Թրամփն ու Պուտինը հանդիպել են ոչ թե մեկ, այլ՝ երկու անգամ
ԱՄՆ-ի Սպիտակ տան պաշտոնյաները երեքշաբթի օրը երեկոյան հաստատեցին այն լուրերը, որոնց համաձայն Գերմանիայում այս ամսվա սկզբին անցկացված Մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակներում նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել են ոչ թե մեկ, ինչպես հայտարարվել էր նախկինում, այլ՝ երկու անգամ։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Ըստ Սպիտակ տան պաշտոնյաներից ստացված լուրերի, երկրորդ զրույցը կողմերի միջեւ տեղի է ունեցել աշխարհի երկրների առաջնորդների ու նրանց ամուսինների ու կանանց հետ անցկացված ճաշկերույթի ժամանակ։ Սպիտակ տունը, սակայն, մանրամասնություններ չի հաղորդում երկու նախագահների միջեւ անցկացված զրույցի մասին։
Նախագահ Թրամփը թվիթերյան իր էջում հերքել է մամուլի այն հաղորդագրությունները, որոնց համաձայն իր ու Պուտինի միջեւ անցկացվել է գաղտնի ճաշկերույթ։
Թրամփի ու Պուտինի միջեւ առաջին հանդիպումը տեւել էր ավելի քան երկու ժամ, որից հետո Թրամփը հայտարարել էր, թե Պուտինը հերքել է ԱՄՆ-ում անցյալ տարվա նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության մասին մեղադրանքները։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունները պնդում են, որ ընտրություններում Ռուսաստանի միջամտության փորձերն անհերքելի են։
Լրատվական գործակալությունները հիշեցնում են նաեւ, որ հատուկ հետաքննիչ է նշանակվել, պարզելու համար, թե արդյոք Թրամփի ընտրարշավի թիմը գաղտնի հանդիպումներ է ունեցել ռուսների հետ։
Սպիտակ տնից ստացված այլ հաղորդագրությունների համաձայն, նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի պաշտոնում է առաջարկում Յութահի նախկին նահանգապետ Ջոն Հանթսմենի թեկնածությունը։
Հետաքրքրական է այն փաստը, որ նախագահական ընտրություններում 2Օ11 թվականին իր թեկնածությունը դրած Հանթսմենն անցյալ տարի հրաժարվել էր այդ քայլից ու հավանություն տվել Թրամփի թեկնածությանը։ Ավելի հետաքրքրական է այն փաստը, որ ավելի ուշ նա հրաժարվել է Թրամփի թեկնածության նկատմամբ իր հավանությունից։
Ասենք, որ Հանթսմենը ծառայել է ԱՄՆ-ի հինգ նախագահների վարչակազմերում, եղել է ԱՄՆ-ի դեսպանը Սինգապուրում ու Չինաստանում։ 2Օ14 թվականից նշանակվել է Վաշինգտոնից գործող Ատլանտյան խորհուրդ վերլուծական կենտրոնի նախագահ։