Բաժիններ՝

Հակակարկտային կայանքների արդյունավետությունը

ԽՍՀՄ տարիներին, մինչև 1992 թվականը, մեր երկրում առկա է եղել հակակարկտային ձեռնարկություն, որը երկրի 16 շրջաններում ունեցել է 60 հրթիռահրետանային մարտկոցներ, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված են եղել 4–5 զենիթային հրանոթներ և մեկ հրթիռային կայանք՝ պաշտպանելով 1 մլն հա հողատարածք։ Կայանքների կիրառումն ապահովել է 90-95 տոկոս արդյունավետություն։

Այժմ կարկտաբեր ամպերի վրա ներգործելու նպատակով մեր մարզի Ողջի, Մեղրաշատ և այլ համայնքներում տեղակայված են հակակարկտային կայանքներ, սակայն գրեթե ամեն տարի Շիրակի մարզում գյուղացիները բողոքում են կարկտահարության հետևանքով իրենց բերքին հասցված վնասից և վերը նշված կայանքների անարդյունավետ աշխատանքից: Ինչպես իրենք են նշում. «Գյուղացին դառը դատում, դատարկ նստում է»:

Վերջերս կարկտահարությունից տուժեցին Շիրակի մարզի Քարաբերդ, Լանջիկ, Ձիթհանքով, Սառնաղբյուր և Բագրավան համայնքները:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայտարարեց, որ գյուղացիներին ամբողջական փոխհատուցման համար անհրաժեշտ է ապահովագրական համակարգ ներդնել:

Կարդացեք նաև

168.am-ը Շիրակի մարզպետարանից հետաքրքրվել է, թե Շիրակի մարզում  քանի՞ հակակարկտային կայանք կա, և որքա՞ն գումար է ծախսվել դրանք մեր մարզում տեղակայելու համար:

– Մարզում կա 87 հակակարկտային կայանք, որոնք ապահովում են շուրջ 13 հազար հա ցանքատարածություն: Դրանցից 24-ը տեղադրված են մարզի սահմանային մասում` առաջին գծում, և ապահովում են 25 կմ ճակատային հատված: Ըստ հակակարկտային կայանքների տեխնիկական տվյալների՝ դրանց արդյունավետությունը 70 տոկոս է, եթե ուժեղ քամիներ են, արդյունավետությունը նվազում է,- տեղեկացրեցին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Թե որքան գումար է ծախսվել հակակարկտային կայանքները տեղակայելու համար, մեզ ասացին, որ դրա վերաբերյալ տեղեկատվության չեն տիրապետում:

– Մենք չենք վերահսկում, ամեն համայնք իր ծրագրով է աշխատում, մի մասը պետությունն է տվել: Մեկ հակակարկտային կայանքի շուկայական արժեքն էլ տատանվում է 2-3 մլն դրամի սահմաններում, իսկ արտադրողը «Բարվա» ՍՊԸ-ն կամ «Լոկատր» ՓԲԸ-ն է:

Ըստ այս կառույցի, Շիրակի մարզում կարկտաբեր ամպերն հայտնաբերելու համար ռադիոլոկացիոն կայանք գոյություն չունի (մեր հանրապետությունում ռադիոլոկացիոն կայանքներ գոյություն ունեն միայն Աշտարակում և Դսեղում, իսկ լեռները խանգարում են, որպեսզի մեր մարզը Դսեղի ռադիոլոկացիոն կայանքի համար տեսանելի լինի.- Ա.Ս.):

Որքանո՞վ է հակակարկտային կայանքների գործունեությունն արդյունավետ: Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստացանք տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանից:

Վերջինս նախ նշեց, որ կարկտի դեմ պայքարելու երկու եղանակ կա, որոնցից մեկը  ցանցային մեթոդն է:

Ըստ բանախոսի, հակակարկտային կայանքները կարկուտը փշրելու նպատակով  մեթան կամ պրոպան են օգտագործում, իսկ ացետիլենի կիրառումն ավելի թանկ կարժենա, սակայն առավել արդյունավետ է, քանի որ դրա պայթյունի հզորությունն ավելի մեծ է, հետևաբար՝ կարկտի վրա առավել մեծ ազդեցություն կունենա:

«Երբ գյուղատնտեսության նախարարը Դավիթ Լոքյանն էր, ինքը գնաց և Արգենտինայից բերեց դրանք, կազմակերպեցին արտադրությունը: Թող հիմա բացատրի, թե ինչո՚՞ւ են հակակարկտային կայանքներն անորակ: Դրանց աշխատանքի սկզբունքը հետևյալն է՝ կրակելու արդյունքում ձայնային ալիքը հասնում է կարկտաբեր ամպին, ինչի շնորհիվ կարկուտը վերածվում է մանր կտորների: Հակակարկտային կայանքների կրակածը 2 կմ-ից ավելի չի բարձրանում, մինչդեռ ձայնային ալիքը մինչև 4-5 կմ  պետք է հասնի»,- նշեց Վ. Համազասպյանը:

Ըստ գիտնականի՝ Թալինում գտնվող «Բարվա» ինովացիոն կենտրոնի տնօրեն Արամ Վարդանյանը՝ նախկին «Տրանզիստր» ԱՄ-ի տնօրենը և Արդյունաբերողների միության նախագահը, շատ լավ պատկերացնում էր, թե ինչում է կայանում խնդիրը, սակայն, քանի որ պետք է արտադրեին և վաճառեին, տեխնիկայից հեռացան դեպի բիզնես:

Վ.Համազասպյանի խոսքով՝ ԽՍՀՄ տարիներին կարկուտը վերացնում էին հրետանային կրակոցի միջոցով. «Ղարաբաղյան պատերազմի տարիներին հրանոթներն հավաքեցին, տարան, հիմա թող տեխնոլոգիաները վերականգնեն, հրանոթները տեղադրեն՝ ավելի բարձր գտնվող ամպերի վրա կրակելու համար»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ այժմ ՀՀ իշխանություններն ուզում են հրթիռային կայանքներ ստեղծել.

«Մի փող ուտելու տեղ էլ դա կլինի, կոռուպցիայի պայմաններում հնարավոր չէ տեխնիկան նորմալ  աշխատեցնել»:

Վերջերս հակակարկտային կայանքների վերաբերյալ իր բացասական տեսակետն արտահայտեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պնդելով.

«Մեր ունեցած հակակարկտային համակարգը բուտաֆորիա է, որի էֆեկտը կրիտիկական դեպքերում տասը տոկոս է»:

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն էլ հետևյալ կարծիքն էր արտահայտել.

«Տասը տարուց ավելի է՝ պնդում ենք` հակակարկտային կայանքները բանի պետք չեն։ Այս խեղկատակությանը հարկավոր է վերջ տալ»։

Իր արտահայտած տեսակետի վերաբերյալ հիմնավորում ստանալու նպատակով  ցանկացանք զրուցել Հ. Բերբերյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգին ի պատասխան՝ նա նշեց, որ գտնվում է Եվրոպայում և այնտեղից կվերադառնա 10 օր հետո:

Հակառակ վերը նշված կարծիքների՝ Թալինում Շիրակի մարզի համար հակակարկտային կայանքներ արտադրող  «Բարվա» ՍՊԸ-ի կայքում նշված է, որ դրանք  բարձր արդյունավետություն ունեն, կենտրոնի մշակած և արտադրած «Զենիթ» հակակարկտային համակարգը 2015 թվականի ապրիլին ստացել է եվրոպական ստանդարտների CE սերտիֆիկատ:

