Տոկիոն կարծում է, որ Սեուլի և Փենյանի բանակցությունները չեն հակասում ԿԺԴՀ-ի վրա ճնշման քաղաքականությանը
Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տալիս երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններ վարելու՝ Հարավային Կորեայի առաջարկությանը եւ կարծում է, որ դրանք չեն հակասում Փենյանի վրա ճնշման ուժեղացման քաղաքականությանը: Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան։
Նրա խոսքով՝ Սեուլի այդ առաջարկությունը «չի հակասում Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ղեկավարների՝ վերջերս կայացած հանդիպմանն ընդունված համատեղ հայտարարությանը, որտեղ նշվել է, որ կողմերը մտադիր են գործադրել բոլոր ջանքերը՝ Կորեական թերակղզու միջուկազերծման եւ Հյուսիսային Կորեային բանակցությունների վերադարձման նպատակով»:
Հուլիսի 17-ին Հարավային Կորեան ԿԺԴՀ-ին առաջարկել է հուլիսի 21-ին Փանմունջոմ սահմանային կետում բանակցություններ վարել պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Կորեական թերակղզում լարվածության նվազեցման ուղիների քննարկման նպատակով: Նաեւ հարավկորեական կողմը հանդես է եկել օգոստոսի 1-ին նույն վայրում Կարմիր խաչի գծով կոնսուլտացիաներ կազմակերպելու առաջարկությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: