Ծառայողական ավտոմեքենաների չարաշահումն ու Հարկային օրենսգրքի խտրականությունը
ՀՀ Հարկային օրենսգրքի ընդունման ժամանակ գործարար հատվածը բազմաթիվ խնդիրների մասին էր բարձրաձայնում։ Այժմ դրա աշխատանքի ընթացքում նորանոր «խութեր» են բացահայտվում։ Օրինակ՝ ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետով սահմանված է, որ հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ չեն համարվում աշխատողներին բնակության վայրից մինչև աշխատանքի վայր (և հակառակը) հասցնելու (տեղափոխելու) հետ կապված՝ գործատուի կատարած ծախսերը։
Սա նշանակում է, որ բնակության վայրից մինչև աշխատանքի վայր (և հակառակը) հասցնելու (տեղափոխելու) հետ կապված՝ գործատուի կատարած ծախսերի չափով աշխատողները ենթակա են հարկման եկամտային հարկով։ «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Փայլակ Թադևոսյանն այս դրույթը բնորոշում է՝ որպես իրականությունից հեռու։
168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այս կապակցությամբ կազմակերպությունը հուլիսի 20-ին նամակով դիմել է Պետական եկամուտների կոմիտե՝ խնդրելով դիրքորոշում հայտնել նշված դրույթի կիրառությունն ապահվելու հարցի վերաբերյալ։
«Գաղտնիք չէ, որ պետական պաշտոնյաներն իրենց հատկացված ծառայողական ավտոմեքենաներով ոչ միայն բնակության վայրից աշխատանքի վայր (և հակառակը) են հասնում (տեղափոխվում), այլև այդ նույն ծառայողական ավտոմեքենաներով սպասարկվում են նաև ոչ աշխատանքային օրերին։ Պետական պաշտոնյաներին հատկացված ծառայողական ավտոմեքենաներով սպասարկվում են նաև նրանց ընտանիքի անդամները (երեխաները՝ տուն-դպրոց և հակառակը, կանայք՝ տուն-աշխատավայր կամ տուն-գեղեցկության սրահ և հակառակը)։
Օրենսգրքի վերը նշված դրույթը հավասարապես վերաբերում է նաև ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի այն պաշտոնատար անձանց, որոնց հատկացված է կամ որոնք սպասարկվում են ծառայողական ավտոմեքենաներով»,- նշված է նամակում, որով հարկային մարմնին առաջարկվում է նշված դրույթի կիրառելիությունն առաջնահերթության կարգով իրականացնել հենց հարկային մարմնում։
Հ/կ-ի նամակում նաև նշված է. «Որպես հարցի կարգավորման տարբերակ՝ առաջարկում ենք, որ պետական պաշտոնյաները հայտարարեն իրենց մշտական բնակության հասցեն, ընտանիքի անդամների ուսումնական հաստատությունների հասցեները, վարսավիրանոցների հասցեները և ամսվա ընթացքում որոշ հաստատություններ հաճախելու հաճախականությունը։ Հասցեների հեռավորությունների, հաճախականության և համապատասխան գործակիցների արտադրյալով որոշել ամսվա ընթացքում այդ մասով գործատուի, տվյալ դեպքում՝ պետության կատարած ծախսերի գումարը և այդ գումարի չափով որոշել պետական պաշտոնյայի կողմից լրացուցիչ վճարման ենթակա եկամտային հարկի գումարը։
Եթե, այնուամենայնիվ, Օրենսգրքի վերը նշված հոդվածի դրույթները կիրառելի չլինեն պետական պաշտոնյաների համար, կարող է նշանակել, որ պետությունը սեփականության ձևից կախված՝ խտրական մոտեցում է ցուցաբերում։
Կարծում ենք, որ Օրենսգրքի ամբողջական և հավասար կիրառության դեպքում կարող են չտուժել այն պետական պաշտոնյաները, որոնք հանգամանքների բերումով բնակվում են կամ հասցրել են բնակվել աշխատավայրին մոտ բնակավայրերում»։
Այստեղ մի խտրականություն էլ կա։ Ստացվում է, որ բնակության վայրից մինչև աշխատանքի վայրի բացառությունը հաշվի առնելու դեպքում, ծառայողական ավտոմեքենայով տուն գնալը հարկվում է, բայց, օրինակ, սաունա կամ կազինո գնալը չի հարկվում։ Թեև այդ նպատակով ծառայողական ավտոմեքեների օգտագործումը ևս որևէ մեկը չի կարող բացառել։
Հետաքրքիր կլինի նաև ՊԵԿ-ի պատասխանը հ/կ-ի առաջարկին, որին նույնպես կանդրադառնանք։