Համաձայն barva.am-ի՝ հակակարկտային կայանքի աշխատանքի հիմքում ընկած է մթնոլորտի վրա ուղղահայաց տարածվող մեծ ուժգնության հարվածային ալիքների ազդեցության մեթոդը: Համաձայն այս մեթոդի՝ դեպի վեր ուղղորդված հարվածային ալիքների դաշտը ներազդում է կարկտաբեր ամպերի կառուցվածքի վրա, դրանով իսկ չեզոքացնելով կարկուտի առաջացման և հետագա հասունացման հնարավոր նախապայմանները և գոյացումները: Տեխնիկական տեսակետից վերը նշված մեթոդի իրականացումը կատարվում է հետևյալ կերպ: Անհրաժեշտ հզորությամբ և մինչև 300մ/վրկ արագություն ունեցող ձայնային ալիքների գեներացումը տեղի է ունենում «ակուստիկական թնդանոթում» բարձր էներգետիկ հատկանիշներ ունեցող գազի պարբերական պայթյունների հետևանքով:

Գազային նյութի և քանակի ճշգրիտ ընտրման դեպքում ակուստիկական թնդանոթն ապահովում է բավարար հզորություն` ներազդելու մինչև 10 կմ բարձրության հասնող կարկտաբեր ամպերի կառուցվածքի վրա: «Կրակոցներն» իրականացվում են 6-8 վայրկյանը մեկ անգամ: Արդյունքում՝ կանխարգելվում են կարկտի տեսքով տեղումները, այն վերափոխելով անձրևի, թաց ձյան կամ անվտանգ մանր սառցեհատիկների տեսքով տեղումների: Գազի հաջորդական պայթյունների հետևանքով գեներացվող հարվածային ալիքները դեպի երկինք են ուղղորդվում կոնաձև փողով: Որպես պայթուցիչ՝ օգտագործվում է ացետիլեն, պրոպիեն, պրոպան-բութանի հատուկ խառնուրդ և այլ գազեր:

– Մեր ընկերությունը 10 տարուց ավելի Հայաստանում և հարևան երկրներում արտադրել և տեղադրել է ավելի քան 500 հակակարկտային կայանք: Շիրակի մարզում կան 70-ից ավելի «Զենիթ» հակակարկտային կայանքներ, որոնց առաջին խմբաքանակը տեղադրվել է 2007 թվականին: Տարիներ շարունակ եղել են բավական բարձր, նորմալ արդյունքներ: Երբ կայանքները գործել են, եղել է 80-85 տոկոս արդյունավետություն: Բայց լինում են դեպքեր, երբ կարկտի մեծ կտորներ են ընկնում ներքև, դրա դեմ աշխարհում պաշտպանության ոչ մի միջոց չկա: Կայանքներն աշխատում են հարվածային ալիքների գեներացման սկզբունքի հիման վրա. գազի պայթյունից գեներացվում են հարվածային ալիքներ, որոնք բարձրանալով անհրաժեշտ բարձրություններ (մինչև 7-8 կմ), կանխում են կարկտի հատիկի գոյացումը, որի փոխարեն՝ թաց ձյուն կամ անձրև ենք ունենում:

Ինչ վերաբերում է  ացետիլենին, ապա այն շատ վտանգավոր, Հայաստանում գոյություն չունեցող և դժվարամատչելի գազ է: Բացի այդ, կան համայնքներ, որոնք նույնիսկ տարեկան մեկ անգամ լիցքավորման պրոպանի, բութանի 70000 դրամ գումարը չեն կարողանում վճարել: Մինչդեռ աշխարհում բազմաթիվ կայաններ պրոպանով են աշխատում,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Բարվա» ինովացիոն կենտրոնի փոխտնօրեն և տեխնիկական մենեջեր Արման Վարդանյանը:

Ինչ վերաբերում է ռադիոլոկացիոն կայանի անհրաժեշտությանը՝ զրուցակիցս համոզմունք հայտնեց, որ դրա միջոցով ամպերի տեղորոշումն ու պարունակությունը պետք է որոշվի, որպեսզի ժամանակին իմացվի՝ կարկտահատիկներով լի ամպ է ձևավորվում,  և կանխվի այդ գործընթացը:

«Շիրակի մարզում կա ռադարի խնդիր՝ ամպերի դիտարկումն իրականացվում է Դսեղից, որը չի ապահովում բավարար ճշտություն, քանի որ լեռնային տեղանք է: Եվրոպական երկրներում կան մատչելի, կարկտային ամպերի հայտնաբերման ռադարներ, որոնք համեմատած ռուսականի հետ՝ թանկ հաճույք չեն, սակայն մեր պետությունն առայժմ ֆինանսապես չի կարող իրեն թույլ տալ գնել դրանք»,- հավելեց Ա.Վարդանյանը:

«Լոկատր» ՓԲԸ-ի տնօրեն Արման Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Շիրակի մարզում անցած տարի են տեղադրել հակակարկտային կայանքները՝ թվով 8 հատ՝ Կարսում, Քեթիում, Բյուրակնում և Գեղանիստում:

– Ընդհանրապես համեմատած հրթիռների հետ՝ դրանց արդյունավետությունը բավական ցածր է: Հիմնական խնդիրն արագ, ժամանակին կրակելու մեջ է: Վերջին տարիներին տենդենց կա, որ գազի կրակոցների համար քիչ գազ են օգտագործում՝ 4 գրամ, ես վստահ ասում եմ, դրանով հնարավոր չէ ամպ ցրել: Պետք է բավական շատ գազ լինի, ուժեղ պայթյուն, որ տեղ հասնի էդ ամենը: Մեր կառավարման համակարգը կապված չէ հաղորդագրությունների հետ, այն ինտերնետով է կառավարվում: Մենք միշտ գիտենք՝ կայանքներն ինչ վիճակում են, մեջը գազ կա, չկա, կայանքը կարո՞ղ է կրակել, թե՞ ոչ, մարտկոցի ուժը հերիք է, հերիք չէ: Հետո մենք փոխել ենք այրման համակարգը: Ունենք հետադարձ կապ մեկ րոպեի ճշտությամբ, ու ամեն կրակոցից հետո կայանքից զեկուցում են՝ կրակել ենք այս ուժով:

Օնլայն ռեժիմով նաև կարելի է գազի քանակն ավելացնել: Ինչ վերաբերում է ացետիլենին, այն բավական թանկ գազ է, բայց պայթյունը մեկուկես անգամ ավելի հզոր է: ՀՀ-ում ացետիլենի արտադրության հարց կա: Օրինակ՝ 12 գրամ գազի փոխարեն՝ 8 գրամ ացետիլեն պետք է կրակես, բայց գնով ինքը մի քանի անգամ ավելի բարձր է: Մեր պարագայում, մեկ կրակոցը 5 դրամի շրջանակներում է: Ամպ ցրելու համար, եթե նորմալ չափով ամպ է, 200 կրակոցը լրիվ բավական է, եթե մի քանի կայանք իրար կողքի կանգնած կրակեն: Հակակարկտային կայանքների դեպքում հիմնական խնդիրը դրանց կառավարումն է: Բացի այդ, պետք է հետևել, որ դրանց մեջ գազ լինի, նորմալ լիցքավորված լինեն: Սրանք հարցեր են, որոնց լուրջ ուշադրություն չեն դարձնում՝ համարելով, որ կայանքը կա, ուրեմն՝ վերջ, ամեն ինչ նորմալ է,- նշեց Ա.Խաչատրյանը՝ ավելացնելով,-  Տեղադրումով և մեկ տարի սպասարկումով մեր արտադրած մեկ կայանքի արժեքը 2.5 մլն դրամ է՝ ներառյալ ԱԱՀ-ն:

Մեր զրուցակցի խոսքով՝ Շիրակի մարզում մի խնդիր կա՝ Արագածից հետադարձ ամպերը հնարավոր է, որ ռադիոլոկացիոն կայանքը չտեսնի, բայց հիմնականում Հայաստանը նորմալ երևում է.

