Բաժիններ՝

«Եթե Հայաստանում արդարադատություն գործեր, համոզված եմ, որ «Սասնա ծռերի» ապստամբությունը չէր լինի». Ավետիք Իշխանյան

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքով՝ Հայաստանում քաղբանտարկյալները եղել են «սեզոնային». մեծ մասամբ նրանք հայտնվել են քաղաքական ճգնաժամերի արդյունքում, հատկապես՝ հետընտրական շրջանում՝ նախագահական, խորհրդարանական ընտրություններից հետո: Իսկ 2013-ից, ըստ բանախոսի՝ մենք արդեն ունենում ենք պերմանենտ քաղաքական բանտարկյալներ, որոնք կախված չեն քաղաքական ճգնաժամերից, կամ էլ մենք պերմանենտ քաղաքական ճգնաժամի մեջ ենք։

«Շանթ Հարությունյանի և իր ընկերների ցույցը, որն ընդհատվեց, քաղաքակիրթ իրավական պետությունում կարող էր ավարտվել ընդամենը վարչական տուգանքով կամ պայմանական քրեական ազատազրկմամբ, բայց ոչ՝ մինչև 8 տարի։ Այս անհամաչափ վերաբերմունքը  բացարձակապես չի համապատասխանում այն ամենին, ինչ այնտեղ եղավ։ Դրանից հետո երբ տեղի ունեցան «Էլեկտրիկ Երևանի» բռնությունները ցուցարարների և լրագրողների նկատմամբ, ոստիկաններից որևէ մեկը չպատժվեց:

Ավելին ասեմ՝ հայտնի տեսանյութ կա, երբ ոստիկանը ապտակում է  մեծահասակ մի տղամարդու, ըստ լուրերի՝ նա հեռացվել է ոստիկանական համակարգից, բայց պարզ չէ, թե հետո որտե՞ղ է նորից աշխատանքի ընդունվել։ 8-ից ավելի տարիներ Շանթ Հարությունյանը և իր ընկերները նստած են, և, ահա, ապտակող ոստիկանները, բռնություններ կատարողները, խոշտագողներն ազատ են»,- ասաց պարոն Իշխանյանը։

Նա հիշեց դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարը՝ նշելով, որ, ամեն դեպքում, ողբերգություն էր եղել, ասաց. «Նրան դատապարտեցին, և խափանման միջոցն էլ հենց սկզբից եղավ կալանքը։ Համեմատություն անեմ՝ այս ամսվա ընթացքում Հրազդանի քաղաքապետի որդին նրա ծառայողական մեքենան վարելիս մարդ է գցել մեքենայի տակ, և այդ մարդը զոհվել է. այստեղ ոչ միայն հանցագործություն կա, այլ նաև կա կոռուպցիա, որովհետև ծառայողական մեքենան օգտագործվել է որդու կողմից։ Խափանման միջոցը՝ ազատ արձակված է ստորագրությամբ։ Իսկ ինչո՞ւ Վարդան Պետրոսյանը պատժվեց, որովհետև սուր քննադատում էր իշխանություններին»։

Բանախոսը Գևորգ Սաֆարյանին որակեց՝ որպես խղճի բանտարկյալ. «Զրո տեղից մարդը նստած է, բայց ասում են՝ բռնություն է կիրառել»։

Ա. Իշխանյանը, խոսելով դատարանի ներսում «Սասնա ծռերի» անդամների՝ բռնության ենթարկվելու մասին, ասաց, որ չգիտի էլ՝ համաշխարհային  պատմության մեջ այդպիսի դեպքեր եղե՞լ են, թե՞ ոչ, իսկ դատարանի նախագահը, ըստ նրա՝ եթե պատիվ ունենար, պետք է հրաժարական տար։

Բանախոսի համոզմամբ՝ Ժիրայր Սէֆիլյանի և Սամվել Բաբայանի գործերը «սարքված» են, նա նկատեց, որ նմանատիպ իրավիճակ էր 1937 թ., երբ ցանկացածի գլխին կարող էին «գործ սարքել»։

«Եթե Հայաստանում արդարադատություն գործեր, լիներ իրավական պետություն, անկախ դատական իշխանություն, համոզված եմ, որ «Սասնա ծռերի» ապստամբությունը չէր լինի»,- նկատեց Ավետիք Իշխանյանը։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս