Բաժիններ՝

«Սոցիալական ծառայությունների առցանց մատուցումը մեր ռազմավարական նպատականերից մեկն է». Արտակ Ղազարյան

Սոցիալական ապահովության պետական ծառայության հիմնական գործառույթը ազգաբնակչության զգալի հատվածին  բոլոր տեսակի կենսաթոշակների, մի շարք նպաստների, այդ թվում՝ երեխայի ծննդյան միանվագ, մինչև երկու տարեկան երեխաների խնամքի, մայրության,  հղիության և ծննդաբերության և այլ նպաստների նշանակումն ու վճարումն է:

Ծառայության գործունեության ոլորտի վերջին բարեփոխումների մասին օրերս Հանրային ռադիոյի «Ձեր փաստաբանը»  հաղորդման շրջանակներում  խոսել է  Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արտակ Ղազարյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամենախոշոր կառույցներից մեկին` սոցիալական ապահովության պետական ծառայությանը հատկացվում է  սոցիալական պաշտպանության ոլորտին պետբյուջեից տրվող 29% գումարի 75 %-ը:

«Մեր հիմնական նպատակը  բոլոր տեսակի վճարումների կենտրոնացումն էլ Ծառայությունում, քանի որ մեզ մոտ կան  համակարգեր, որոնք թույլ են տալիս համապատասխան և  ժամանակակից մեթոդներով կառավարել պետական բյուջեի միջոցները և ապահովել, որպեսզի վճարումները հասնեն հասցեատերերին: Մեր հիմնական նպատակներից  մյուսը կոռուպցիայի վերացումն է, որը նախկինում մեծ չափերի էր հասնում համակարգում: Մենք այսօր տարբեր տեղեկատվական  բազաներ ինտեգրելով, համակարգեր ստեղծելով պատերազմ ենք հայտարարել կոռուպցիայի դեմ»,- շեշտել է ծառայության պետը:

Խոսելով վերջին շրջանում ոլորտում իրականացված բարեփոխումների մասին՝  բանախոսն ընդգծել է ընտանիքում ծնված առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստը առցանց դիմումով տրամադրելու հնարավորության մասին, որը թույլ է տալիս  առցանց/online դիմումով epension.am կայքի միջոցով  10 օրվա ընթացքում ստանալ գումարը:

«Այլևս փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտություն չկա, պետք է միայն ներկայացնել առցանց դիմում, քանի որ մենք ներքին խողովակներով ստանում ենք  ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը քաղաքացու տվյալների մասին: Այս բարեփոխումը մի կողմից հեշտացրել է  քաղաքացիների կյանքը, ովքեր առանց տանից դուրս գալու դիմում են նպաստի համար, մյուս կողմից՝ նվազեցրել է  քաղաքացի-պաշտոնյա շփումը՝  բացառելով կոռուպցիոն որևէ դրսևորում: Առցանց ծառայությունների մատուցումը մեր ռազմավարական նպատակներից մեկն է: Ներկայումս աշխատում ենք՝ 3-րդ և 4-րդ երեխանների  ծննդյան միանվագ նպաստի տրամադրումը  ևս դարձնել առցանց»,- նշեց Արտակ Ղազարյանը:

Խոսելով ոլորտում առկա խնդիրներից՝ բանախոսը անդրադարձել է  Աշխատանքային ստաժների հարցին, որը  կենսաթոշակային համակարգի հիմնական խնդիրներից  է. «Սա այն հիմնական տեղն է, որտեղ կոռուպցիոն ռիսկ դեռ կա, խոսքը կեղծ ստաժների մասին է: Մենք իրականացնում ենք մեծածավալ աշխատանքներ արդեն առկա ստաժների թվայնացման և գույքագրման մասով, որի գործարկումը թույլ կտա լուծել այդ խնդիրը արմատապես:

Սրան զուգահեռ՝ կարծում եմ, տեղյակ եք, որ 2017թ. հունվարի 1-ից գործածությունից դուրս են եկել աշխատանքային գրքույկները, Ծառայությունում առաջիկայում ներդրվող նոր համակարգի միջոցով կթվայնացվեն նաև աշխատանքային գրքույկները, որը մեզ հնարավորություն կտա հետագայում կենսաթոշակի նշանակումը նույնպես կազմակերպել առցանց»,-ասել է Ծառայության պետը:

Հաջորդ կարևոր փոփոխությունը ոլորտում կապված է  կենսաթոշակների նշանակման  համար մի շարք տեղեկանքների ներկայացման հետ: Այս փոփոխության շնորհիվ  քաղաքացին այլևս ստիպված չի լինի գնալ Ազգային արխիվ ստաժը հաստատող տեղեկանքներ վերցնելու:  Ծառայությունը  համակարգ է ստեղծել Ազգային արխիվի հետ և այս միջոցով ստանում է համապատասխան տեղեկանքներն ըստ անհրաժեշտության:

«Մեկ այլ փոփոխությունով մենք ներդրել ենք տեղեկանքների տրամադրման պարզեցված համակարգ: Խոսքը վերաբերվում է կենսաթոշակառու չլինելու, կենսաթոշակառու լինելու և/կամ կենսաթոշակի չափի մասին տեղեկանքներին, որոնք եթե նախկինում տրվում էին  5-7 աշխատանքային օրվա ընթացքում, ապա  այժմ՝ 15 րոպեում: Ներկայումս բանակցություններ ենք վարում Արտաքին գործերի նախարարության հետ, որպեսզի արտերկրում ապրող մեր քաղաքացիների համար ևս այս համակարգը աշխատեցնենք»,- կարևորեց  բանախոսը:

Ի թիվ այլ  բարեփոխումների՝  Ծառայության պետը  հատուկ առանձնացրեց նաև քաղաքացիների սոցիալական իրավունքի իրացման ևս մեկ մատչելի մոտեցում՝ 2017թ. հունվարից սկսած քաղաքացիները, անկախ իրենց հաշվառման վայրից, կենսաթոշակներին, երեխային ծննդյան, խնամքի նպաստներին վերաբերող հարցերով կարող են  դիմել սոցիալական ապահովության պետական ծառայության ցանկացած տարածքային բաժին:

ՍՈՖԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս