Անկարայում ձերբակալություններ կիրականացվեն ՆԳՆ նախկին և ներկա աշխատակիցների շրջանում
Անկարայի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում որոշում է կայացրել ներքին գործերի նախարարության նախկին և ներկա 40 աշխատակցի ձերբակալելու մասին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հաղորդվում է, որ կասկածյալները ByLock հավելվածի օգտատերեր են:
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը վերծանել էր ByLock հավելվածը, որի օգնությամբ ենթադրվում է, որ գյուլենական շարժման անդամները շփվել են միմյանց հետ: Ըստ թուրքական հետախուզական ծառայության տվյալների` ծրագրի միջոցով հաստատվել է Գյուլենի ավելի քան 53 հազար կողմնակցի ինքնություն:
Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:
Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը: