Զինված խումբը քննարկել է թռիչքի պահին Սերժ Սարգսյանի ինքնաթիռը խոցելու հնարավորությունը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ երեկ շարունակվեց զինված խմբի գործով դատական նիստը:

Նիստը սկսվելուն պես ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց դատական նիստերի դահլիճից բարձրացնել իր պաշտպանյալին, ինչպես նաև թույլ տալ Վահան Շիրխանյանին ոտքի չկանգնել: Նշենք, որ մոտ երեք շաբաթ առաջ դատավորին վիրավորելու համար Բեկթաշյանը երեք ժամով հեռացրել էր Շիրխանյանին նիստերի դահլիճից: Դատավոր Արմեն Բեյկթաշյանը բավարարեց միջնորդությունը, և Շիրխանյանը դատարանի խցից բարձրացվեց նիստերի դահլիճ:

Նիստի ընթացքում գործով մեղադրող դատախազ Արամ Արամյանը հրապարակեց զինված խմբի 20 անդամի մեղադրական եզրակացությունը: Ըստ այդմ՝ Վահան Շիրխանյանը ծանոթացել է Արթուր Վարդանյանի հետ, նա խորհուրդ է տվել Հայաստանում իշխանափոխության հասնելու գործողություններում զերծ մնալ պետական մարմինների վրա հարձակումներ գործելուց, նա իշխանափոխության հասնելու հնարավոր տարբերակներից է համարել Սերժ Սարգսյանի վրա մահափորձ իրականացնելու ճանապարհը: Վահան Շիրխանյանը նաև պարտավորվել է ապահովել բանակի մասնակցությունը, կամ ապահովել բանակի չեզոքությունն այդ գործընթացներում, քանի որ անձամբ ծանոթ է եղել Պաշտպանության նախարարության արդեն նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Ստեղծված զինված խմբի անդամները քննարկել են նաև թռիչքի պահին Սերժ Սարգսյանի ինքնաթիռը խոցելու հնարավորությունը, սակայն այդ ուղղությամբ որոշակի քայլեր չեն ձեռնարկվել: Զինված խումբը թիրախավորել և հարձակումներ է նախապատրաստել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, կառավարության շենքի, Հայաստանի հանրային հեռուստատեսության շենքի վրա:

Ըստ մեղադրական եզրակացության՝ խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր՝ նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Սա ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Հայր Անտոն Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն: Դատական նիստը հետաձգվեց Հայր Անտոնի առողջական վիճակի վատթարացման պատճառով: Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 28-ին՝ ժամը 11:00-ին»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս