Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակման դեպքը չի ազդել Հայաստանից Եգիպտոս զբոսաշրջային հոսքի վրա

Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակման դեպքը չի ազդել Հայաստանից դեպի Եգիպտոս զբոսաշրջային հոսքի վրա: Տուրիստական ընկերություններից «Արմենպրես»ին  փոխանցեցին, որ այդ դեպքից հետո որևէ խնդիր չի առաջացել:

«Որևէ մեկը չի զանգահարել, չի հարցրել այնտեղ տիրող իրավիճակի մասին: Որևէ դեպք չունենք, որ ցանկություն հայտնեն փաթեթը հետ վերադարձնել: Ավելին, շարունակում ենք դեպի Հուրգադա, Շարմ էլ Շեյխ ուղղություններով փաթեթ վաճառել: Այնքան պահանջված է, որ նույնիսկ կոնկրետ օրերի համար այլևս ինքնաթիռի տոմս չկա: Շատերը զանգահարում են այն հույսով, որ որևէ մեկն իր գնած տոմսը հետ կվերադարձնի և իրենք կգնեն»,-ասաց երևանյան տուրիստական ընկերություններից մեկի աշխատակիցը:

Հայ զբոսաշրջիկների շրջանում նման պահանջարկը պայմանավորված է ուղիղ չվերթի առկայությամբ, գների մատչելիությամբ: Տուրիստական ընկերություններից փոխանցեցին, որ այս տարի Եգիպտոսին զուգահեռ հայ զբոսաշրջիկները շատ են սկսել հետաքրքրվել դեպի Թուրքիա ուղղությունով:

«Եթե նախորդ տարի ընդհանրապես Թուրքիայում հանգստանալու մասին հարցնող չունեինք, ապա այս տարի հետաքրքրվողները շատ են: Ինչ վերաբերում է գներին, ապա ասեմ, որ նախորդ տարի ավելի էժան էր, քան այս տարի»,-փոխանցեցին տուրիստական ընկերությունից:

Թե ինչով է պայմանավորված նման ակտիվությունը տուրիստական ընկերություններից միանշանակ դժվարացան պատասխանել, սակայն նշեցին, որ այս տարի որոշ եվրոպական ուղղություններով վիզա ստանալու գործընթացը փոքր-ինչ բարդացել է: Եվ որպեսզի վիզային քաշքշուկների մեջ չընկնեն, շատերը նախընտրում են այնպիսի երկրներ, որտեղ մուտքն ավելի դյուրացված է:

Ինչ վերաբերում է այս տարվա պահանջված այլ ուղղություններին, ապա հայ զբոսաշրջիկների զգալի մասը շարունակում է նախընտրել Վրաստանը: Պահանջված ուղղություններից է Հունաստանը, Իսպանիան, Իտալիան, Կիպրոսը, Բուլղարիան:

Հիշեցնենք, որ Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում հուլիսի 14-ին անհայտ անձի կողմից սառը զենքով հարձակվելու հետևանքով զոհվել է Գերմանիայի երկու քաղաքացի: Չորս մարդ՝ երկու հայ, մեկ ռուս և մեկ չեխ, ստացել է մարմնական վնասվածք: Հարձակվողին՝ 28-ամյա Աբդել Ռահման Շաաբանին ձերբակալել են: Տուժած ՀՀ քաղաքացիները կանայք են: Նրանք հատուկ չվերթով տեղափոխվել են Կահիրեի լավագույն հիվանդանոցներից մեկը՝ առավել որակյալ բուժօգնություն ստանալու համար:

Տեսանյութեր

Լրահոս