Ինքնահռչակ հանրապետությունները Դոնեցկում հայտարարել են Մալոռոսիա պետության ստեղծման մասին
Ինքնահռչակ հանրապետությունները հայտարարել են միավորման և նոր պետության ստեղծման մասին: Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների (ԴԺՀ եւ ԼԺՀ), ինչպես նաեւ Ուկրաինայի 19 տարածաշրջանների ներկայացուցիչները հուլիսի 18-ին հայտարարել են Մալոռոսիա պետության ստեղծման մասին:
Նոր պետության կազմավորման մասին սահմանադրական ակտը Դոնեցկում ընթերցել է ԴԺՀ-ի նախարարների խորհրդի փոխնախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տիմոֆեեւը, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:
«Մենք՝ Ուկրաինայի նախկին տարածաշրջանների ներկայացուցիչներս, հայտարարում ենք նոր պետության ստեղծման մասին, որն Ուկրաինայի իրավահաջորդն է: Մենք համաձայն ենք, որ նոր պետությունը կոչվի Մալոռոսիա, քանի որ Ուկրաինա անվանումը վարկաբեկել է իրեն»,- ասված է սահմանադրական ակտում:
Ավելի վաղ ԴԺՀ-ի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հավաքվածներին ընթերցել է քաղաքական հռչակագիրը, որտեղ հիմնավորված է Մալոռոսիայի ստեղծման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ նոր ֆեդերալ պետության ստեղծումը կոչված է «կանգնեցնելու քաղաքացիական պատերազմը եւ խուսափելու նոր զոհերից»:
Հավաքվածները միաձայն հավանություն են տվել երկու փաստաթղթերին: Դոնբասի ներկայացուցիչների հետ մեկտեղ, իրենց հավանությունն են հայտնել Խարկովի, Նոկոլաեւի, Օդեսայի, Սումիի, Պոլտավայի, Չեռնիգովի, Ռովնոյի, Վոլինի, Տեռնոպոլի, Իվանո Ֆրանկովսկի, Լվովի եւ Կիեւի մարզերի, ինչպես նաեւ Կիեւի ներկայացուցիչները:
Մլոռոսիայի սահմանադրական ակտի համաձայն՝ նոր պետության մայրաքաղաք պետք է դառնա Դոնեցկը, մինչդեռ Կիեւը կպահպանի պատմամշակութային կենտրոնի կարգավիճակը, հաղորդել է Դոնեցկի նորությունների գործակալությունը:
Մալոռոսիայի դրոշ կդառնա Բոգդան Խմելնիցկու դրոշը: Սահմանադրությունը սկզբնական տարբերակով կընդունվի Սահմանադրական ժողովի կողմից, այնուհետեւ այն կդրվի համաժողովրդական հանրաքվեի: Դրանից առաջ տեղի կունենա հասարակական լայն բանավեճ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ֆեդերալ մակարդակներով: