Բաժիններ՝

«Հունիսի 28-ին ՀՀ-ում ոտնատակ տրվեց արդարադատությունը և դատական իշխանությունը». Արթուր Սաքունց

Այսօր տեղի ունեցած «Համակարգային անպատժելիությունը՝ որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» խորագրով հանրային քննարկման ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, խոսելով «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալների նկատմամբ հունիսի 28-ի կիրառված բռնությունների մասին, նշեց, որ դատարանը և նիստը նախագահող դատարանը չի արձագանքում դատարանի շենքում, որն արդարադատության խորհրդանիշն է, տեղի ունեցող այդ ամենին, և բացարձակապես որևէ արձագանք, գնահատական, վերաբերմունք չկա.

«Հանրության աչքում, իմ աչքում՝ որպես ՀՀ քաղաքացի, դատական իշխանության նկատմամբ առանց այն էլ ցածր վստահությունը վերափոխվում է ընդհանրապես բոլորովին այլ բնույթի՝ ես այդ շենքը մտնեմ, որ ի՞նչ անեմ»։

Ըստ Սաքունցի՝ արդեն գործում է նաև բռնության ենթարկվելու հավանականությունը. «Ես դատարանի շենքում, որտեղ պետք է գնամ, դիմեմ իմ խախտված իրավունքը վերականգնելու հարցով, կարող եմ բռնության ենթարկվել։ Փաստաբանները ենթարկվում են ճնշման, և սա ինձ՝ ՀՀ քաղաքացուս, զրկում է արդարադատությունից, և զրկողների նկատմամբ դատական իշխանության ինքնակառավարման մարմինը որևէ արձագանք չունի։ Այսինքն՝ ինքը միացել է դատական իշխանությունը ոչնչացնողներին կամ բարոյազրկողներին»։

Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ այս երևույթի գնահատականը պետք է ստանալ հենց դատական իշխանության կողմից։

«Այս գործողությունները մեծ հարված են հասցնում դատարան դիմելու իմ վստահությանը։ Հունիսի 28-ին ՀՀ-ում ոտնատակ տրվեց արդարադատությունը և դատական իշխանությունը, ո՞ւմ կողմից՝ ոստիկանական այդ խմբի կողմից։ Դա պատժիչ գործողություն էր ոչ թե «Սասնա ծռեր» խմբի նկատմամբ, այլ և՛ դատական իշխանության, և՛ հանրության»,- նկատեց բանախոսը։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս