթագը պատգամավորների ձայների մեծամասնությամբ որոշում է ընդունել ետ կանչել իր զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից: Որոշման օգտին քվեարկել են 569 պատգամավորից 461-ը, դեմ՝ 85-ը, իսկ 23 պատգամավոր ձեռնպահ են մնացել: Այդպիսով, պատմության մեջ առաջին անգամ գերմանական բանակը իր զինվորներին դուրս է բերելու ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմաբազայից և տեղափոխելու է մեկ այլ՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրի ռազմաբազա:

Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին ավելի քան մեկ տարում շարունակում են լարված մնալ: Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների նախընտրական ելույթներն արգելելուց հետո հարաբերություններում վերջին լարվածության պատճառ է դարձել այն, որ պաշտոնական Անկարան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա: Թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս