Բաժիններ՝

«Մենք որոշել ենք նորից դուրս գալ բողոքի ակցիաների, էսպես էլ չենք կարողանում ապրել»

Անցած տարի Սարի թաղում տեղի ունեցան բախումներ Ոստիկանության և քաղաքացիների միջև, որի արդյունքում  կալանավորված է 10 քաղաքացի՝ 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջությանը և  կյանքին վտանգավոր բռնության ենթարկելու համար:

«Սարի թաղի բախումներից մեկ տարի անց. ի՞նչ փուլում են բնակիչների քրեական գործերը» թեմայով քննարկման ժամանակ այսօր Սարի թաղի կալանավորված բնակիչների փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ Սարի թաղի քաղաքացիների հետ տեղի ունեցած միջադեպը կրել է զուտ կենցաղային բնույթ. բնակչությունը ոչ թե դուրս էր եկել իր աջակցությունը հայտնելու տեղի ունեցող դեպքերին, այլ ուղղակի իր մտահոգությունը հայտնելու, որ երկու օր է՝ զրկված էին մինիմալ կենցաղային պայմաններից` հոսանքից, գազից, տրանպորտից, և ստիպված էին լինում նաև կիլոմետրերով  ճանապարհ անցնել, որ որևէ խանութ հասնեին:

«Մեկ տարի է՝ գործը հարուցված է և քննվում է: Դեռևս որևիցե մեկին հասկանալի չէ, թե այդ 10 անձինք կոնկրետ ինչ գործողությունների մեջ են մեղադրվում: 10 անձանցից բոլորին առաջադրված է մեղադրանք, որ նրանք մի խումբ անձանցով քարերով, ոտքերով,  ձեռքերով բռնություն են գործադրել, բայց յուրաքանչյուրի համար մեղադրանքը կոնկրետացված չէ: Մեղադրվողները չգիտեն, թե իրենց որ գործողությունն է բերել  այդ մեղադրանքին»,- նկատեց փաստաբանը:

Նա նշեց, որ տեսանյութում չի երևում, թե ով ինչ գործողություն է կատարել. «Մի կողմից՝ քաղաքացին ուզում է իրացնել իր բնական իրավունքը, իր կենցաղային հարցերը բարձրացնելու իրավունքը, և պետությունն այդ իրավունքն իրացնելու առումով քաղաքացիներին դրեց մի ծանր իրավիճակի մեջ. եթե դու քո իրավունքի համար ես ուզում ինչ-որ բան ստանալ, ես քեզ կպատժեմ, անորոշ կպատժեմ»:

Կարդացեք նաև

Պարոն Սիմոյանի խոսքով` կալանավորված տղաներին սպառնում է  5-10 տարվա ազատազրկում: Գործը 4 մասի է առանձնացված, 4 հոգու, 2 հոգու, 3 հոգու և 1 հոգու առանձին, իսկ դատական նիստերը տեղի են ունենում մեծ ընդհատումներով:

«3 խմբի դատավարությունը մեկ ամսով հետաձգված է, որովհետև դատավորը գնացել է արձակուրդ: Անձինք անորոշ կալանքի տակ են գտնվում, իսկ պետությունը չի ստեղծում այն արդյունավետ միջոցը, որ ողջամիտ ժամկետում տեղի ունենա գործի քննությունը»,- ասաց փաստաբանը:

Նրա կարծիքով` գործը միտումնավոր է կիսվել 4 մասի, որպեսզի ողջամտության սկզբունքը խախտվի: Փաստաբանը նշեց նաև, որ հարցաքննված անձանցից որևէ մեկը չի ճանաչում ամբաստանյալներին` որպես իրենց նկատմամբ բռնություն գործադրողների:

«Առկա են վճռաբեկ դատարանի բազմաթիվ դատական ակտեր, որոնք իրենց մեջ նշում են, որ նույնիսկ առանց մեղադրանքը կոնկրետացնելու՝ անձին չի կարող մեղադրանք առաջադրվել, ուր մնաց՝ խափանման միջոցը լինի կալանքը»,- հավելեց Լիպարիտ Սիմոնյանը:

Սարի թաղի կալանավորված բնակիչ Էդվարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բեռնեցյանը, նշեց, որ իր ամուսինն ունեցել է առողջական խնդիրներ և հիմա էլ ունի.

«Նա ունի սրտի և ողնաշարի խնդիր: Երեկ եմ տեսակցել նրան, ոչ տեսքն էր դուրս գալիս, ոչ հոգեկան վիճակը, իսկ քրեական գործի ընթացքից դժգոհ եմ, որովհետև, եթե ունենային բավարար կարգի ապացույցներ, մեկ տարվա մեջ կարող էին դատապարտվել կալանավորվածները, իսկ հիմա անորոշ վիճակում մարդիկ նստած են ու դրանից էլ կարող են հոգեպես ճնշվել»:

Իսկ Սարի թաղի կալանավորված բնակիչ Հրաչ Բոյաջյանի կինը` Նարինե Ղազարյանը, ասաց, որ երեկ տեղի է ունեցել ամուսնու դատը.

«Դատը նշանակում են ժամը 2-ին, կարող են մի քանի հոգի քննվել մինչև ժամը 6-ը, բայց երեկ մեկ վկա է քննվել, որից հետո դատը հետաձգվել է մինչև հուլիսի 25-ը, որից հետո մեկ ամիս էլ կհետաձգվի, որովհետև գնալու են արձակուրդ: Իրենց չի հետաքրքրում, թե կալանավորների հետ ի՞նչ կլինի: Կարևոր է իրենց համար, որ իրենք իրենց լավ զգան` չհասկանալով 10 ընտանիքների վիճակը»:

Ն. Ղազարյանը  նշեց, որ իրենք հոգեպես ծանր վիճակում են, կալանավորվածները՝ առավել ևս, որովհետև չգիտեն` ի՞նչ է լինելու իրենց հետ:

Լիպարիտ Սիմոնյանը հավելեց, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պայմանները վատ են, 8 տեղանոց խցում գտնվում են 10-12 հոգի, դա էլ է ազդում մեղադրյալների առողջական վիճակի վրա, և, քանի որ այնտեղ չի մատուցվում բժշկական օգնություն, քաղաքացիները ստիպված իրենց բժիշկներին են տանում-բերում:

Փաստաբանը նշեց, որ նմանատիպ գործերով, երբ առավել ևս՝ անորոշ մեղադրանք է, ոչինչ չի խանգարում պետությանը, որ մեղադրյալների նկատմամբ` որպես խափանման միջոց, գրավ  կիրառեն:

Հարցին, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել կալանավորված անձինք, փաստաբանը պատասխանեց, որ Ոստիկանության հետ կապված տեղի ունեցած միջադեպ տեսաձայնագրված է, և այնտեղ երևացող անձինք բոլորը կալանավորված են` անկախ նրանից՝ գործողություն կատարե՞լ են, թե՞ ոչ:

Անդրադառնալով կալանավորվածների ընտանիքների կողմից կազմակերպված նստացույցերին` տիկին Բեռնեցյանն ասաց, որ 4 քաղաքացու ընդունել է դատախազը.

«Իրենց պայմանը սա էր. երբ դատավարության վերջին փուլը կգա, և կալանավորվածները կընդունեն իրենց մեղքը, խափանման միջոցը` որպես կալանավորում չի կիրառվի, բայց ոչ մեկը չի պատրաստվում ընդունել իր մեղքը»:

Փաստաբան Սիմոնյանն էլ հավելեց, որ, եթե ինչ-որ մեկն ընդունի իր մեղքը, կասեն` տեսեք, ապացուցվեց մեղքը, ու եթե ինչ-որ մեկն ասի՝ ընդունում է, կնշանակի, որ անուղղակի մյուսներին է մեղադրում. «Սա խայծ է եղել»:

Լիպարիտ Սիմոնյանը նկատեց նաև, որ այդ դեպքից օրեր անց Սարի թաղում այլ միջադեպ էլ է տեղի ունեցել, որտեղ քաղաքացիներ են տուժել, բայց այդ գործով պետությունը ջանասիրություն չի գործադրել մեղադրանք առաջադրելու. «Դա էլ պատժի երկրորդ մասն էր. Հա՛մ կդատենք, հա՛մ կպատժենք»:

«Մենք որոշել ենք նորից դուրս գալ բողոքի ակցիաների, էսպես էլ չենք կարողանում ապրել: Մենք ամեն տեղ նստացույց ենք արել, ուղղակի իրենց հետաքրքիր չենք: Եղել է, որ ձմռանն էլ կանգնել ենք, ու դրա հետևանքով տատիկները, մայրերը լուրջ հիվանդություններ են ստացել: Գոնե մի փոքր խիղճ ունենան, խղճան թե՛ մեզ, թե՛ երեխաներին: Առաջինը երեխաներն են տուժում, հետո՝ մենք»,- ասաց Սարի թաղի կալանավորված բնակիչ Հրաչ Բոյաջյանի կինը` Նարինե Ղազարյանը:

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս