Ֆիլմի դերը դեռահասի անձի զարգացման և սոցիալականացման փուլում

Դեռահասությունն անձի զարգացման այն հիմնական փուլն է, որի ժամանակ մարդ հաղթահարում է մանկությունը՝ անցնելով հասուն կյանքի: Հասուն կյանքը պարտականությունների, գիտակցված քայլերի, դրանց հետևանքների հետ բախվելու, հուզական դրսևորումները կառավարելու, կամային քայլեր կատարելու և կյանքն այլ տեսանկյունից ընկալելու ունակություն է: Իսկ մեր օրերում դաստիարակող և հասուն կյանքի օրինակներ հրամցնող աղբյուրներից մեկը ֆիլմերն են: Դրանք առավել նույնականացվող բնույթ են կրում, երբ հրամցվում են ոչ թե՝ գեղարվեստական ժանրում, այլ՝ սերիալային, քանի որ սերիալները մեր առօրյայից վերցված հատվածներ են, որոնք խաղարկվում են դերասանների կողմից, և, ցավոք սրտի, ընկալվում են՝ որպես բացարձակ իրականություն՝ ազդելով նոր սերնդի անձի սոցիալականացման որակի վրա:

Մինչ անդրադառնալը դեռահասի սոցիալականացմանը և այդ փուլում ֆիլմերի կարևոր դերակատարությանը՝  խոսենք մշակութային փոփոխությունների, զարգացման և դրա արդյունքում շարժական նկարների միջոցով տեղեկատվություն փոխանցելու անհրաժեշտության ստեղծման մասին:

Մշակութային զարգացում, ժամանակաշրջանի պահանջ, ֆիլմի ստեղծում, դեռահասի սոցիալականացում

Սրանք բառեր են, որոնք մեր  այս հրապարակման մեջ ունեն ուղիղ պատճառահետևանքային կապ: Կփորձեմ հերթականությամբ ներկայացնել այդ կապերի տրամաբանությունը և մտահոգիչ արդիականությունը:  Ինչպես գիտենք, երկար տարիների ընթացքում մարդիկ նորանոր հնարներ են ստեղծում սեփական ներաշխարհը կողքից դիտելու, սեփական վարքի պատճառներն ու դրդապատճառները հասկանալու և վերլուծելու համար: Այս դեպքում մարդու գիտակցության համար առավել ընդունելին և ընկալելին՝ բնությունից զատ, հանդիսանում է հասարակության գործունեության արդյունքում սաղմնավորված, հետագայում սնուցող և բնութագրող դեր ձեռք բերած մշակույթը` իր տարաբնույթ ճյուղերով հանդերձ: Մշակույթն ու արվեստն արժանի այլընտրանք  են անհատի ինքնաճանաչմանն ու ինքնազարգացմանն ուղղված հոգեբանական գործունեություններում: Այդ ճյուղերից մեկը ֆիլմն է:

Մեր օրերում կյանքը հեղեղված և պլանավորված է հեռուստատեսության գոյությամբ: Այն ներկայացնում է տարբեր հաղորդումներ, ֆիլմեր, որոնք տիպիկ սոցիալական դերերի կլոններ են և աղճատում են նոր կյանք մտնող և դեռ չհասունացած սոցիալական կողմնորոշման տեր դեռահասի պատկերացումները: Դրանք բթացնում են ինքնաբուխ ներքին բովանդակության ներկայացման մեխանիզմները` հրամցնելով կյանքի պատրաստի, սակայն խորթ մոդելներ, որոնք հետագայում դառնում են ավելի  հարազատ, քան ներքինը և սեփականը: Այն ժամանակահատվածը, որում մենք ենք ապրում՝ լեցուն լինելով հեռուստատեսային և վիրտուալ աշխարհի կողմից մատուցվող տեղեկատվությամբ, բազմաբովանդակ ճանաչողական գործառույթներ և կենսափորձի հմտություններ է հրամցնում հասարակությանը, որը, հիմնականում հասարակական ինստիտուտների նորմերին և կանոններին համապատասխան դաստիարակության հետ մեկտեղ, մարդուն նաև կրթում և դարձնում է տեսողական տեղեկատվության կրողը:

Իսկ այդ ամենի բաղկացուցիչ մասն է կազմում և տեղեկատվափոխանցիչ դեր է իրականացնում ֆիլմը: Հասարակության հիմնական խոցելի մասը, որի վրա մեծ արդյունավետությամբ ազդում է տեսողական տեղեկատվության յուրաքանչյուր միջոց, հանդիսանում են 13-17 տարեկան երեխաները:

Տարբեր գրական աղբյուրներում (Օ.Բ. Խուխլաևա, Գ.Ս Աբրահամովա, Վ.Ս Մուխինա) տարբեր կերպ են անվանում այս տարիքային սահմանը, սակայն հիմնական բնութագրական և գիտական բովանդակությունը համալրվում է «ավագ դպրոցական» կամ «դեռահաս» անվանումներում: Այս տարիքում է ընկալունակությունը և նորի փնտրողականությունը շատ վառ արտահայտված և հանդիսանում է նրանց հիմնական հետաքրքրությունների դրսևորման դրդապատճառ:

Այս ամենի, ինչպես նաև՝ գիտական մեկնաբանությունների հիմքում ընկած է անձի սոցիալականացումը, որը սկսվում է ծննդյան պահից և իր մեջ ներառում է սոցիալական տարբեր փուլային համակարգեր` ընտանիք, մանկապարտեզ, դպրոց, տարիքային խմբակներ, համալսարան և այլ հասարակական ու կրթական համալիրներ: Անձի հիմնական զարգացման բովանդակությունը և գիտակցումն իրականանում է դեռահասության տարիքում, քանի որ այս տարիքը հանդիսանում է սահմանային: Իրականանում է անցում մանկական անհոգությունից՝ դեպի  հասունություն խորհրդանշող  պատասխանատվություն և ինքնուրույնություն:

Սիրելի՛ ծնողներ, դեռահասների սոցիալականացման հիմքը հիմնականում, բացի ընտանեկան  դաստիարակությունից, տեսողական տեղեկատվական  համակարգն է: Եվ անժխտելի հանգամանք է  ֆիլմերի ազդեցության արդիականությունը դեռահասի սոցիալականացման  վրա: Քանի որ նման տեղեկատվությունն անհնար է կառավարել, քանի որ այն ունի համահասարակական բնույթ, փորձեք կիրառել ձեր կառավարման և իրավունքների սահմաններում ունեցած  ամենահզոր զենքը՝ ծնողական խոսքը, որն ամենալավ բալասանն է Ձեր երեխայի զարգացման և արժանի քաղաքացի դաստիարակվելու համար:

Բայց հիշեք մի կարևոր բան. յուրաքանչյուր խոսք պետք է երեխային ներշնչի հասկացվածության, լիարժեքության և ընտրության իրավունքի զգացողություն, դրանք են, որ խթանում են անհատի ինքնաիրականացումը և անձին դրդում ինքնահաստատվել և տեսողական յուրաքանչյուր տեղեկատվություն ընդունել՝ որպես գիտելիք, այլ ոչ թե՝ կրկնօրինակելու նյութ:

Տեսանյութեր

Լրահոս