«Ադրբեջանը հասկանում է, որ Արցախի խնդիրը չի կարող լուծվել ո՛չ բանակցությունների, ո՛չ էլ պատերազմի միջոցով». Ալեքսանդր Իսկանդարյան

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Արցախում անսպասելի ոչինչ տեղի չունեցավ, և ըստ նրա՝ նախագահական ընտրությունների արդյունքները սպասելի էին: Հարցին՝ կիսո՞ւմ է փորձագիտական այն կարծիքը, որ նախագահի պաշտոնում Բակո Սահակյանի վերընտրվելը խաթարում է Արցախի Հանրապետության ժողովրդավարական հիմքերը, քաղաքագետը պատասխանեց.

«Արցախը գոյություն չունի, որպեսզի ինչ-որ մեկին դուր գա կամ չգա: Սա զարգացման այլ փուլ է: Նա զարգացման իր օրինաչափություններն ունի»: Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ նա նշեց, որ այն ընտրություններից կախված չէ:

«Ադրբեջանը լավ հասկանում է, որ խնդիրը չի կարող լուծվել ո՛չ բանակցությունների, ո՛չ էլ պատերազմի միջոցով, հետևաբար՝ մտավախություն կա, որ իրավիճակը կշարունակի նույնը մնալ: Չեմ կարծում, որ հակամարտությունը մոտ ժամանակներս կլուծվի, կամ լուրջ տեղաշարժեր կգրանցվեն: Ադրբեջանը հոգեբանական ճնշումներ է բանեցնում հայկական կողմերի վրա: Սա է այդ երկրի մարտավարությունը: Ադրբեջանն այս փուլում նման է Եգիպտոսին՝ Մուբարաքի ղեկավարման տարիներին, կամ Լիբիային՝ Քադաֆիի նախագահության օրոք»,- եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Տեսանյութեր

Լրահոս