«Մի խնդիր էլ կա՝ ռադիոլոկատրի տվյալները նայողը մարդ է, կրակելուց առաջ ինքն աչքով պետք է որոշի՝ էդ ամպը վնասակա՞ր է, թե՞ չէ: Մեկ էլ տեսար՝ որոշի, որ ամպը կարկտային չէ, ու չկրակի»:

«Լոկատր» ՓԲԸ-ի տնօրենին հարց ուղղեցինք՝ հնարավո՞ր է ստեղծել կառավարման ավտոմատացված համակարգ:

– Մենք առաջարկել էինք մեր ինտերֆեյսի վրա նույն ռադիոլոկացիոն կայանքի տվյալները բերել, հաշվարկել ամպի արագությունը, և, եթե ամպի գալուց 15 րոպե առաջ սկսես կրակել, այն չի անցնի էդտեղից: Իսկ եթե ամպը հասունացել է, ու կարկուտը պետք է թափվի, ուզում եք՝ հրթիռով կրակեք, ուզում եք՝ կողքը պայթացրեք, ուզում եք՝ մարդկանցով տակը սետկա պահեք, մեկ է՝ կարկուտը, ինչ կա-չկա, ջարդելու է: Պոտենցիալ վտանգավոր ամպերի դեպքում, երբ մենք սկսում ենք կրակել, առաջանում է կարկուտ, բայց էն ստադիայում, երբ գալիս է շատ մանր, բայց չի հասնում մինչև գետին՝ հալվում, դառնում է անձրև կամ ձյան փաթիլների պես է ընկնում:

Մեր զրուցակցի խոսքով՝ ցանցերը շատ լավ տեխնոլոգիա են, բայց Հայաստանի պարագայում, երբ քամիներ են առկա, դրանք կարող են պոկվել:

– Էդ ահավոր վնասակար է, որովհետև մարդը 5 տարի պետք է իր բերքը ծախի, որ դրա արժեքը հանի: Բացի այդ ցանցերն էլ են տարբեր արժեքներ ունենում: Ճիշտ տարբերակը հրթիռներն են, սակայն այս համակարգն այնքան ավտոմատացված պետք է լինի, որ մարդու գործոնը մեջը չլինի,- հավելեց Ա.Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է ացետիլենին, նշենք որ ԽՍՀՄ տարիներին ՀԽՍՀ-ում Կիրովի անվան քիմիական կոմբինատն է  արտադրել կալցիումի կարբիդ և ացետիլեն։

Քիմիկոս Հրաչիկ Միրզոյանի խոսքով՝ այդ գազն արտադրում են կալցիումի կարբիդից.

«Այն խիստ պայթուցիկ է: Մի ժամանակ ացետիլենը և կալցիումի կարբիդն են հանդիսացել «Նաիրիտի» միջանկյալ արտադրանքը: Այն ժամանակ ընդունված չէր ացետիլենը ճնշել և բալոններով օգտագործել»:

Ամփոփելով թեման, հիմնվելով վարչապետի արած հայտարարության վրա, հաշվի առնելով Շիրակի մարզի համար կայանքներից յուրաքանչյուրի ձեռքբերման միջին գումարի չափը՝ 2.5 մլն դրամ, ստացվում է, որ դրանց ձեռքբերման նպատակով ծախսվել է 217.500.000 դրամ կամ 451.244 ԱՄՆ դոլար գումար (դոլարի կուրսը պայմանականորեն ընդունենք 482), որի 10 տոկոսը. այսինքն՝ 45.124 դոլարն է ծառայել իր նպատակին, մնացած 406.120 դոլարն իր նպատակին չի ծառայել:

Նույնպիսի հաշվարկ կարելի է կատարել նաև ամբողջ հանրապետության մասշտաբով: Հաշվի առնելով, որ հակակարկտային կայանքների թիվը ՀՀ-ում  542-ն է, այս թիվը բազմապատկելով 3 մլն-ով (պայմանականորեն՝ մեկ հակակարկտային կայանքի արժեք)՝ կստանանք 1.626.000.000 դրամ գումար կամ 3.373.443 դոլար, որի 10 տոկոսը կկազմի 337.344 դոլար գումար: Ստացվում է՝ մնացած 3.036.099 դոլարը փոշիացվել է:

Սա առաջին դեպքը չէ, երբ պետական կամ համայնքային բյուջեից գումարներ են հատկացվում անարդյունավետ ծրագրերի իրականացման համար:

Հայտնի չէ, թե ով պետք է պատասխան տա այս ամենի համար:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս