Արմեն Աշոտյանը՝ 2018-ին ՀՀ վարչապետի նշանակման մասին
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը չի կարծում, թե 2018 թվականից ՀՀ-ի վարչապետ նշանակելու հարցն այս պահին շատ կարևոր հարց է մեր հասարակության ճնշող մեծամասնության համար:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի այն հատվածի մասին, որը վերաբերում է նախագահի քաղաքական ապագային և վարչապետ դառնալու հնարավորությանը՝ Ա. Աշոտյանն ասաց. «Ընդունում եմ, որ կա քաղաքական ինտրիգ, այդ ինտրիգը կա նաև լրատվական դաշտում, և ինտրիգի կանոնները թելադրում են, որ ինտրիգը տևի այնքան երկար, որքան դա հնարավոր է: Բոլոր դեպքերում, շատ լավ գիտեք, որ վարչապետի նշանակման առաջարկության հետ կապված, քաղաքական որոշման հետ կապված հարցերը վերապահված են քաղաքական մեծամասնությանը, կոալիցիոն հուշագրով՝ ՀՀԿ-ն կունենա, բնականաբար, կոնսուլտացիաներ մեր ՀՅԴ գործընկերների հետ»: